2020.04.28,

Քննադատ

Անսովորն ու շաբլոնը ապրիլ 23-24-յան եթերում

Չձևակերպված անբավականություն կար ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալու տասնամյակների ավանդական ձևից: 

Ձևակերպվեց, երբ այս տարի մարդկանց ֆիզիկական ներկայության անհնարինությունը ստեղծագործ մոտեցման հնար դարձավ: Հասարակության հուզումնառատ, օվացիայի ձգտող գերադրական վերաբերմունքը ոգեկոչման այս նորությանը խորհելու առիթ է, թե ինչու չէր գոհացնում հիշատակի հին-ավանդական ձևը:

Պատճառը հավանաբար Ծիծեռնակաբերդի բարձունքից երթի՝   հեռուստաընկերությունների շաբլոն մատուցումն էր՝ մի բարի թուրք, ռուս հայագետ, ամերիկահայ պատմաբան, մի դողդոջ սփյուռքահայ զույգ… 

Ասես դեսանտ են իջել ու բռնում էին կարևոր մարդկանց: Հուզիչ՝ գուցե, բայց ունայնության զգացողությունը խորացնող փակուղի էր:

Ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո 101-ամյակը նույն կերպ ոգեկոչելը, հիշատակելը, նույն կետից սկսելը առնվազն հետընթաց էր, պարտություն էր, ամենամեղմը՝ քայլ տեղում: 

Այս տարի յուրահատուկ էր՝ համերգային և լուսային ծրագրի ընթացքում հուշահամալիրի սյուների վրա մինչև լուսաբաց 852 հազար 341 մարդկանց անունների վիրտուալ, սարսռզդու պտույտը, մեկուսացումից (Նարեկ Հախնազարյան) ու ինքնամեկուսացումից դուրս եկած արվեստագետների կենդանի կատարումները հուզիչ էին, ոգեղեն: 

Մարդիկ առավել զգացին իրենց կենդանի ներկայությունը, իսկ անուններն ավելի շատ կլինեին, եթե մարդիկ անսովոր ձևից չխրտնեին, ավելորդ համեստություն չդրսևորեին:

Համառորեն և հետևողականորեն ճգնաժամը որպես հնարավորություն դիտարկող վարչապետը, հիշատակի օրվա հասարակության արձագանքներից ոգևորված, հանդես եկավ ծավալուն խոսքով: Միջոցառումը համարելով «քաղաքակրթական նոր նշաձող», անուն առ անուն շնորհակալ եղավ մասնակիցներին: Իր ոճին համաձայն, վարչապետը խոսքը համեմեց քաղաքական ենթաճյուղով. «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և հակադրեցինք այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ «ատկատային» ընկալումներ: Ոմանք թերևս չեն խորշել ազգային միջոցառումների տակ նաև որոշակի ատկատներ ապահովել»:

Ով բազմապատկում է բառերը, չի կարող չսխալվել, և թեթև վրիպեց նաև վարչապետը. «Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք ոգեկոչեցինք, շատ ուժեղ, տեսանելի, լսելի, բայց առանց ողբի»: 

Ինչ կնշանակի առանց ողբի…  

Շաբլոնը

Հայկական  հեռուստաընկերություններն ասես տասնամյակներով չեն մտահոգվում, թե ինչ ֆիլմեր ցուցադրեն տոների կամ հիշատակների օրերին: 

Ապրիլի 24-ի եզակիությունը ավելի է մեծացնում ակնկալիքը՝ ինչ ցուցադրել: Այդ առումով տարին ևս չտարբերվեց նախորդներից: Թռուցիկ և լայն վրձնահարվածներով ներկայացնենք ինչ կար հայկական եթերում ապրիլի 23-24-ին:  

Ապրիլի 23-ին միաժամանակ  չորս ալիքով (շքերթին մասնակցել էր նաև «Նոր Հայաստանը») ցուցադրվեց «Կարոտը»: Հրաչյա Քոչարի գողտրիկ, գալշոյանական պատմվածքը (իր գյուղն անսահման կարոտած հայ գեղջուկը գիշերով հատում է սահմանը, կարոտն առնում ու հետ դառնում), ֆիլմում դարձել է գերազանցապես ստալինյան բռնաճնշումների մասին դաժան պատմություն:  

Ապրիլի 24-ին երկու ալիքով ցույց տվեցին էլի հին, բարի «Մայրիկը»: Ընտանեկան դիտման լավ ֆիլմ, Ցեղսապանության ժառանգի հաջողության պատմություն, որում, սակայն, ֆրանսիացիները բամբասված էին:

Սոցցանցերում կինոգետ-կինոսերների ակտիվ քննարկումները ցույց տվեցին, որ կարծիքները շատ տարբեր են, սակայն մի բան ընդհանուր է. անգամ ամենաչստացված կամ լալահառաչ ֆիլմերը («Արտույտների ագարակը», «Խոստումը») երկար ճանապարհին կարևոր քայլ են:

Մի իրողություն ևս՝ ամեն մեկն ունի իր հավանած լավագույնը: Շատերի համար այդ ֆիլմը Ատոմ Էգոյանի «Արարատն» է, որը ևս ցուցադրվեց: Ինձ համար ամենալավ ֆիլմը Ֆաթիհ Աքինի «Սպին» է: Այդ քննարկումներում չհիշատակվեց անգամ Չալդրանյանի «Վարդապետի լռությունը»: 

Ժամանակին ազգային կինոկենտրոնի տնօրեն  Գևորգ Գևորգյանը հպարտ հայտարարում էր, թե տեսեք-տեսեք ինչ ֆիլմ ենք անելու, արդեն բանակցում ենք Հոլիվուդի հետ, անգամ անուն տվեց, թուրքերը ճշտեցին, որ նման բան չկա, և 1915 թվականին նրանց ընտրությունը եղավ Վիգեն Չալդրանյանը, մնացյալը՝ լռություն…

Այդ օրը ցուցադրված Ռոբեր Գետիկյանի «Մի խելագար պատմությունը» հետաքրքիր էր նրանով, որ մեկդարյա ոճիրը դիտարկված էր վրեժի հետևանքով տուժած անմեղ մարդու դիտանկյունով:   

Հանրայինով ցուցադրվող նոր ֆիլմը հայ-ռուսական «Սուսերով պարն» էր (սցենարի հեղինակ և ռեժիսոր Յուսուպ Ռազիկով): Կինոգետները հավանաբար կանդրադառնան ֆիլմին, ուղղակի օրվա խորհրդին վերաբերող մեկ-երկու դիտարկում անենք, քանի որ տիտրերում էլ շեշտվում է այդ մասին:  

Արհեստական է այս կարճամետրաժը Ցեղասպանության ֆիլմ համարելը, զավեշտ՝ կոտորածի մասին թոթովախոս տեքստերը (ով չընդունի, անդունդը կգնա):

Իսկ «Գայանե» բալետի երաժշտության համար Արամ Խաչատրյանը արժանացել է Ստալինյան մրցանակի» տիտրով ֆիլմն ավարտելն էլ տարավ դեպի խորը սովետ:

Օրվա արտառոց միտքը հնչեց օրվա մարդ Արտուշ պապիի մասին ռեպորտաժներում՝ «թեև նա զոհված հարազատներ չունի, սակայն շատ էր ուզում բարձրանալ»: Սա էլ համարենք ընդհանուր հիացումին  հակադրվելու միտումով լրագրողի գրած անգրագետ միտք: Հայրենազրկումը չի ճանաչում արևմտահայ-արևելահայ-սփյուռքահայ… 

Հ.Գ.Իսկ ամենալավն այն է, որ համավարակն անհետ նահանջի, և մյուս տարի մարդիկ հնարավորություն ունենան ընտրելու՝ երեխաներն  ուսերին ու ծաղիկները ձեռքներին ավանդական ձևով Ծիծեռնակաբերդի դժվարին բարձունքը հաղթահարեն, թե վիրտուալ ներկայություն ապահովեն, կամ՝ երկուսը միասին: 

Գայանե Մկրտչյան
թատերագետ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *