2020.04.15,

Ստուգված է

Ucom․ տնօրենները մի բան են ասում, բաժնետերերը՝ ուրիշ

Ապրիլի 13-ին լրատվամիջոցները ստացան միանգամից երեք նամակ, որոնք ներկայացված էին որպես մամլո հաղորդագրություն Ucom ընկերությունից։ Դրանք նույնությամբ վերատպվեցին մամուլում չնայած պարունակում էին հակասական տեղեկություն։

Ucom-ի և «Գալաքսի» ընկերությունների խմբի տարածած իրարամերժ հայտարարությունները նույնությամբ վերատպվեցին մամուլում

? Ապրիլի 13-ի երեկոյան «Գալաքսի» ընկերությունների խմբի հանրային կապերի բաժնից ԶԼՄ-ներին ուղարկվեց Ucom ընկերության կառավարման խորհրդի հայտարարությունը։ Այնտեղ ասվում էր, որ Ucom-ում տիրող իրավիճակի կարգավորման գործընթաց է նախաձեռնվել։ Կառավարման խորհուրդը նաև վստահություն էր հայտնում, որ «աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, իսկ նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը»։

Այս հայտարարությունը նույնությամբ վերատպեցին 1lurer.am-ը, armenpress.am-ը, hetq.am-ը և այլ լրատվականներ։

?Քիչ անց ստացվեց երկրորդ մամլո հաղորդագրությունը․ այս անգամ արդեն Ucom-ի  հանրային կապերի բաժնից։ Դրանում ասվում էր, թե նախորդ հայտարարությունը կեղծ է․ «մամուլում տարածված հաղորդագրության բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը, չի տարածվել ընկերության կողմից»:

Հաղորդագրության կեղծ լինելու պատճառաբանումն այն էր, որ նամակը ԶԼՄ-ներին եկել է [email protected] էլ․ փոստից, իսկ Ucom-ը «մամլո հաղորդագրությունները միշտ ուղարկում է սեփական էլ.փոստից»: Ավելին՝  մատնանշվում էր, որ առաջին հաղորդագրության մեջ ասում է, թե այն «բաժնետերերի խորհրդի անունից» է, իսկ Ucom-ը բաժնետերերի խորհուրդ չունի:

Լրատվականները նույնությամբ վերատպեցին նաև այս հաղորդագրությունը, չնայած որ դրանում հնչող պնդումը խնդրահարույց էր։

Նախ՝ [email protected]ը «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության բաժնի էլ․ փոստն է։ «Գալաքսի»-ն հիմնադրվել է Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ Բոլոր երեքը ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին պետ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք են։ «Գալաքսի»-ն միավորում է շուրջ 15 ընկերություն, այդ թվում՝ Ucom-ը։

Երկրորդ՝ «Գալաքսի»-ի տարածած հայտարարարության տեքստի մեջ «բաժնետերերի խորհուրդ» բառակապակցություն չկա։ Սակայն նման արտահայտություն իսկապես արված է ուղեկցող նամակում։

Այսինքն, մամլո հաղորդագրությունը ուղարկվել է Ucom-ի բաժնետերերին պատկանող կազմակերպությունից, և «բաժնետերերի խորհուրդ» ձևակերպումը, որի սխալ լինելուն հղում էր անում Ucom-ը, հայտարարության բուն տեքստի մեջ չկար։ Այս երկու հանգամանքը հաշվի առնելով կարելի է ասել, որ մոլորեցնող է պնդումը, թե «Գալաքսի»-ի տարածած հայտարարարությունը կեղծ է։

? Եվս մի քանի ժամ անց լրատվականները ստացան Ucom-ին վերաբերող երրորդ մամլո հաղորդագրությունը։ Այս անգամ էլ «Գալաքսի»-ն էր պատասխանում «կեղծ» հայտարարություն տարածելու մեղադրանքին և կոչ անում «զերծ մնալ ապատեղեկատվություն տարածումից»։ Ընկերությունից, սակայն, ուղղել էին իրենց նախկին հայտարարության մեջ նշված կառավարման մարմինների անվանումները։

Ինչպես և նախորդ երկու հայտարարությունները, այն մեկը նույնպես նույնությամբ վերատպվեց մամուլում։

Երկու կողմի մեկնաբանությունները

Ստեղծված իրավիճակում media.am-ը լսեց երկու կողմի պարզաբանումները մի քանի հարցերի շուրջ։

?Մենք փորձեցինք հասկանալ, թե արդյո՞ք Ucom-ին առնչվող հաղորդագրությունները «Գալաքսի» ընկերությունների խմբի էլ․ փոստից ուղարկելու պրակտիկա նախկինում եղել է։ Պատասխանը հակասական է։

Ucom ընկերության Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը պարզաբանեց, որ «Ucom ընկերությունը միշտ մամլո հաղորդագրությունները ուղարկում է իր դոմենային տիրույթի մեյլից, որը պատկանում է Հանրային կապերի պատասխանատուին կամ նրա ղեկավարին՝ Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավարին»։ Իսկ «Գալաքսի» ընկերությունների խմբից հաղորդակցության ղեկավար Շուշան Հարությունյանը պնդեց, որ նման պրակտիկա նախկինում եղել է։

Հարությունանը պարզաբանեց, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը «Ucom»-ի մեծամասնությանը տիրապետող բաժնետերերի շահերը ներկայացնող կազմակերպությունն է, իսկ Ucom-ի անունից ուղարկված հայտարարության մեջ ներկայացվում էր մեծամասնական բաժնետերերի դիրքորոշումը։

«Այն պահից սկսած, երբ գլխավոր գործադիր տնօրենը (CEO) աշխատանքից դուրս գալու դիմումը մակագրվում է, ամբողջ կառավարումը իր վրա վերցնում է ընկերության բարձրագույն մարմինը, որը իր իրավասությունների շրջանակում 3 օր անց տվել է հայտարարություն, սկսել է իրավական գործընթացներ, նշանակել է նոր CEO-ին ու նաև բանացություն թիմի հետ», – հեռախոսազրույցում մեզ ասաց Շուշան Հարությունյանը։

? Էլ․ նամակում և կից հաղորդագրության մեջ տերմինների անհամապատասխանության մասով Շուշան Հարությունյանը պարզաբանեց, որ իրավական կարևոր միավորը բլանկի վրա գրված տեքստն է։ Իսկ Ucom-ից պնդեցին, որ կառույցը առաջին հաղորդագրությունում նշված անվանումով կառավարման մարմիններ չունի։ «Դա է վկայում մեր հայտարարությանը հետևած հայտարարությունը, որտեղ նրանք ուղղել էին իրենց սխալը, արդեն նշելով ճիշտը», – ասաց Աշոտ Բարսեղյանը։

?Թեև Ucom ընկերությունից ասացին, թե «Գալաքսի» ընկերությունների խումբը և Ucom ընկերությունները որևէ առնչություն չունեն, սակայն, մամուլի տարածած այլ հաղորդագրություններում և Ucom-ի կայքում տեսնում ենք, որ կապ ամեն դեպքում կա/ եղել է.

?Ինչ վերաբերում է հիմնադիր բաժնետերերի խորհրդակցությանը, ապա Ucom-ի տեղեկացրեցին, որ «նման կառավարման մարմին գոյություն չունի, իսկ այլ գոյություն ունեցողներից որևէ մեկի նիստ տեղի չի ունեցել»։ «Գալաքսի» ընկերությունների խմբից Շուշան Հարությունյանը ձեռնպահ մնաց մեկնաբանել, թե արդյոք Հայկ կամ Ալեքսանդր Եսայանները մասնակցել են խորհրդակցությանը, թե՝ ոչ։

Ucom-ում ճգնաժամ է

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ucom-ի համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները հրաժարական են տվել։ Նրանց հետ միասին ընկերության բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում էին գրել։ Եսայանները, որոնց պատկանում է ընկերության շուրջ 6% բաժնետոմսերը, առաջարկել են մյուս բաժնետերերից գնել մնացած 94% մասնաբաժինը։

Ապրիլի 14-ին Եսայանները հայտարարեցին, որ պատրաստ են 34 մլրդ դրամ վճարել նախկինում հնչած 22 մլրդ դրամի փոխարեն։ Ավելի վաղ Հայկ Եսայանը անդրադարձել էր գումարի աղբյուրին․ «Գործարքի բնույթից ելնելով, Եսայանները չեն գնում բաժնեմասը։ Բաժնեմասը գնելու է Ucom ընկերությունը, և ֆինանսական միջոցները ներգրավվելու են ֆինանսական հաստատություններից, դա կլինեն բանկեր, բոնդեր, թե այլ գործիքներ կկիրառվեն՝ դա էական նշանակություն չունի»։

Ապրիլի 14-ին ԶԼՄ-ները գրեցին նաև, որ չնայած վերջին ֆինանսական առաջարկին Ucom-ը նոր գլխավոր տնօրեն ունի։ Factor.am-ը հայտնեց, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Արա Խաչատրյանը, որը եղել է «Գալաքսի» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը։ Հաջորդ օրը տեղեկությունը հայտնեց նաև «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում տալով իր աղբյուրներին։ Media.am-ի հետ զրույցում նոր տնօրենի մասին հիշատակեց նաև «Գալաքսիի» հաղորդակցության ղեկավարը։

Ucom-ը խոշոր գովազդատու է և ֆինանսավորում է ՏՏ ոլորտի մի շարք ծրագրեր։ Այդպես, տարբեր տարիների Ucom-ը հովանավորել է «Երևան» քաղաքի ամսագիրը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը, «Դիջիթեք Էքսպո» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը, «ԲարՔեմփ Երևան» ՏՏ (չ)կոնֆերանսը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը և այլն։

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *