2012.06.29,

vox populi

Հեռուստատեսությունը մեղավոր չէ, որ կյանքը հուսահատ է

Ի՞նչ ասեմ… Ունենք վատ հեռուստաարտադրանք, որն աչքի է ընկնում մտավոր իմպոտենցիայով (ընդ որում՝ բոլոր հեռուստատեսային էշելոններում)։ Բայց զարմանալի է, որ դժգոհությունը միայն սերիալներից է։ Վերջերս էլ մի խումբ մարդիկ Հայաստանի նախագահին բաց նամակ գրեցին։ Ասեմ, որ էդ ցանկից ինձ միայն Սոս Սարգսյանի անունն էր հայտնի, մնացածն անհայտ մարդիկ էին։

Չեմ կարծում, որ եթե սերիալների դեմ նամակ գրող նախաձեռնողների խումբը (որը չգիտես՝ ինչու հանրապետության նախագահի դռներն է ընկել) հետաքրքիր միտք, գաղափար կամ սցենար գրեր ու բերեր հեռուստաընկերությունների նախագահներին առաջարկեր, մերժում կստանար։ Բայց ստացվում է, որ մինչ այսօր, իմպոտենտ մտքերից բացի, ոչինչ չի առաջարկվում։ Եվ այդ պատճառով էլ մեր սերիալների 90%-ը դրսից «թխած» են։ Իմիջիալյոց, հեռուստատեսության դատարկությունը առավել զգացվեց այն ժամանակ, երբ Հայաստանը վերջապես լիցենզավորման դաշտ մտավ ու ստիպված եղավ ձրի ֆիլմեր այլեւս չցուցադրել։ Ուզած-չուզած հեռուստաընկերությունները սկսեցին սեփական պրոդուկցիան ստեղծել, մեծամասամբ՝ սերիալներ։ Եվ այդ պրոդուկցիայի մեջ ե՛ւ լավ, ե՛ւ վատ սերիալներ կան։ Այո, կարծում եմ, որ իրոք լավ սերիալներ կան, եւ դրանք հիմնականում հումորային սիթքոմներ են։ Ավելի ճիշտ՝ հումորն ինձ ավելի մոտ է, քանի որ սերիալային լացուկոծը, փսլինքներն ու խլինքը ինձ երբեք չի ոգեշնչել։

Վերադառնալով ՀՀ նախագահին գրված նամակին՝ ուզում եմ ձեզ վշտացնել. նախագահը հեռուստացույց չի նայում։ Համենայնդեպս, ինձ թվում է, որ նա դրա ժամանակը չունի։ Եվ այն մարդիկ, որոնք չեն ալարել, դոկումենտ են գրել ու «հայր-թագավորին» են ուղարկել, ավելի շուտ մանկամիտներ են, որոնք դեռ սովետական ժամանակից այդ դիմումի ձեւն իրենց հետ քարշ են տալիս։ Մի պահ պատկերացրեք, որ ամերիկացիները Բարաք Օբամային նամակ են գրում՝ խնդրելով իրենց դուր չեկող սերիալները փակել։ Կարծում եմ, շատ ծիծաղելի բան կստացվեր։

«Անվնաս հեռուստաարտադրանք» ձեւակերպումը, որը վերջերս հաճախ է օգտագործվում, երեւի թե պետք է նշանակի, որ հաղորդումները դիտողին (հատկապես՝ երեխաներին) չեն ահաբեկում, այլ դաստիարակում են։ Ասենք, չի կարելի պոռնո ցուցադրել մինչեւ ժամը 12-ը, արյունը՝ մինչեւ ժամը 11-ը…

Վերջերս պարզել եմ, որ բարձր ռեյթինգ ունեցող սերիալներն իրենց անվանման մեջ բացասական մասնիկ ունեն՝ «դժ», «ան» եւ այլն։ Կարծում եմ՝ դա մեր ժողովրդին հոգեհարազատ է։ Հումորային սերիալները բացվում են ու հետո արագ փակվում, իսկ լացուկոծով ու կրիմինալով հագեցած «դժբախտ» սերիալները միշտ կան ու մեծ լսարան ունեն։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։

Կարող եմ միայն ասել, որ էսօրվա դրությամբ հեռուստատեսությունը մեղավոր չէ, որ կյանքը դարձել է հուսահատ ու դաժան։ Ի՞նչ է, հեռուստատեսությո՞ւնն է մեղավոր, որ «Հարսնաքարում» մարդ են ծեծում։ Կարո՞ղ է ծեծողը ծեծում է հեռուստատեսային սերիալներից դրդված։ Ոչ, իհարկե… Մարդկանց ապրելակերպը կառուցված է տարօրինակ չափանիշների վրա, եւ ճիշտն ու սխալը խեղաթյուրված են։ Օրինակ՝ «լավ տղան» համարվում է նա, ով բակում նստած թքում է գետնին ու գրպանում միշտ դանակ է պահում (հիմա դրան ավելացել է նաեւ տրցակով փողը)։ Համաձայն եմ, որ այդ ամենը հեռուստատեսությամբ ուռճացնել պետք չէ, բայց հեռուստապրոդուկցիան պիտի համաչափ լինի։ Եվ իրենց մտավորական համարող մարդիկ ավելի լավ է ոչ թե եղած արտադրանքը վերացնելու, այլ եղածի հակակշիռը ստեղծելու մասին մտածեն։ Տույժերով ու տուգանքներով ոչինչ չես փոխի…

Մի լավ առաջարկ ունեմ. վարչական տույժի թող ենթարկվեն այն ալիքները, որոնք ֆիլմերը թարգմանում են անորակ, աղավաղված հայերենով կամ էլ չգիտես ինչու ռուսերեն լեզվով թարգմանվածներն են ցուցադրում։ Մտավորականները, ՀՀ նախագահն ու Մշակույթի նախարարը ավելի լավ է  ցուցադրվող ֆիլմերը որակյալ դուբլյաժ անելու հրահանգ տան։ Այդ դեպքում դերասանները, ռեժիսորները, հնչյունային ռեժիսորները աշխատանք կունենան, իսկ ժողովուրդը հայերենով արտադրանք կլսի։

Իրականում սերիալների մասին խոսակցություններն անընդհատ կան (կարծես ամենալուրջ հասարակական խնդիրը հենց դա է)։ Սովորաբար երբ մի թեմա սկսում է ամեն ծակուծուկից հնչել, մնացած թեմաները ոչ ակտուալ են դառնում։ Այդպես եղավ հոմոսեքսուալիստների ու լեսբուհիների դեպքում, երբ բոլորը միայն այդ մասին էին խոսում, եւ որոշ ժամանակ դա դարձավ ազգի գոյատեւման ամենակարեւոր պրոբլեմը։

Կարծում եմ՝ սերիալների վտանգի մասին «ահազանգերը» կամ արագ կդադարեն (ինչպես, օրինակ, ավտոմեքենաների ամրագոտիները ձգելու պահանջը) կամ էլ վերեւից եկող ինչ-որ նենգ պլան կա, որի համաձայն՝ դա դեռ երկար կշարունակվի։

Մի բանում եմ միայն վստահ. սերիալների որակը կարող է բարձրացնել միայն հասարակությունը։ Ի վերջո, մենք ունենք այն, ինչ ունենք։ Եվ այն մի քանի մարդիկ, որոնք փոխելու կոչեր են անում, ավելի լավ է պսեւդո ինտելեկտուալ աղբի դեմ պայքարեն, քանի որ դա իր պաթոսով, իր կեղծ հայեցի կոչերով ու ճառերով ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ։ Շատերը (ես էլ նրանց թվում), միեւնույն է, կգերադասեն նայել կյանքի (այսպես ասած՝ ժիզնեննի) սերիալ, որտեղ իրար սպանում, ծեծում, սիրահարվում ու աբորտ են անում։

Սերգեյ (Յոժ) Դանիելյան
դերասան

 

Դպրոցը՝ Ա.Չեխովի անվան N55 միջնակարգ դպրոց
Կրթությունը՝ Գեղարվեստթատերական եւ Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտներ
Սիրելի գիրքը՝ «Ռոբինզոն Կրուզո»
Սիրելի ֆիլմը՝ «Ամարկորդ»
Սիրելի երաժշտությունը՝ հարդ ռոք
Սիրելի սպորտաձեւը՝ տրաքում եմ սպորտից
Սիրելի արտահայտությունը՝ «Մարդս մարդ լինի…»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *