1914 թվական: «Համաշխարհային պատերազմ», «Հայկական հարց», – այս վերնագրերով էին սկսվում հայկական մամուլում գրեթե բոլոր լուրերը:
Նույն այդ ժամանակ. «Լրագիրները հաղորդում են, թէ յերիտասարդ-թիւրքերի կօմիտէտը պատրաստում է Հայաստանում հսկայական ջարդ և այդ ուղղութեամբ Փոքր-Ասիայի զանազան անկիւններում վայրենի բնազդներով օժտված տարրերը սրեր են սրում…» («Մշակ»,1914, N 25):
Ու խառնակ այդ շրջանում մամուլում հանդիպում ենք արվեստագետների՝ միմյանց քննադատող, միմյանց ոչ կոմպետենտության, կողմնակալության ու «անձեռնհասության» մեջ մեղադրող նամակներին: «Մշակ» թերթի մի քանի համարներում Ալեքսանդր Շիրվանզադեն, Մարտիրոս Սարյանը, Գարեգին Լևոնյանը (գուսան Ջիվանու որդին) մեղադրում էին Էջմիածնի տաճարի վերականգնման աշխատանքները համակարգող հանձնաժողովին՝ ոչ մասնագիտական մոտեցման համար: Մասնագիտական խմբի անդամներից մեկն էլ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանն էր: Քննադատական ամեն նամակին նա համբերատար ու մանրակրկիտ պատասխանում էր՝ չմոռանալով նաև հեգնանքով արձանագրել, որ այնքան էլ հասկանալի չէ Շիրվանզադեի ու Սարյանի նմանօրինակ անհանգստությունը՝ Էջմիածնից մի քանի հազար կիլոմետր հեռվից՝ Մոսկվայից:
«Մենք շարունակում ենք մեր վանդալիզմը: Մեր եկեղեցու ամենաժողովրդական պետը Էջմիածնի չը գիտեմ ինչ հնութեան պատերի վրա շաղախով ծածել է տալիս հայ նկարչի ստեղծագործութիւնը, և մենք ներողամտաբար ժպտում ենք՝ ասելով.
– Դա Խրիմեան Հայրիկն է: Ոչինչ:
…Մենք թոյլ ենք տալիս Էջմիածնի վանքի վերանորոգումը յանձնել անձեռնհաս մարդկանց, որոնք Թիֆլիսում նստած՝ այնտեղից են կարգադրութիւններ անում, գործը թողնելով տգէտ արհեստավորներին: Մենք թոյլ ենք տալիս, որ կոպիտ գիւղացիները օտար արուեստասէրներին այնքան հիացնող դարաւոր շինութիւններից վայրենաբար պոկեն քարերը և գործ ածեն նրանց իրանց ախոռատների վրա: Մենք սոսկալի կեղտի ու ապականութեան մէջ ենք պահում Սևանայ կղզին, Հաղբատը, Սանահինը, Հաղարծինը, որ այնքան սքանչելի հնութիւններ ունեն», – գրում է Ալեքսանդր Շիրվանզադեն՝ իր «Նամակներ Մոսկվայից» հոդվածում («Մշակ», 1914, հունվարի 26, N 18):
«Անտեղի յարձակումն». սա արդեն Էջմիածնի տաճարի վերանորոգման հանձնախմբի անդամ Գևորգ Բաշինջաղյանի արձագանքն է՝ Շիրվանզադեի մեղադրանքներին.
«Այս անզգոյշ տողերի համար նկատողութիւն անելուց առաջ՝ հարկաւոր եմ համարում յայտնել իրան, որ այն անձեռնահաս մարդիկ, որոնց գոյութեան մասին նոր Մօսկվայում է իմացել, կազմում են բարձրագոյն ցենզով մասնագետնէրի մի ստուար խումբ՝ բաղկացած ճարտարապետներից, նկարիչներից ու հնագէտներից:… Ամեն մի քար, ամեն փոքրիկ մասիկ ուսումնասիրվում է բազմակողմանի՝ յաճախ դառնալով անվերջ վէճի ու տարաձայնութիւնների առարկայ: …Ի՞նչն է արդեոք դրդել պ. Շիրվանզադէին քննադատել մի մասնագիտական հարց, որի նկատմամբ կոմպետենտ չէ: Տալիս եմ իրան այս հարցն այն պատճառով, որ Շիրվանզադէն ինքը մօտիկ անցեալում դատապարտեց մի պատկառելի բժշկի, որ քննադատել էր իր մի դրաման՝ համարելով նրան՝ իբրև բժշկի՝ անձեռնհաս թատրօնական գրուածքների համար» («Մշակ», 1914, հունվարի 30, N 21):
«Որովհետև խնդիրը կարևոր է և վերաբերում է հայկական հին ճարտարապետութեան մի նշանաւոր կոթողի պահպանութեան…, մենք յարմար գտանք տպել այսօր և սկուլպտոր պ. Մարտիրոս Սարեանի յոդուածը, որպէսզի առիթ տանք խնդրի լիակատար լուսաբանութեան»,- գրում է «Մշակ»-ի խմբագրությունը:
Իսկ հաջորդ համարներից մեկում ներկայացնում Մարտիրոս Սարյանի հոդվածը:
«Ի՞նչ է անում այդ մասնաժողովը, – գրում է Մ. Սարյանը:- Նա նախ և առաջ որոշել է մաքրել տաճարի գմբէթի ներկը՝ քերելով կտուրի երեսը, և որովհետև սա ծածկուած է եղել իւղով (յուղով-խմբ.), որ լցրել է քարի (տուֆ) ծակոտիները, ու ապա ներկուած ոչ այնքան գեղեցիկ կարմիր ներկով, ինչպէս ականատեսն է պատմում, այժմ այդ մասնաժողովի կողմից կարիք է զգացվել այդ քարի բաւականին նկատելի շերտը քերել և հանել: Բայց գործին ձեռնարկողները սրանով չեն բաւականացել: Րեստաւրացիայի այդ ինքնօրինակ ձևը նրանք գործադրում են և տաճարի բոլորակի (ռուսներն ասում են барабань) վրա:
…Եվ այսօր ականատեսից իմանում եմ, որ տաճարի բոլորակի մի մասը արդեն միանգամայն ոչնչացված է: Ինչո՞վ է տարբերվում այս արարքը այն վերաբերմունքից, որ մի ժամանակ գեղարուեստին մէջ տգետին մէկը կատարել է տաճարի ներսի ֆրեսկերի վրա: …Այստեղ ավելորդ չեմ համարում աւելացնել, որ լաւ կը լինէր, եթե հեռացնէին տաճարի ներսից այնտեղ կախված պատկերները՝ վերածնութեան ոճով, որոնք ոչ մի առնչութիւն չունեն տաճարի ընդհանուր ոճի հետ» («Մշակ», 1914, փետրվարի 1, N 23):
«Պ.Սարեանի նամակի առիթով», – այս անգամ արդեն Մարտիրոս Սարյանի՜ն է արձագանքում Գևորգ Բաշինջաղյանը. «Յարգելի պարոնը դատողութիւններ է անում Մօսկվայից «ականատեսի» տուած տեղեկութիւնների հիման վրա: Թեև պ. Սարեանի դիտաւորութիւնը բարի ու համակրելի է, սակայն պէտք է նկատեմ, որ այդ լեզուով խրատներ տալու համար տասնևերկու հոգի մասնագետներից բաղկացած խմբին և նրա գործունէութեան վրա սև քող գցելու համար բավական չէ երեք հազար վերստ գործի տեղից ց հեռու լինել և ձեռքի տակ ունենալ միմիայն «Ականատեսի» տուած տեղեկութիւնները» («Մշակ», 1914, փետրվարի 5, N 26) :
Խնդրին արձագանքում է նաև Գարեգին Լևոնյանը՝ նկատելով. «Հէնց միայն այն փաստը, որ հայ ճարտարապետութեան պատմական ու տեսական խնդիրներում եզակի դիրք ունեցող Թորոս Թորոմանեանը , ինչպէս և՝ պատմագէտ-նկարիչ և ստիլիստ նկարիչ Վարդգէս Սուրենեանը դուրս են մնացել այդ յանձնաժողովից, մի բացասական ապացոյց է» («Մշակ» 1914, փետրվարի 4, N 25):
«Այս էլ՝ Պ, Լեւոնեանի նամակի առիթով», – դարձյալ արձագանքում է Գևորգ Բաշինջաղյանը. «Պ.պ. Շիրվանզադէն ու Սարէանն իրենց նպատակին հասնելուց յետոյ, վերջապէս հանդես եկավ պ. Լևոնեանը:
Պարոնը կասկածի տակ դնելով Էջմիածնի վերանորոգութեան համար կազմված մասնաժողովի անդամներին՝ առաջարկում է ինձ յայտնել նրանց անունները:
Ամենայն ուրախութեամբ կը կատարեմ նրա ցանկութիւնը՝ ծանօթացնելով թէ իրան, թէ հետաքրքրվող ընթերցողներին ամբողջ կազմի հետ, բայց շատ ցավում եմ, որ պ. Լևոնենանը իր յօդուածով անյարմար դրութիւն է ստեղծել իր համար:
..Նրա կարծիքով՝ բարձրագոյն ցենզով ճարտարապետներ կարող են լինել անձեռնահաս հայկական եկեղեցու վերանորոգութեան գործի մէջ, իսկ ինքը, Շիրվանզադե և Սարեանը, կարող են հեռու տեղից ձեռնհաս կրիտիկոսներ լինել միևնոյն հարցի վերաբերեալ: Բացի այս՝ նրա կարծիքով, գործը հաջող ընթացք կունենար միայն այն ժամանակ, եթե մասնաժողովի կազմի մէջ լինեին պ.պ. Թ. Թորոմանեանը և Վ. Սուրենէանը:
…Մեր դժբաղդ ազգի յատկանիշն է լինել միշտ անզգայ և անկարեկից դէպի իր տանջվող հարազատը, օգնութեան կարօտ ապագայ խոստացող պատանի կամ քայքայվող հայրենի կոթողը: Բայց Աստված մի արասցէ , եթէ մէկը ձեռնամուխ եղաւ բարի ու ազգօգուտ գործ կատարելու, և եթէ այդ բանը յայտնի դարձաւ, անմիջապէս նրա գլխին թափվելու է հազար ու մի հայհոյանք, մեղադրանք ու բամբասանք: Մենք ամէնքս այդպէս ենք, գուցէ նոյնիսկ առանց բացառութեան » («Մշակ» 1914, N 30):
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: