2020.04.12,

Քննադատ

Լրագրության անցյալից. հաջորդ խմբագրությունը՝ «02»

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

94-ի գարնանը ՆԳՆ լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը զանգահարեց և ասաց, որ նախարարն ուզում է հանդիպել ինձ: Պայմանավորվեցինք, գնացի, առաջարկեց խմբագրել «02 ոստիկանական լրատու» անվանումը կրող շաբաթաթերթը:

Նախարարի միակ նախապայմանն էր, որ հայտնի լրագրողներից մեկը չթղթակցի թերթին: Ըստ երևույթին նեղացած էր նրանից: Զարմացա՝ բայց ինչու պիտի քաղաքական թեմաներով գրող լրագրողը թղթակցի 02-ին… Ես էլ իմ պայմաններն առաջադրեցի՝ թերթի անվանումից հանել «ոստիկանական լրատու» բառակապակցությունը, թերթը առանձնացնել լրատվության վարչությունից և դարձնել առանձին միավոր՝ առանձին հաշվապահությամբ, գրաքննիչ չնշանակել և հնարավորություն տալ աշխատել ինքնուրույն, համագործակցել բացառապես ինֆորմացիա տրամադրելու և պրոֆեսիոնալ լրատվամիջոց ստանալու շրջանակներում:

Նախարարը համաձայնեց, Կոլյայի հակափաստարկին, թե ախր ինքը (ես, այսինքն) այս կառույցի հետ կապված շատ բաներ չի պատկերացնում, անգամ ծանոթ չի նախարարության կառուցվածքին՝ Վանո Սիրադեղյանն առարկեց կտրուկ. «Չի պատկերացնում՝ կպատկերացնի, ծանոթ չի՝ թող ծանոթանա»:

…Մինչ այդ՝ ամիսներ առաջ, նա ինձ ասել էր, որ նոր թերթ հիմնելու մտադրություն կա: Ինչ թերթ, հետաքրքրվեցի: «Թերթ հայ բուրժուազիայի համար»,- ժպտաց: «Բայց ո՞ւր ա Հայաստանում բուրժուազիա»,- զարմացա: «Կլինի»,- ասաց: Զգալով, որ առանձնապես չխանդավառվեցի՝ խոսակցությունը կիսատ թողեց: Ժամանակ անց Իգնատ Մամյանն ասաց, որ շուտով նոր թերթ է հրատարակվելու, և ինքն էլ նշանակվել է խմբագիր: «Հոյակապ անուն եմ մտածել,- պարծեցավ,- կարո՞ղ ես գուշակել՝ ինչ է լինելու անունը…»: «Չէ, ո՞նց գուշակեմ»,- ժպտացի: «Առավոտ»,- հայտարարեց: «Հա…,- ասացի,- լավ անուն է… Ի՞նչ թերթ է»: «Թերթ հայ բուրժուազիայի համար»,-բացատրեց:

«02» շաբաթաթերթի 1995թ․ 25 մարտի համարը

…«02»-ում ինձ կաշկանդողն այն էր, որ խմբագրածս թերթը գերատեսչական էր, իր ընդգրկումներով՝ թեմատիկ սահմանափակումներ դնող:  Բայց արագ համակերպվեցի քաղաքական լրագրությունից հեռանալու իրողությանը: Իմ պայմանները, ինչպես և խոստացվել էր, հարգվեցին՝ թերթը ազատ էր ավելի, քան կարելի էր երևակայել: Շուտով տպաքանակը հասավ 20 հազարի: Լույս տեսնելու օրը՝ առավոտյան 10-11-ի կողմերը, արագորեն սպառվում էր:

Տպարանի տնօրենը մի օր զանգեց և առաջարկեց ամեն համարի տպագրության հաջորդ օրը խմբագրությանը կանխիկ վճարել 20 հազար օրինակի վաճառքի գումարն ամբողջությամբ, և ես գործ չունենամ ոչ տպաքանակի, ոչ «Հայմամուլի», ոչ էլ առհասարակ թերթի վաճառքի հետ: Բնականաբար, չէի կարող համաձայնել, քանի որ թերթն իմ սեփականությունը չէր: Բայց հենց միայն այդ զանգը բավական էր, որ կասկածեի, թե տպարանը հավելյալ՝ «լևի» տպաքանակ է տպում: Այլապես որտեղի՞ց պիտի վճարվեին թերթի տարածման հետ կապված ծախսերը…

Այդ տարիներին «Հայմամուլից» բացի թերթի վաճառքով զբաղվում էին տասնյակ շրջիկ վաճառողներ: Հավելյալ տպաքանակի տպագրությունը գործնականում անհնար էր բացառել, անհնար էր վերահսկել տպագրություն-վաճառք շղթան: Այդ անելու համար պետք էր վստահելի մարդկանց շուրջօրյա հերթապահություն ու վերահսկողություն: Գնալով իմ կասկածները խորանում էին, բայց դրանք ընդամենը կասկածներ էին. ես փաստեր չունեի: Ճիշտ է՝ արդեն թերթից հեռանալուց հետո տարբեր մարդիկ ծիծաղում էին իմ միամտության վրա, որ հավատացել էի, թե ոչ մի «լևի» տպաքանակ էլ չկա, անգամ վստահեցնում էին, թե խմբագրության աշխատակիցը ներգրավված էր այդ գործում, բայց ես չէի կարող առանց հիմնավոր ապացույց ունենալու մեղադրել մարդկանց…

94-ի վերջին բացահայտվեց «Դրո» կառույցը: Ժամանակավորապես կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը, որպես սրա հետևանք՝ փակվեցին դաշնակցական թերթերը: Ինչ-որ բեռնատար էր ուղարկվել Հերացի փողոցում գտնվող ՀՅԴ Մամուլի և տեղեկատվության կենտրոն՝ տեխնիկան տեղափոխելու համար: ՆԳ նախարարը զանգեց ինձ և հանձնարարեց գնալ, հետևել, որ տեխնիկան տեղափոխողները դրա հետ զգույշ վարվեն, չվնասեն:

Գնացինք երեքով՝ ես, այդ ժամանակ նախարարության լրատվության վարչության պետի (Վաչե Պետրոսյանի) տեղակալ, ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը և թերթի էջադրողը՝ Արթուր Շահինյանը: Արթուրը աշխատակիցներին օգնում էր հավաքել տեխնիկան ու լարերը, մենք զրուցում էինք կենտրոնի աշխատակիցների հետ: Ապա տեխնիկայով ու գույքով բարձված մեքենան ուղևորվեց դեպի Ազգային անվտանգության պետական վարչություն, իսկ մենք վերադարձանք խմբագրություն…

Հետո բազմաթիվ բողոքներ ու մեղադրանքներ պիտի հնչեին խմբագրությունների դռները ջարդուփշուր անելու, գույքը փչացնելու մասին: Ամենածանրը, իհարկե, թերթերը փակելու մեղադրանքն էր: Մինչև հիմա էլ հնչում են այդ մեղադրանքները, և սա այն ջրբաժանն է, որը էլ ավելի խորացրեց թշնամանքը առանց այդ էլ հստակորեն տարանջատված իշխանական ու ընդդիմադիր լրատվամիջոցների միջև:

Թե որքան էր ՀՅԴ-ն կարևորում մամուլի դերը, կարելի է եզրակացնել միայն այն փաստից, որ կուսակցության գործունեությունը կասեցնելը այնքան բողոքների տեղիք չտվեց, որքան թերթերի տպագրությունն արգելելը: (Թեև չբացառեմ, որ կուսակցության մեջ ահաբեկչական կառույցի գործոնն այստեղ առանցքային էր):

Շուտով սկսվեց «Դրո» գործով դատավարությունը, և ես, չդիմանալով երկրորդական բաները մասնագիտական շահերին ստորադասելու գայթակղությանը՝ խախտեցի պայմանը. դատարանից ռեպորտաժները գրում էր այն լրագրողը, որի մասին ՆԳ նախարարը ժամանակին զգուշացրել էր՝ 02-ում չտպագրել նրա թղթակցությունները… Դրանք, բնականաբար, բարձրակարգ ռեպորտաժներ էին: Նա, ամենայն հավանակությամբ,  հավանում էր այդ նյութերը, բայց իրեն թույլ չտվեց բացել փակագծերը. ընդամենը մի անգամ թռուցիկ հետաքրքրվեց՝ ով է դրանց հեղինակը, ով է Աշոտ Ստեփանյանը, պատասխանեցի՝ կեղծանուն է: Չհարցրեց՝ ում կեղծանունն է, և չպատասխանեցի՝ Աննա Իսրայելյանի: Հավանաբար կռահել էր:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *