2020.04.30,

Նյուսրում

Պետռեգիստրի տվյալներն արդեն բաց են լրատվամիջոցների համար

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Լրատվամիջոցների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսօրվանից հասանելի կլինեն անվճար հիմունքով։

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել պետռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հաշվի առնելով հանրապետությունում արտակարգ դրությունն ու տեղաշարժման իրավունքի սահմանափակումները մինչև արտակարգ դրության ավարտը հայտն ու փաստաթղթերը կարելիէ ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] հասցեին:

Խմբագրությունը կարող է ունենալ միայն մեկ մուտքանուն և ծածկագիր։ Միևնույն խմբագրության տարբեր լրագրողներ չեն կարող մուտքի առանձին ծածկագրեր ունենալ։

Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն հայտը մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

Նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար լրագրողները ստիպված էին վճարել սահմանված  պետական տուրքը, որը յուրաքանչյուր փաստաթղթի համար կազմում է 3 հազար դրամ։ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացման համաձայն՝ այդ տեղեկությունները  անվճար կարող են ստանալ։

Պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Տաթև Մկրտչյանի խոսքով՝ հայտը պետք է պարունակի լրատվամիջոցի անվանումը, տեղեկություններ լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ, կայքի դեպքում՝ նաև այդ համացանցային կայքի հասցեն, իրավաբանական անձի աշխատակցի նույնականացման քարտի պատճենը, ում անունով տրամադրվելու է հասանելիությունը գրանցամատյանում, վերջինիս էլ.փոստի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը անհատ ձեռնարկատեր է, ապա վերջինիս նույնականացման քարտի պատճենը և էլ.փոստի հասցեն:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի այս լրացմամբ՝ լրատվության միջոցի հասկացության մեջ ավելացվել են համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեցող և օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված տեղեկությունները պարունակող կայքերը։

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Թևոսյանն ասում է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքն անկատար է ու վերանայման կարիք ունի, բայց «այդ փոքրիկ փոփոխությամբ հեռուստատեսությունից, ռադիոյից ու թերթերից բացի պետռեգիստրի տվյալներին անվճար կարող են ծանոթանալ նաև կայքերը»։

Վահագն Թևոսյանի խոսքով՝ նպատակը մեկն է, որպեսզի որևէ լրատվամիջոց դուրս չմնա։ Պատգամավորը  չի բացառում, որ, օրինակ,  սունկ կայքերն էլ այդ հնարավորությունից կարող են օգտվել։

Փաստացի պետական ռեգիստրից անվճար օգտվելու համար ծածկագիր ստացած լրատվական գործունեություն իրականացնողների մասին տեղեկությունների ցանկ է կազմվելու։ Ցանկը վարելու է պետական ռեգիստրի գործակալությունը, սակայն օրենքով մախատեսված չէ այն հրապարակել:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն ասում է, որ տեղեկություն ստանալու իրավունքը չի կարող որոշ խմբի համար լինել արտոնություններով, մյուսի համար՝ ոչ։

«Փոփոխության տրամաբանությունն է սխալ և հակասում է սահմանադրությանն ու տեղեկատվության ազատության մասին օրենքին»,-ասում է նա։

Շուշան Դոյդոյանը վստահ է, որ դրան անմիջապես պետք է հաջորդի հանրության բոլոր անդամների համար պետական ռեգիստրի տվյալների բացումը, չնայած դեռ նման խոսակցություններ չկան։

Վահագն Թևոսյանի խոսքով՝ արդարադատության նախարարության հետ քննարկել են գրանցամատյանի տվյալները բոլորի համար անվճար և բաց դարձնելու հեռանկարը։

Օրենքի նախագծի վերաբերյալ նախկինում էլ բացասական կարծիքներ են հնչել ոլորտի ներկայացուցիչների կողմից։

Այդ կապակցությամբ նույնիսկ մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով՝

-փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և չփոխկապակցել  դա լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ,

-լրատվամիջոցների գործունեությանը և տեղեկատվության ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն կամ գաղափար նախ դարձնել փորձագիտական քննարկման առարկա, այնուհետև՝ լրագրողական հանրության ու քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատել օրինագծերի վրա։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *