Այսօր աշխարհը կանգնած է նոր մարտահրավերի առջև, որի անունն է կորոնավիրուս։
Ամիսներ առաջ, երբ հիվանդության դեպքերն ի հայտ եկան Չինաստանի Ուհան քաղաքում, աշխարհի տարբեր անկյուններում բորբոքվեցին խտրականության և ատելության օջախներ։
Մարդիկ մեղադրում էին չինացիներին, ռասայական խտրականություն և ատելություն տարածում համացանցում, իսկ հանրային վայրերում շեղ աչքերով մարդկանց տեսնելիս՝ ցուցադրաբար պատնեշվում էին։
Չնայած բոլոր խտրական տեսակետներին, թե կորոնավիրուսով միայն չինացիներն են հիվանդանում՝ պայմանավորված իրենց սննդային և իմունային առանձնահատկություններով, վիրուսը թակեց նաև մահմեդական ու քրիստոնյա ժողովուրդների, ամերիկացիների և եվրոպացիների դռները։
Բացառություն չէինք նաև մենք՝ հայերս, թեև լեգենդներ էին շրջում, որ հայերն ընտրյալ ու առանձնահատուկ ազգ են, գենետիկորեն դիմակայում են ցանկացած համաճարակի, կորոնավիրուսն ի՞նչ է, որ։
Նմանատիպ ատելության ու խտրականության «պատերազմ» հայտարարվեց նաև Էջմիածնում ապրող կնոջ դեմ, որին մեղադրեցին աշխարհի բոլոր «մահացու մեղքերում»՝ կորոնավիրուսն Իտալիայից Հայաստան «տեղափոխելու» համար։
Ընդ որում՝ կինն ամենևին առաջինը չէր: Մենք արդեն ունեինք հիվանդ՝ Իրանից, և մեկուսացված անձինք, որոնց հետ շփվել էր անձը, մինչ բուժհաստատություն դիմելը՝ սկսած տաքսու վարորդից մինչև տվյալ անձի մերձավորներ։
Բայց, նորություն չեմ ասին, որ կանանց մշտապես թիրախավորելն ավելի հեշտ է։
Կինն Իտալիայից ժամանել և մասնակցել էր հատուկ առիթի՝ նշանդրեքի։ Մեզ համար դա սրբազան առիթ է և որևէ վատ զգացողություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ։ Սակայն դարձյալ չէինք իմանա դեպքի մանրամասների մասին, եթե ՀՀ վարչապետն իր ուղիղ եթերում չհայտներ։
Քանի որ խայծն արդեն գցված էր, իսկ Էջմիածինը փոքր քաղաք է, այնտեղ բոլորը գիտեն, թե ում են նշանել, որտեղ է խնջույք կազմակերպվել և այլն, շատ հեշտ էր նույնականացնել կնոջ ինքնությունը։
Թե ինչ կատարվեց հետո, դժվար չէր կռահել։
Համացանցում տարածվեցին կնոջ լուսանկարները, թիրախավորվեց նրա անձնական և ընտանեկան կյանքը, վիրավորանքներ ու լուտանքներ տեղացին նրա հասցեին։
Այս երևույթի դեմ խոսեցին միայն Մարդու իրավունքների պաշտպանն ու որոշ իրավապաշտպաններ։ Մնացած դեպքերում կնոջ թիրախավորումը դարձավ նույնիսկ քաղաքական շահարկումների ու կրակից շագանակներ որսալու առիթ։
Եվ դա այն դեպքում, երբ օրենքով պաշտպանված է մարդու հիվանդության մասին անհատականացնող տվյալներ հրապարակելու արգելքը։ Մենք նման մոտեցում ենք ցուցաբերում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, հոգեկան առողջության խնդիր ունեցող և այլ անձանց պարագայում։
Ավելին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը պարտավորեցնում է ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը։
Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն դատարանի, դատախազության, նախաքննության, հետաքննության, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Նշված տեղեկությունները գրավոր կամ բանավոր եղանակով երրորդ անձանց հասցնելն արգելվում է: Իրավագրագետ հասարակություններում այս մոտեցումը պահպանում են առնվազն հանրային խոսք հնչեցնողները։ Սակայն մենք դեռևս հեռու ենք այդպիսի մոտեցումներից։
Նաև խնդիր է, որ մենք մաս ենք մի հասարակության, որտեղ հաճախ հիվանդություններին լրջորեն չեն վերաբերվում։
Բավական ծանր հարբուխի ախտանիշերով մարդկանց մեջ շրջում ենք, գնում ենք հանդիպումների, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ուղարկում՝ չմտածելով ու չգիտակցելով թե՛ մեր առողջությանը հասցված վնասի, թե՛ մեզ հետ շփվող անձանց սպառնացող ռիսկի մասին:
Դա մեր մշակույթի մեջ է։ Իհարկե, նման ծայրահեղ իրավիճակն ազդակ է, որպեսզի մենք փոխենք մեր մշակույթը, սակայն ոչ ամենևին կնոջը թիրախավորելու միջոցով։ Եվ, առավել ևս, ոչ նրա շուրջ ատելության օղակ ստեղծելով: Դա անընդունելի է:
Հիշենք, որ կյանք կա նաև կորոնավիրուսից հետո, և գիտակցենք, պատկերացնենք, թե ինչպես է անդրադառնալու տվյալ անձի հետագա հարաբերությունների վրա մեր գործունեությունը։
Գործենք մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան և հոգատար լինենք միմյանց՝ առավել ևս հիվանդների նկատմամբ։
Զարուհի Հովհաննիսյան
իրավապաշտպան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: