Հայեցակարգում ներկայացված են Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության media.am կայքի նպատակները, խնդիրները, աշխատանքի սկզբունքները եւ մեխանիզմները:
Ի՞նչ է media.am-ը
Media.am մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության նախագիծն է: Media.am-ը հարթակ է, որը ներկայացնում է հայաստանյան մեդիա դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, զարգացումները, փորձում է խթանել մեդիայի որակի մասին պրոֆեսիոնալ քննարկումները եւ նպատակ ունի նպաստել մեդիա դաշտի զարգացմանն ընդհանրապես:
Media.am-ը ներկայացնում է մեդիա դաշտի նորությունները, իրադարձությունները, hետեւում է, թե ինչպես է մեդիան լուսաբանում հասարակական հնչեղություն ունեցող թեմաները, ինչպես են լրագրողներն աշխատում թեժ կետերում, արտակարգ իրավիճակներում, ընտրությունների ժամանակ, ինչ սխալներ են թույլ տալիս իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս եւ ինչ հաջողություններ են գրանցում:
Մենք աշխատում ենք ներկայացնել ինֆորմացիայի արտադրման ու սպառման մեխանիզմները, մեդիա ինդուստրիայում գործող գրված ու չգրված օրենքները, միջազգային փորձի օրինակները, մեդիա գործիքների տրանսֆորմացիաները եւ խոսակցություն վարել հայաստանյան մեդիայի այսօրվա վիճակի, խնդիրների, մարտահրավերների, փոփոխությունների, հաջողությունների, զարգացումների եւ միտումների մասին՝ մեդիայում հեղինակություն եւ ազդեցություն ունեցող մարդկանց հետ հարցազրույցների, վերլուծությունների եւ քննադատությունների միջոցով:
Media.am-ն իր առջեւ նպատակ է դրել նաեւ զարգացնելու մեդիա գրագիտությունը՝ մեդիա սպառողներին ներկայացնելով մեդիա դաշտի գրված եւ չգրված օրենքները, աշխատանքային սկզբունքները եւ մեդիա մանիպուլյացիայի մեխանիզմները:
Մենք կարծում ենք, որ զանգվածային ինֆորմացիա արտադրողները պետք է օգնեն ինֆորմացիա սպառողին (հեռուստադիտողին, ռադիոունկնդրին կամ ընթերցողին) քննադատաբար մոտենալ արտադրանքին, տարբերակել հավաստի ու չմիջնորդավորված ինֆորմացիան մանիպուլյացիոն մեխանիզմներով մշակված ինֆորմացիայից:
Մեր կայքը բաց մասնագիտական հարթակ է մեդիա դաշտի աշխատողների համար՝ ծանոթանալու Հայաստանում եւ արտերկրում սեմինարների եւ դասընթացների միջոցով մասնագիտական առաջխաղացման եւ վերապատրաստման հնարավորություններին, ինչպես նաեւ իրենց ասելիքն արտահայտելու, գործընկերների կարծիքներին ծանոթանալու, նրանց քննադատությունն իրենց հետագա աշխատանքում հաշվի առնելու համար:
Զանգվածային տեղեկատվության տարածման սրընթաց տեմպերը երբեմն թույլ չեն տալիս լրատվամիջոցներին սթափ գնահատել սեփական աշխատանքի որակը։ Մենք հույս ունենք, որ media.am-ի աշխատանքի շնորհիվ լրատվամիջոցները, լրագրողները շունչ քաշելու, իրենց աշխատանքը քննադատական հայացքով գնահատելու, բացթողումները նկատելու, հաջողությունների հիմքերը ամրապնդելու հնարավորություն կունենան:
Ինչպես ենք մենք աշխատում
Մենք անդրադառնում ենք լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքին, մեդիա ինդուստրիայի նորություններին, զարգացումներին եւ թրենդերին, վերլուծում ենք հայաստանյան մեդիա դաշտը՝ փորձելով խթանել, ակտիվացնել, զարգացնել մեդիա ոլորտի խնդիրների, հաջողությունների, անելիքների, ուղղվածությունների մասին քննարկումները: Media.am-ը մեդիայի մասին զրույցները վարում է ոչ միայն օնլայն՝ կայքի միջոցով, այլեւ ամիսը մեկ անգամ «Լրադադար» մեդիա ակումբի հանդիպումների ժամանակ:
Մենք օգտագործում ենք լրագրության բոլոր ժանրերը՝ դասական հոդվածից մինչեւ մուլտիմեդիա նյութեր (օգտագործելով աուդիո, վիդեո, ծաղրանկար, ինֆոգրաֆիկա):
Media.am-ը եւ՛ վերլուծությունների, եւ՛ սուբյեկտիվ կարծիքներ արտահայտելու հարթակ է, որի նպատակը մեդիա դաշտի առողջացումն ու աշխուժացումն է: Մեր կայքը բաց հարթակ է լրագրողների, վերլուծաբանների, մեդիա մենեջերների, նաեւ մեդիա արտադրանքը սպառողների համար, ովքեր իրենց ասելիքն ու տեսլականն ունեն մեդիայի աշխատանքի վերաբերյալ: Մենք հարգում ենք ցանկացած տեսակետ, եթե դրա կրողն իր ասելիքը ձեւակերպել է հստակ, հիմնավորված, ստեղծարար մոտեցմամբ եւ էթիկական նորմերի պահպանմամբ ու տեղադրել է այն բաց քննարկման (հոդվածի, մեկնաբանության կամ վիդեոուղերձի տեսքով):
Media.am-ի հեղինակները մարդիկ են, ովքեր ձեւավորված, հիմնավորված, հստակ կարծիք եւ ասելիք ունեն մեդիայի դերի ու ազդեցության մասին: Նրանք մեդիա դաշտում ազդեցություն (ի պաշտոնե կամ կոչմամբ) ունեցող լրագրողներ են, խմբագիրներ, գիտնականներ, մտավորականներ, ինչպես նաեւ մեդիա դաշտի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, սկսնակ լրագրողներ ու վիրտուալ տարածքի ձեւավորման օրինաչափությունները գիտակցող մարդիկ: Հեղինակների մասին տեղեկությունները տեղադրված են կայքում, որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ում կարծիքը կամ վերլուծությունն է ընթերցում:
Կայքի մարտավարության համաձայն՝ հրավիրված հեղինակներն ու խմբագրության հիմնական աշխատակազմը կարող են տարբեր հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշում ունենալ: Սակայն media.am-ը՝ իր հիմնական փոքրաթիվ լրագրողական թիմով, պատասխանատվություն է կրում հոդվածներում տեղ գտած վրիպակների, անճշտությունների ու թերացումների համար:
Media.am-ը առաջին հերթին հաշվի է առնում հասարակության շահերը, երբ ներկայացնում է լրատվամիջոցների եւ լրագրողների սխալները եւ բացթողումները, կամ քննադատության է ենթարկում այս կամ այն մեդիա կազմակերպության արտադրանքն ու մարտավարությունը։
Մենք քննադատում ենք՝ պատրաստ լինելով ենթարկվել քննադատության՝ քննադատները նույնպես մեդիա մարդիկ են: Media.am-ը պատրաստ է ոչ միանշանակ ընկալվող ցանկացած հարցի շուրջ ծագած բանավեճում ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները: Կայքի խմբագրական կազմը կարեւորում է անձի մարդկային ու պրոֆեսիոնալ արժանապատվությունը։
Մենք ակնկալում ենք, որ լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է հնարավորինս պահպանեն լրագրողական էթիկական նորմերն ու կանոնները։ Ինքներս էլ պահանջկոտ ենք մեր նկատմամբ եւ հետեւում ենք Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության «Լրագրողների էթիկայի վարքականոնին»:
Media.am-ում ներկայացվում են՝
- Հայաստանի մեդիա դաշտի նորություններ, իրադարձություններ
- Մեդիա վերլուծություններ, հարցազրույցներ մեդիայի թեմայով, մեդիա մարդկանց հետ, մեդիա արտադրանքը սպառողների գրառումներ
- Թարգմանություններ մեդիայի մասին հեղինակավոր կայքերից եւ պարբերականներից
- Ինտերնետ ու տեխնոլոգիաներ, համացանցային թրենդներ
- Լրագրողների համար կատարելագործվելու հնարավորություններ
Ում համար ենք աշխատում
Media.am-ի լսարանի մի հատվածը պրոֆեսիոնալ լրագրողներն ու մեդիա մենեջերներն են: Նրանց հետ մենք քննարկում ենք Հայաստանի մեդիան ավելի որակյալ դարձնելու ճանապարհները: Մենք ձգտում ենք ընդլայնել նաեւ մեր լսարանի մյուս կարեւոր՝ մեդիա սպառողների հատվածը, փորձում ենք զարգացնել մեդիա արտադրանքն ընկալելու, վերլուծելու, գնահատելու, մեդիայում հասարակական-մշակութային եւ քաղաքական ենթատեքստը հասկանալու նրանց կարողությունը:
Մենք խմբագիրներին եւ լրագրողներին առաջարկում ենք համագործակցել մեզ հետ։ Media.am-ի շուրջ հավաքված մարդիկ՝ մեդիա արտադրողները եւ մեդիա արտադրանք վերլուծողները մեկ նպատակ են հետապնդում՝ ավելի գիտակ ու իրազեկ հասարակության մաս կազմել:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: