2012.06.19,

Տեսակետ

«Բողոքի ակցիաները լուսաբանելիս երկու կրակների արանքում ենք հայտնվում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի»՝ mn.ru կայքի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոգոմոլովը այն սերնդի ղեկավարներից է, որոնք լրագրությունը դիտարկում են սթափ ու թափանցիկ բիզնեսի տեսակետից: Եվ դրանով իսկ ապացուցում են, որ գրագետ մենեջմենթը լրատվամիջոցի կենսունակության հիմքն է:

mn.ru մուլտիմեդիա կայքը մեծ հեղինակություն ունի առաջին հերթին թեմաների հրատապ ու հավասարակշիռ ներկայացման եւ հետո նոր տեխնոլոգիաների ակտիվ կիրառման շնորհիվ։ Ալեքսանդր Բոգոմոլովը նշում է, որ Հայաստանում ամեն քայլափոխի տեսնելով տարբեր տրամաչափի թվանշային սարքեր օգտագործողների, վստահ է՝ մեդիա դաշտը Հայաստանում շատ արագ զարգանալու է։ Մնում է միայն ինտերնետի հասանելիությունն ու արագությունը ապահովել։

Հունիսի 9-10-ը Երեւանում կազմակերպած ՏՏ, ինտերնետի, համացանցային մշակույթին ու նոր մեդիային նվիրված Բարքեմփ Երեւան 2012 ոչ ֆորմալ կոնֆերանսին Ալեքսանդր Բոգոմոլովը ներկայացրեց իրենց կայքի փորձը, որի առանցքում Մոսկվայում տեղի ունեցող բողոքի ակցիաների լուսաբանումն է։ Արագ թարմացվող լրահոսը, դեպքի վայրից պատրաստվող մուլտիմեդիա ռեպորտաժներն ու համայնապատկերային լուսանկարները ուշադրություն են գրավում նաեւ իրենց ստեղծարար բաղադրիչով։ «Մոսկովսկիե նովոստի» կայքի գլխավոր խմբագիրը նշում է. «Մենք աշխատում ենք ու միաժամանակ հաճույք ստանում»։

Ձեր կայքը գեղեցիկ ու կրեատիվ է մատուցում լուրը։ Կարելի՞ է ասել, որ օգտատերերն ինֆորմացիայից ոչ այնքան արագություն, որքան ստեղծարար ֆորմա են ակնկալում։

Կարծում եմ, յուրաքանչյուր լրատվամիջոց իր գործն անում է ելնելով լսարանի սպասելիքներից, եւ պետք է հասկանալ, թե ով է քո լսարանը։ Մեզ, օրինակ, կարդում են երիտասարդները (որոնք digital native չեն, այսինքն՝ միանգամից համակարգչով չեն ծնվել), այլ նրանք, որոնք դեռ հիշում են` ինչ է գիրքը, բայց ավելի շատ օգտագործում են թվանշային սարքերը։ Նրանք ինֆորմացիան ընկալում են ոչ այնպես, ինչպես ավելի մեծ տարիքի մարդիկ: Այսինքն՝ ոչ միայն վերբալ, այլեւ վիզուալ ինֆորմացիայի կարիք են զգում: Եվ մենք նրանց սպասելիքները բավարարելու համար պետք է անընդհատ դիզայներական մեթոդներ կիրառենք՝ լավ տեքստը համադրենք լավ պատկերի հետ՝ համայնապատկերային տեսարաններով, որակյալ ինֆոգրաֆիկայով: 

Ընդհանրապես վաղուց արդեն պարզ է, որ մարդն ավելի հեշտ է ընկալում ինֆորմացիան ինֆոգրաֆիկայի միջոցով, այլ ոչ թե միայն տեքստի, մանավանդ, որ տեսքտում մեծ քանակի տվյալներ ու թվեր են մեջբերվում: 

Մոսկվայում տեղի ունեցող հանրային բողոքի ակցիները որոշ իմաստով նաեւ օգնեցին ձեր կայքին պահանջված լրատվամիջոց դառնալ: Այդպե՞ս է։

Բողոքի ակցիաները Ռուսաստանում իրականում մեծ լրատվական հոսք են ստեղծում: Եվ եթե մենք ասում ենք, որ բիզնես ենք

Լսարանի համար ոչ այնքան լրագրողի անունն է կարեւոր, որքան լրատվամիջոցի բրենդը

անում՝ հենվելով լրագրության վրա, ապա պետք է հաշվի առնենք, որ մեծ էֆեկտ են տալիս հենց աղմկոտ իրադարձությունների լուսաբանումը: Լսարանի հետաքրքրության տեսակետից հանրահավաքային ակտիվությունն անկասկած տվել է (եւ տալիս է) առավելագույն էֆեկտը: Այսինքն՝ այդ ինֆորմացիայի պահանջարկը կա:

Եվ քանի որ մենք ինտերնետում ենք աշխատում, հնարավորություն ունենք չափել լսարանի հետաքրքրությունը առցանց ռեժիմով՝ արագորեն տեսնելով այցելությունների բոլոր ցուցանիշները (նաեւ դրանում է մեր առավելությունը հեռուստատեսության ու թերթերի նկատմամբ): Բնական է, որ մենք աշխատում ենք լսարանին տալ այն, ինչ այն ուզում է, միաժամանակ բարձրացնել մեր հեղինակությունը, ստանալ թրաֆիք, պահպանել լսարանի միջուկը:

Պատահանո՞ւմ է, որ հատուկ արագացնել կամ միջամտել եք իրադարձության ընթացքին:

Իհարկե, դա արգելված հնարք է: Մեր առաքելությունը ռեալ իրադարձությունների լուսաբանումն է, այլ ոչ թե դրանց առավել ուռճացումը: Պրովոկացիա չենք անում՝ մնալով փաստը փոխանցողի սահմաններում: Ինչպես ասում էր Լենինը…

Դուք մեջբերում եք Լենինի՞ն:

Պարզապես նրա խոսքերը դաջված էին «Իզվեստիա» թերթում, որտեղ ես նախկինում աշխատում էի: Լենինն ասել էր, որ թերթը ոչ միայն կոլեկտիվ քարոզիչ ու ագիտատոր է, այլեւ կոլեկտիվ կազմակերպիչ: Իհարկե, դա սովետական տարիների մամուլի ընկալում է, հիմա մեդիայի դերն այլ է:

Հիմա, երբ ինտերնետի շնորհիվ լսարանի առջեւ հսկայական ինֆորմացիոն զանգվածներ են բացվել, մեդիայի դերն ավելի շուտ այդ ինֆորմացիայի ֆիլտր դառնալն է: Ինֆորմացիայի քաոսի ու լսարանի միջեւ անպայման պետք է լինեն նման ֆիլտրեր, որոնք կփոխանցեն լսարանին իրապես հետաքրքիր, կարեւոր, նաեւ հուզող ինֆորմացիա: Մեդիա կազմակերպության հաջողությունը կախված է նրանից, թե որքանով այն կգուշակի լսարանի սպասելիքներն ու որքանով ամբողջապես կբավարարի դրանք:

Բարքեմփում նշեցիք, որ ավանդական մեդիայի շարքում անպայման պետք է ընդգրկել YouTube-ը, Twitter-ը, Facebook-ը: Իսկ ո՞րը կարելի է իրապես նոր մեդիա անվանել:

Պետք է գիտակցենք, որ մեր իրականության մեջ, որտեղ մեդիա դաշտում դաժան մրցակցություն կա, ամեն ինչը շատ արագ տեմպով է շարժվում: Եվ այն, ինչ այսօր նորարար է, վաղն արդեն ավանդական է դառնում: Քո ստեղծած ցանկացած նորույթ վայրկենական փոխառվում է մրցակիցների կամ կոլեգաների կողմից, եւ հարկավոր է անընդհատ որոնման մեջ լինել՝ նոր մեթոդներ, նոր մոտեցումներ, նոր ֆորմատներ փնտրել: Ոչ ոք չգիտե, թե մեզ ինչ է սպասում մեկ տարի հետո, միգուցե ինֆորմացիոն չիպերը անմիջապես ուղեղի մե՞ջ տեղադրվեն… Իհարկե, ես հիմա ֆանտաստիկա ժանրի բաներ եմ ասում, բայց այդ մասին մտածել պետք է:

Հիմա, երբ ինտերնետի շնորհիվ լսարանի առջեւ հսկայական ինֆորմացիոն զանգվածներ են բացվել, մեդիայի դերն ավելի շուտ այդ ինֆորմացիայի ֆիլտր դառնալն է

Ամեն անգամ երբ Մոսկվայում նոր բողոքի ակցիաների մասին է հայտարարվում, մենք փորձում ենք դրանք լուսաբանող մի նոր հնարք գտնել: Օրինակ՝ խնդիրը դիտարկում ենք կողքից կամ գլխիվայր շրջում ենք:

Բողոքի դուրս եկած հանրությունը ավանդապես դիտարկվում է որպես ինֆորմացիայի աղբյուր, իսկ մենք մտածեցինք՝ ստոպ, բայց ակցիային մասնակցող 50 կամ 100 հազար մարդիկ ոչ միայն ինֆորմացիայի աղբյուր, այլեւ ինֆորմացիայի սպառող են: Եվ սկսեցինք հատուկ նրանց համար տեղեկություն հաղորդել, պիտանի տեղեկատվություն տարածել։

Դրանով օգնո՞ւմ էիք մարդկանց ինքնակազմակերպվել։

Իհարկե, ակցիայի մասնակիցներն արդեն իսկ ինքնակազմակերպվել էին սոցցանցերի միջոցով, բայց մենք այսօր մրցակցային պայքարի մեջ ենք ոչ միայն այլ մեդիաների, այլեւ բլոգերների, սոցցանցերի այլցելուների հետ, եւ այդ պատճառով էլ աշխատում ենք առաջին հերթին լրագրող լինել։ Այսինքն՝ միայն որակյալ, ստուգված ինֆորմացիա հաղորդել՝ ֆիլտրելով ինֆորմացիայի հեղեղը։ Կարծում եմ՝ դրանում է մեր օգնությունը։

Իսկ այս ինքնակազմակերպվող իրականության մեջ ո՞րն է հեռուստատեսության տեղը։

Ես չեմ կարող խոսել հեռուստատեսության մասին, քանի որ վերջին 10 տարիներին այն չեմ դիտում (թերեւս միայն սպորտային հանդիպումները)։ Հեռուստատեսությունն ինձ համար վաղուց է դադարել ինֆորմացիայի աղբյուր լինել, իսկ զվարճանքի աղբյուր երբեք էլ չի եղել։

Այս տարվա մայիսին չափազանց կարեւոր բան կատարվեց՝ ինտերնետի այցելուների քանակը գերազանցեց հեռուստադիտողների թիվը։ Այդ փաստն ապացուցում է, որ հեռուստադիտողների քանակը շարունակելու է կրճատվել, քանի որ բնականոն կերպով նվազում է այն տարիքային խումբը, որն ավանդապես կապված է եղել հեռուստատեսության հետ։ Իսկ դրանք 50-ն անց մարդիկ են։ Հեռուստատեեսությունն, իհարկե, շարունակելու է աշխատել, բայց պետք է հիշել, որ լսարանը միշտ քվեարկում է ոտքերով։

Եթե հեռուստատեսության երկընտրանք է հայտնվել (ինտերնետի տեսքով), ապա լսարանը անպայման կիսվելու է։ 

Անկեղծ ասած՝ հեռուստատեսության գոյության մեջ ես պրոբլեմ չեմ տեսնում. երբ անձն ընտրելու հնարավորություն ունի, դա արդեն իսկ հիասքանչ է։ Եթե միայն «Պրավդա» թերթ ես կարդում ու «Վրեմյա» ծրագիրը նայում, մի մարդ ես, իսկ երբ դրանց այլընտրանքն ունես, բոլորովին այլ մարդ։

Նոր մեդիան հենց ընտրության հնարավորությունից է սկսվում։

Բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում դժվար չէ՞ խուսափել շեղումներից, աջ կամ ձախ համակրանքներ ցուցադրելուց։

Իհարկե, դա ամենադժվարն է։ Եվ տարօրիանակ է, որ այդ բարդությունը ծագում է առաջին հերթին ընդդիմության կողմնակիցների պատճառով։ Բանն այն է, որ մարդիկ (հատկապես մեծահասակները) դաստիարակված են սովետական պարադիգմայով եւ մամուլը որպես իրենց օգնականն ու գաղափարներն առաջ տանող շարժիչ ուժ են ընկալում։ Իսկ երբ մենք  իշխանության կամ ընդդիմության ոչ ամենալավ կողմերն ենք ցուցադրում, երկու բանակներն էլ դժգոհում են։ Եվ քանի որ ընդդիմությունն ավելի ակտիվ է ինտերնետում, մենք ավելի հաճախ հենց այդ կողմից ենք կշտամբվում։ Մեզ մեղադրում են պատվեր կատարելու, հակառակ կողմի ջրաղացին ջուր լցնելու մեջ։ Իսկ իշխանությունը սովոր է գործել ոչ ֆորմալ մեթոդներով՝ օրինակ՝ դժգոհություն փոխանցող զանգեր կատարելով։

Այնպես որ բողոքի ակցիաները լուսաբանելիս մենք երկու կրակների արանքում ենք հայտնվում։ Մի կողմից իշխանությունն է դժգոհ, որ մենք ընդհանրապես լուսաբանում ենք այդ ակցիաները, իսկ մյուս կողմից՝ ընդդիմություննը, որին երբեմն դուր չի գալիս մեր օբեյկտիվությունը։

Մենք միշտ գրում ենք այն բանի մասին, ինչը տեսնում ենք։ Եվ փորձում ենք ուշադրություն չդարձնել մեղադրանքներին։ Իրականում, եթե ամեն մի գրառում անելու ընթացքում մտածենք՝ ում սա դուր կգա իսկ ով՝ կնեղսրտի, ոչ մի արդյունքի չենք հասնի։

Մեզ մոտ էլ են նույն խնդիրները, լրատվամիջոցները հստակ պատկանելիություն ունեն (իշխանամետ ու ընդդիմադիր)։ Ինչպե՞ս կարելի է ձեւակերպել լավ լրատվամիջոցի բանաձեւը։

Ամեն տեղ էլ նույն խնդիրներն են։ Կարծում եմ՝ լրատվամիջոցի աշխատանքի երկու հիմնական բաղադրատոմս կա՝ գործել օրենսդրության սահմաններում ու չստել։ Հասկանում եմ, որ ասածս փոքր-ինչ պաթոսային է հնչում, բայց դա իրոք այդպես է։

Երբ զրուցում եմ, օրինակ, նորվեգացի լրագրողների հետ ու լսում, որ իրենց թերթը տպագրվում է, ասենք, 1925թ-ից ու

Մեր լսարանի համար թերթը կամ այլ պարբերականը ոչ միայն ինֆորմացիայի, այլեւ իդենտիֆիկացիայի աղբյուր է

իրենք իրավունք չունեն «դեղին» լուր հրապարակելու միջոցով լսարան ավելացնել, հասկանում եմ, որ տասնամյակների ընթացքում ձեւավորված մեդիայի լսարանի լոյալ միջուկը պահպանելը շատ կարեւոր է։ Ընդհանրապես բավական է մի քանի սխալ քայլ անել, որպեսզի այդ լոյալ միջուկը քայքայվի եւ լրատվամիջոցի հեղինակությունն անդառնալի ընկնի ու այլեւս չբարձրանա։

Նկատել եմ, որ մեր լսարանի համար թերթը կամ այլ պարբերականը ոչ միայն ինֆորմացիայի, այլեւ իդենտիֆիկացիայի աղբյուր է։ Մարդկանց դուր է գալիս նույնականացնել իրենց այս կամ այն թերթի հետ։ Ասենք՝ սրճարանում մարդը «Վեդոմոստի» կամ «The Wall Street Journal» է կարդում, եւ բոլորը տեսնում են, որ նա գործարար աշխարհի ներկայացուցիչ է։ Ինչն էլ, ի դեպ, շատ է դուր գալիս օրիորդներին։

Մեր կայքն աշխատում է գրեթե նույն սկզբունքով՝ մեզ համար լսարանի միջուկն ավելի կարեւոր է, քան այցելությունների խելագար քանակը։

Իսկ լրագրողների միջուկի պահպանումը կարեւո՞ր է։ 

Դա բարդ հարց է։ Իհարկե, լսարանը սիրում է ծանոթ, հարգանք ունեցող հեղինակների, բայց նկատելի է, որ մարդիկ գնալով ավելի քիչ են հետաքրքրվում հեղինակի անունով։ Ռուսական լրագրության մեջ (ես, իհարկե, նկատի չունեմ պոպուլյար հեռուստաաստղերի) կարելի է հանրությանը հայտնի ընդամենը10 լրագրողի անուն նշել (այն էլ մեծ դժվարությամբ)։

Լսարանի համար ոչ այնքան լրագրողի անունն է կարեւոր, որքան լրատվամիջոցի բրենդը։ Եվ այդ տեսակետից անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի բրենդի հետ կապվածությունը չթուլանա։ Լրագրողները կարող են փոխվել, իսկ լրատվամիջոցի գաղափարախոսությունը չպիտի տուժի։ Ընդհանրապես բրենդը մաքուր պահելը առաջնահերթ խնդիր է։ 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *