2020.02.19,

Նյուսրում

Արցախի ընտրություններում Հանրայինը քաղաքական գովազդի մենաշնորհ չի ունենա

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Մարտի 31-ին Արցախում նախատեսվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Լրատվամիջոցներում ԱԺ ընտրություններին դեռ քիչ տեղ է հատկացվում․ բոլորն անդրադառնում են նախագահականին ու նրա թեկնածուներին։ 

Ըստ 2017-ին Արցախում ընդունված նոր Սահմանադրության այսուհետ այս երկու ընտրությունները անցկացվելու են համատեղ։ Իսկ Ազգային ժողովի պատգամավորներն ընտրվելու են միայն համամասնական ընտրակարգով՝ թեկնածուներն ընտրվելու են կուսակցական ցուցակներով։ 

Թեկնածուների առաջադրումը փետրվարի 5-15-ն էր, իսկ գրանցումը՝ փետրվարի 16-26-ը։ 

Այս նախագահական ընտրություններին աննախադեպ թվով թեկնածուներ են առաջադրվել․ նախագահի պաշտոնին հավակնում են 14 հոգի, ընդ որում՝ երկուսը կանայք են (սա Արցախի պատմության մեջ առաջին դեպքն է)։ Ի դեպ, մի քանի թեկնածուների անունները հայտնի չեն անգամ արցախցի  լրագրողներին։ 

Խորհրդարան մտնելու ցանկություն են հայտնել 2 կուսակցությունների դաշինքներ ու 10 կուսակցություններ։ 

Նախընտրական քարոզչությունը մեկնարկում է փետրվարին 26-ին և կտևի մինչև մարտի 29-ը։  

Հայտնի են հեռուստատեսությունում եւ ռադիոյում քաղաքական գովազդի գները։ 

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Արցախի հանրային ռադիոյի և հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը կկազմի ռադիոյով 2160 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) և հեռուստատեսության համար 4320 դրամ  (ներառյալ ԱԱՀ-ն): 

Այս անգամ քաղաքական գովազդի մենաշնորհը հանրային հեռուստառադիոընկերությանը չի լինի․ գովազդի հնարավորություն կա նաև «Արցախկապ» ՓԲԸ- նոր «AR TV» հեռուստաալիքով․  քաղաքական գովազդի 1 րոպեի գինը այստեղ կկազմի 8000 դրամ։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ նախորդ համապետական երկու ընտրությունների ժամանակ սակագները այսպիսին էին․ 2012թ․ նախագահական ընտրությունների ժամանակ հանրային հեռուստատեսության եթերաժամի մեկ րոպեի սակագինը 35 000 դրամ էր, իսկ ռադիոյինը՝ 20 000 դրամ։ 

2015թ․ԱԺ ընտրությունների համար հանրային հեռուստատեսությունը ծառայությունների մեծ ցուցակ էր ներկայացրել, ըստ որի՝ հեռուստատեսության հուշարարով 1 րոպե եթերի տրամադրման սակագինը սահմանվել է 35 000 դրամ, առանց հուշարարի՝ 30 000 դրամ։ Մեկ անգամ տեսահոլովակի պատրաստման և հեռարձակման րոպեի գինը 75 000 դրամ, տեսաակնարկի պատրաստման և հեռարձակման գինը՝ 60 000 դրամ։ Պատրաստի տեսանյութի հեռարձակումը մինչև 1 րոպե 3600՝ առանց ԱԱՀ։ 

Ռադիոյի 1 րոպե եթերի տրամադրման սակագինը այդ տարի սահմանվել է 10 000։ Մեկ անգամ ռադիոհոլովակի պատրաստման և հեռարձակման սակագինը՝ 15 000 դրամ։ Պատրաստի ռադիոհոլովակի հեռարձակումը մինչև 1 րոպե 3600 առանց ԱԱՀ։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *