2012.05.08,

Քննադատ

DDoS-ը դառնում է ավանդու՞յթ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մինչեւ վերջերս DDoS հարձակումների մասին մենք Հայաստանում ավելի շատ գիտեինք մամուլից, քանի որ մեզ մոտ նման բաներ գրեթե չէին կատարվում։ Աշխարհում նման տիպի հաքերային հարձակումները դարձել են բավականին ընդունված։ Դրանք հիմնականում կիրառվում են բիզնեսի ոլորտում, երբ մրցակիցները փորձում են թեժ պահերին ասպարեզից դուրս հանել իրար։ Եվ, իհարկե, քաղաքականության մեջ։

Վերջին օրինակներից․ Ռուսաստանում դեկտեմբերին անց կացված Պետդումայի ընտրություններին DDoS հարձակումների միջոցով լռեցվեցին հիմնական ընդդիմադիր կայքերը։

Հայաստանում հաքերային հարձակումները բոլորիս ավելի հայտնի են ադրբեջանական եւ թուրքական հաքերների կողմից կայքերի դեմ իրականացվող ոտնձգություններով։ Խոշոր DDoS հարձակում մեկ անգամ արձանագրվել է 2005 թվականի ամռանը, երբ մոտ վեց շաբաթ գրեթե բոլոր հայկական ֆորումները անհասանելի էին։ Այդ ժամանակ պատվիրատուն այդպես էլ մնաց անհայտ՝ չնայած, բոլորի կասկածները ուղղված էին դեպի դուրս. այդ ժամանակ ցանցային հարթակները ներքին հասարակական-քաղաքական ազդեցություն գրեթե չունեին։ 

Այս խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ DDoS հարձակումները դարձան ներքին քաղաքական հարց։ Նախընտրական փուլում՝ արդեն եզրափակչի ժամանակ Blognews.am կայքը, ուր կուտակվում են սոցցանցերի եւ բլոգոլորտի գրառումները, ապրիլի 20-ի առավոտից ենթարկվեց հարձակման, ինչի պատճառով չգործեց մոտ երկու օր շարունակ։

Մայիսի 2-ին հարձակման ենթարկվեց ամենաընթերցվող ցանցային ԶԼՄ-ներից մեկը՝ 1in.am կայքը, որը նույնպես մոտ երկու օր չգործեց այդ պատճառով։

Ընտրությունների օրը հարձակման ենթարկվեց iditord.org կայքը, ուր օնլայն տեղադրվում էին ընտրախախտումների մասին քաղաքացիները ահազանգերը։ Կայքը չգործեց մոտավորապես ժամը 16-ից մինչեւ 19-ը՝ չնայած, որ հարձակումը շատ ուժեղ էր: Սակայն նախորդ երկու դեպքերի իմացությունը թույլ տվեց նախորոք պատրաստվել, եւ այդ իսկ պատճառով աշխատանքի խափանումը կարճ եղավ։  

Խիստ մտահոգիչ է, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում DDoS հարձակումները կարծես թե ավանդական են դառնում։ Դրանք խիստ վտանգավոր են մի քանի պատճառով․

ա․ Նույնիսկ լավ պաշտպանված կայքերը չեն կարողանում դիմակայել նման հարձակումներին։ Նման հարձակումներին նախապես պատրաստվելը կապված է լուրջ ֆինանսական ծախսերի հետ, ինչը հայաստանյան ԶԼՄ-ների մեծ մասի համար, միանշանակ, խնդիր է:

բ․ Նման հարձակումների դեպքում, նույնիսկ եթե արագ պաշտպանական գործողություններ են կատարվում, անցնում է ժամանակը, որը, օրինակ, ընտրությունների ընթացքում, կարող է բախտորոշիչ լինել:

գ․ DDoS հարձակումների պատվիրատուներին գտնել գրեթե անհնարին է, քանի որ նրանք օգտվում են ուրիշ երկներում գտնվող հաքերների ծառայություններից։ Օրինակ՝ հայաստանյան հարձակումները կարող էին պատվիրված լինել կա՛մ որեւէ ներքին քաղաքական ուժի կողմից, կա՛մ, նույն հաջողությամբ, դրսի ուժերի կողմից, որոնք ցանկանում էին ապակայունացնել ներքին իրավիճակը։ (Հետաքրիքր մի փաստ, որը նույնպես մի քանի բացատրություն կարող է ունենալ․  iDitord-ի վրա հարձակումը կատարվում էր այն վարակված համակարգիչներից, որոնք նույն ժամանակ հարձակվում էին ռուսական “Эхо Москвы” կայքի վրա)

Հավելում. DDoS-ը մեծ քանակի վարակված համակարգիչների հարձակումն է։ Այսպես կոչված «զոմբի» համակարգիչները մեծ քանակով կեղծ այցելություններ են ստեղծում, ինչի հետեւանքով կայքը դադարում է իր գործունեությունը։ Նման հարձակումների դեպքում շատ դժվար է գտնել պատվիրատուին, քանի որ վարակված համակարգիչները հեռակառավարվում են։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *