Հանրային հեռուստաընկերության լրատվական գլխավոր թողարկման անվանումը սահմանում է դրա տևողությունը՝ «Լուրեր 60 րոպե. Գլխավոր թողարկում»։ Գրեթե վայրկյանային ճշգրտությամբ պահպանվող ժամանակը խախտվեց փետրվարի 6-ին։ Բացի 6 րոպե 10 վայրկյան անդրադարձից, թողարկմանը հաջորդում է Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե 36 րոպե տևողությամբ ելույթը։ Ապա այն, լրատվականի տեսանյութի հետ՝ որպես մեկ ամբողջություն, տեղադրվում է «Լուրեր»-ի YouTube-ի ալիքում։
2020 թվի փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկման էր դրված «Իմ քայլ»-ի մի խումբ պատգամավորների Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Այս թողարկումից հետո Media.am-ը որոշեց մեկ շաբաթվա կտրվածքով պարզել, թե հանրապետական սփռում ունեցող և պետական բյուջեից հանրային ծառայություն մատուցելու համար ֆինանսավորվող հեռուստաալիքը իր գլխավոր թողարկման 60 րոպեում ինչքան ժամանակ է հատկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մեկշաբաթյա մշտադիտարկումը իրականացնելիս որոշեցինք բաց թողնել տվյալ թողարկմանը հաջորդող՝ փետրվարի 10-17-ի շաբաթը, քանի որ այս ընթացքում վարչապետը պաշտոնական այցով Գերմանիայում էր, դե իսկ լուսաբանման ծավալը, բնականաբար, սովորականից ավելի շատ։ Փոխարենը մենք դիտարկել ենք փետրվարի 17-23-ն ընկած բոլոր գլխավոր թողարկումները, առանձնացրել, թե ինչ առիթներով և ինչ ծավալով է «Լուրերը» լուսաբանում Փաշինյանի հետ կապված իրադարձությունները։ Այս քանակական հաշվարկներում ներառված չեն լուրերի անոնսները։
Փաշինյանի ուղիղ խոսքի ու լրագրողական տեքստի ծավալը
Այսպես, 7 օրվա ընթացքում «Լուրեր»-ի գլխավոր թողարկման շուրջ 420 րոպեից մոտ 42 րոպեն հատկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա ենթադրում է պաշտոնական տեղեկատվություն և վարչապետի ֆեյսբուքյան հրապարակումներով օրակարգ բերված հարցերի լուսաբանում։
Լուսաբանումներից մի քանիսում Փաշինյանի ուղիղ խոսքը գերազանցում է լրագրողական տեքստին, իսկ որոշ դեպքերում լուրերի մեկնաբանի մի քանի վայրկյան տեքստին հաջորդում է վարչապետի՝ մի քանի րոպե տևողությամբ, առանց ընդհատումների ուղիղ խոսքը։ Մանրամասները ստորև.
- Յարխուշտայի փառատոնի 2։49 ր անդրադարձի 2։35 ր Փաշինյանի խոսքն է՝ առանց դադարի։
- Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի 8։28 ր լուսաբանման շուրջ 7։34 ր Փաշինյանի ուղիղ խոսքն է։
- ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի կիրակնօրյա անդրադարձում ուղիղ խոսքի ծավալը նվազել է, բայց լրագրողական նյութում Փաշինյանի խոսքը, այնուամենայնիվ, գերազանցում է լրագրողական տեքստին՝ կազմելով 5 ր անձրադարձի շուրջ 3 ր-ն։
- Հանրայինին տված հարցազրույցի կիրակնօրյա 6։32 ր անդրադարձի 5։15 ր-ն վարչապետի ուղիղ խոսքն է։
«Լուրեր»-ի և Նիկոլ Փաշինյանի ստեղծած բովանդակությունը
Բացի քանակական հաշվարկից մենք որոշեցինք նաև պարզել, թե վարչապետի ֆեյսբուքյան էջի օրակարգը ինչպես է ազդում Հանրայինի լրատվականի բովանդակության վրա։
Այսպես, ուսումնասիրվող մեկ շաբաթվա ընթացքում մենք հանդիպեցինք բովանդակային կրկնությունների։ Օրինակ, փետրվարի 17-ի թողարկմանը անդրադառնում են (12։17 րոպե) armenpress.am-ի հրապարակմանը, թե Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հարցազրույցն իրական է, Ալիևը ստում է։ Հաջորդ օրը՝ փետրվարի 18-ին, Փաշինյանը կիսվում է նույն հրապարակմամբ։ Կամ հակառակը՝ Փաշինյանը կիսում է RyanAir-ի անդրադարձը Երևանին, նույն օրվա թողարկման մեջ նույն հոդվածի բովանդակությունը մանրամասն ներկայացվում է Հանրայինով (48:35 րոպե)։
7 օրվա ընթացքում 27 անդրադարձից 9-ը (1 կրկնություն) առնչվում էր սոցցանցերում Փաշինյանի ստեղծած բովանդակությանը։ Ստորև դրանք ընդգծված են թավ գույնով։
ՕՐ 1. Երկուշաբթի՝ փետրվարի 17
1. Խորհրդակցություն ԶՈՒ զոհերի դեպքերի վերաբերյալ։
2. Փաշինյանի Մյունխենյան սկզբունքների գրառման ամբողջական ընթերցում։
3. Վարչապետը մասնակցել է «Իմ քայլի» փակ նիստին։
4. Փաշինյանը շնորհավորել է Լիտվայի վարչապետին։
5. Փաշինյանի ցավակցական հեռագիրը լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ։
Նույն թողարկման հյուրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Կառավարությանն առընթեր գործող «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Վերջինս, 8։22 րոպե տևողությամբ հարցազրույցում Մյունխենյան պանելային հանդիպմանը բացառապես դրական փորձագիտական գնահատական է տալիս Փաշինյանի մասով։
ՕՐ 2. Երեքշաբթի, փետրվարի 18
1. Հարկային բարեփոխումների հայեցակարգի քննարկում։
2. Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին։
3. ԶՈՒ-ում կադրային փոփոխությունների մասին ռեպորտաժում մեջբերում Փաշինյանի գրառումից։
ՕՐ 3. Չորեքշաբթի, փետրվարի 19
1. Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցի անդրադարձում այս առիթով վարչապետի երկու թվիթների (մեկ, երկու) ամբողջական ընթերցում։
2. Վարորդական իրավունքից զրկվելու պատճառները. անդրադարձ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին։
3. Կանցկացվի Յարխուշտայի փառատոն։
4. Հիշարժան փաստաթղթի՝ 105-ամյա քաղաքացուն ՀՀ քաղաքացիություն շնորհելու գրառման ընթերցում։
5. Գրքի տոնի առթիվ վարչապետը այցելել է բնակարաններ և գրքեր նվիրել. ֆեյսբուքյան ուղիղ եթերից դրվագներ։
ՕՐ 4. Հինգշաբթի, փետրվարի 20
1. Վարչապետը ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ։
2. Կառավարության նիստ։
3. Պետրոս Ղազարյանի՝ վարչապետի հետ հարցազրույցի անոնսը։
4. Փաշինյանի ցավակցական հեռագիրը Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ։
5. Փաշինյանի ցավակցական հեռագիրը Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ։
ՕՐ 5. Ուրբաթ, փետրվարի 21
1. ՀՀ արտադարական պոտենցիալը վերականգնվում է. Փաշինյանի գրառման ընթերցում։
2. ԿԲ-ն այսօր ևս 10 մլն դոլար գնեց. Փաշինյանի գրառման ընթերցում։
3. Ցավակցական հեռագիր Մերկելին։
4. Պարգևատրվել են Հայաստանի լավագույն տասը մարզիկները։
5. Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի ամփոփումը և Փաշինյանի գրառման բովանդակությունը, թե 2019 թվականին արձանագրվել է 7.6 % տնտեսական աճ, դառնում է 8։33 տևողությամբ հարցազրույցի առիթ, որի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն է։
ՕՐ 6. Շաբաթ, փետրվարի 22
Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
ՕՐ 7. Կիրակի, փետրվարի 23
1. ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։
2. Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցը։
3. Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը։
Փաշինյանի գրառումներից որոնք են դուրս մնացել լրահոսից
Ստացվում է, որ Փաշինյանի գրառումների մեծ մասը տեղ են գտել Հանրայինի օրակարգում։ Իսկ սրանք այն գրառումներն են, որոնք ոչ մի կերպ «Լուրեր»-ի գլխավոր թողարկումներում տեղ չեն գտել։
- «Այո» լա՞վ, թե վա՞տ ասֆալտին. հանրաքվեի քարոզչություն։
- Կենտրոնական բանկը իրականացրել է 10 միլիոն դոլարի գնում։
- Ընտանեկան լուսանկար՝ «Գարուն Երևան» մակագրությամբ։
- Հանրաքվեի քարոզարշավի երգը։
Արշալույս Բարսեղյան
Մի հատ տեսախցիկ թող խփեն սիրելի վարչապետի վրա և առավոտից երեկո Հ1 -ով ցույց տան, լուրերը մեր ինչի՞ն է պետք: Մեր վարչապետը և լուրեր է, և բանավեճ, և հաց, և պանիր: Պետոյի ցավը տանեմ, մենք իր նման լուրերի ղեկավար չենք ունեցել: Ապրի ինքը: Դուք էլ սովորեք թե ինչպես պետք է լինի լուրերի թողարկումը: