Մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ՝ դառնալով առիթ խոսելու ազատ մեդիայի դերի մասին սահմանափակումներով լի միջավայրում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այդ օրվան ընդառաջ ուղերձ հղեց ՝ կոչ անելով ավելի լավ պաշտպանել լրագրողներին, որոնք տրամադրում են «հակաթույն» COVID-19 ճգնաժամը ուղեկցող ապատեղեկատվության համաճարակի դեմ:
«COVID-19 համավարակը տարածվելով, նաև հիմք դարձավ երկրորդ համավարակի՝ ապատեղեկատվության, համար՝ վնասակար առողջապահահական խորհուրդներից սկսած, վայրենի դավադրության տեսություններով վերջացրած: Եվ մամուլը տրամադրում է «հակաթույն»՝ ստուգված, գիտական, փաստերի վրա հիմնված նորություններ և վերլուծություններ»,- ասաց նա:
Պանդեմիայի հետ մեկտեղ ծագած ինֆոդեմիան լուրջ մարտահրավեր է:
Գուտերեշը հորդորեց կառավարություններին պաշտպանել լրագրողներին և պահպանել մամուլի ազատությունը:
Նա ասաց, որ հիմա, երբ ժամանակավոր սահմանափակումները անհրաժեշտ են վարակը կանխելու համար, պետք է գիտակցել, որ սահմանափակումները «չի կարելի չարաշահել և օգտագործել որպես արդարացում՝ հետապնդելով իրենց աշխատանքը կատարող լրագրողներին»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների անկախ զեկուցող Դեյվիդ Քեյն ասել է, որ համավարակի բռնկման սկզբից նա ստանում է տեղեկություն, որ ապատեղեկատվության տարածման քողի տակ թաքնված է նաև վրեժ՝ լրագրողների դեմ:
Դեյվիդ Քեյնի հրապարակած զեկույցում ասված է նաև, որ վերջին ամիսներին անկախ մեդիան «կարևոր լծակ է հանրային տեղեկատվության համար»: Լրագրողները բացահայտում են կառավարության խաբեության պատմությունները, միաժամանակ՝ օգնում մարդկանց հասկանալու համաճարակի բնույթն ու մասշտաբը:
Իսկ լրագրողներին կալանավորելը՝ աշխատանքը կատարելու համար ուղղակիորեն հակասում է մեդիայի համար բարենպաստ միջավայր ապահովելու պարտավորությանը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով, աշխարհում շուրջ 250 լրագրող «ճաղերի հետևում է»:
«Պետք է վերջ դրվի լրագրության քրեականացմանը: Դրա սկիզբը կարող է լինել լրագրողներին անհապաղ կալանքից ազատումը»,- ասված է զեկույցում:
Մամուլի ազատության օրվա իր ուղերձում ՄԱԿ-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեդիային «փաստերի և վերլուծությունների տրամադրման, առաջնորդներին հաշվետու պահելու (բոլոր բնագավառներում) և ճշմարտությունը իշխանություններին ասելու համար»:
Նա հատկապես նշել է այն լրագրողներին, որոնք կատարում են «կյանք փրկող»-ի դեր՝ լուսաբանելով հանրային առողջապահական խնդիրները:
«Եվ մենք կոչ ենք անում կառավարություններին պաշտպանել մեդիայի աշխատողներին, ամրապնդել և աջակցել մամուլի ազատությանը, որը կենսական նշանակություն ունի խաղաղության, արդարության և մարդու իրավունքների ապագայի համար», – ասել է Գուտերեշը:
Մայիսի 3–ին ամբողջ աշխարհում տեղի կունենան Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ՝ շատերը օնլայն քննարկումների, բանավեճերի, աշխատանոցների տեսքով:
Մամուլի ազատության համաշխարհային օրը հռչակել է Միացյալ ազգերի կազմակերպությունը 1993 թվականին՝ մամուլի ազատության կարևորության մասին իրազեկությունը բարձրացնելու և կառավարություններին հիշեցնելու արտահայտվելու ազատությունը հարգելու և աջակցելու իրենց պարտականության մասին, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով:
Այս տարի ինտերակտիվ քննարկումներն ու վեբինարները կանցնեն տարբեր հարթակներում: Այս տարվա ենթածրագրերն են.
- կին և տղամարդ լրագրողների և մեդիա աշխատողների անվտանգությունը,
- անկախ և պրոֆեսիանալ լրագրության անկախությունը քաղաքական և առևտրային ազդեցությունից,
- գենդերային հավասարությունը՝ մեդիայի բոլոր տեսանկյուններից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2020թ․-ի արշավի խորագիրն է՝ «Լրագրությունն առանց վախի կամ բարեհաճության» (Journalism without Fear or Favour): Արշավի նպատակը լրագրության դերի գիտակցումն է օրեցօր բարդացող միջավայրում:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: