Փետրվարի սկզբին հայաստանյան հայտնի լրատվամիջոցները կեղծ տեղեկություն տարածեցին՝ հիմնվելով ընդամենը մեկ չստուգված ֆեյսբուքյան գրառման վրա, իսկ քաղաքական գործիչները նորից շահարկեցին Ղարաբաղյան հակամարտությունը։
ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է
Փետրվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց այն մասին, որ Արցախի ռեստորաններից մեկում ճաշելուց հետո նրան չեն տրամադրել ՀԴՄ կտրոն։ «Մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում)»,- նշել էր Փաշինյանը:
Փաշինյանի այցելած Ari Resort ռեստորանի սեփականատեր, ռեժիսոր Արշակ Զաքարյանը նույնպես անդրադարձել էր թեմային։ Զաքարյանը նախ նշել էր, որ սարքի հետ խնդիր կար, ապա ասել, թե իր ռեստորանը հաստատագրված հարկ է վճարում Արցախի օրենքի համաձայն, և հաստատագրված վճարը նույնն է անկախ նրանից, թե ինչքան ՀԴՄ կտրոն կտպվի, հետևաբար իրենց համար կտրոն տպել կամ չտպելը մեկ է։
Այս պնդումը սխալ է։ Fip.am-ի հետ զրույցում ԱՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ Արմինե Մուսայելյանը տեղեկացրել էր, որ ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է, քանի որ դրանից է կախված եկամտահարկի չափսը։ ՀԴՄ կտրոն չտպելը փաստացի նշանակում է եկամտահարկի թաքցնում։
Առանց դատարանի գույք չի բռնագանձվի
Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը 168.am-ին տված հարցազրույցում նշել էր, թե կառավարությունը օրենք է քննարկում, ըստ որի՝ «կարող են գույքդ ձեռքիցդ վերցնել առանց դատարանի»։
Ավելի վաղ նման պնդում պարունակող վերնագրով հոդված հրապարակել էր Sputnik Armenia կայքը։
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրինագծին վերաբերվող այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Օրինագիծը պարտադրում է դատական որոշման առկայություն գույքը բռնագանձելու համար։ Պարտադիր չէ միայն մեղադրական դատավճռի առկայությունը։
99 համարի երթուղայինի վարորղը հարբած է երթևեկել
Փետրվարի 7-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքեց «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը այն մասին, թե վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորղը խմած չի եղել։
«Ինչո՞ւ էր ստում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը» խորագրով հոդվածը վերատպել էին News.am, Hayeli.am, 168.am, Tert.am և այլ լրատվականներ։
Կարապետյանը նշեց, որ իր` վարորդի հարբած լինելու մասին տարածած տեղեկությունը հիմնված է եղել Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության վրա, ըստ որի՝ «վթարից անմիջապես հետո կատարված զննությամբ պարզվել է, որ վարորդի արտաշնչած մեկ լիտր օդի մեջ մաքուր ալկոհոլի քանակությունը կազմում է 0,989 մգ»:
Մարությանի կինը չի միջամտում պաշտոնյաների նշանակումների գործին
«Ժողովուրդ» թերթը գրել էր նաև, թե Հայկ Մարությանի կինը միջամտում է քաղաքապետի գործունեության մեջ և միջնորդում պաշտոնյաների նշանակման հարցով։
Թերթը հայտնել էր․ թե «ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին և կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլևս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց և առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաև կնոջ հետ և լսել վերջինիս»։
Տեղեկությունը վերատպեցին Panorama.am-ը, News.am-ը, Tert.am-ը և այլ լրատվականներ։
Մարությանը հերքեց այն տեղեկությունը, թե իր կինը ազդեցություն ունի նշանակումների վրա։ Նա սակայն հայտարարեց, որ նիստի մասին որևէ տեղեկություն տալ չի կարող, քանի որ այն փակ է եղել։
Արման Աբովյանի հայտարարության աղբյուրը արդեն հերքված պնդումներն էին
Փետրվարի 11-ին ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, թե, հնարավոր է, քննարկվում է Արցախում հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցումը։
Ըսկ Աբովյանի, տեղեկությունը նա վերցրել էր «արտասահմանյան»՝ «հիմնականում եվրոպական» մամուլից։
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում, սակայն, Աբովյանը ասաց, որ վրիպել է, և տեղեկությունը իրեն հասել էր տեղական մամուլից։
Ըստ Fip.am-ի՝ տեղեկության սկզբնաղբյուրը ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարություններն էին, որոնք ԱԳՆ-ն հերքել էր դեռ հունվարի 30-ին և փետրվարի 7-ին համապատասխանաբար։
Լրատվամիջոցները տարածեցին վրացալեզու ֆեյսբուքյան գրառման չստուգված տեղեկությունը
Փետրվարի 13-ին ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանը հրապարակեց տեղեկություն այն մասին, թե Հայաստանի պատվիրակությունը Բեռլինում ապրում է 400-ից մինչև 900 եվրո արժողությամբ համարներում։ Այս տեղեկությունը Բաբայանը վերցրել էր Lali Chachauri անունով ֆեյսբուքյան օգտատերի էջից, որը, ըստ Բաբայանի, հյուրանոցի աշխատակից է։
Այս գրառման հիման վրա հոդվածներ հրապարակեցին Aysor.am-ը, 7or.am-ը, Blognews.am-ը և մի շարք այլ կայքեր։
Նույն օրը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքեց տեղեկությունը, նշելով, որ հայկական կողմի կեցության ծախսերը հոգում է գերմանական կողմը։ Աղաջանյանը գրեց, որ սխալ է նաև հյուրանոցի համարների արժեքը։
Էմիլ Բաբայանը խմբագրեց գրառումը` տեղեկացնելով իր հետևորդներին Աղաջանյանի հերքման մասին։ Սակայն նա հրաժարվեց ընդունել, որ ապատեղեկատվություն է տարածել, գրելով, թե ինքը ընդամենը փոխանցել է այն, ինչ գրել էր Lali Chachauri օգտատերը (որը հրաժարվել էր մեկնաբանություն տալ Բաբայանին և վերջինիս գրառման պահին արդեն ջնջել էր իր հրապարակումը)։
Փոխքաղաքապետը Վերմիշյանի քրեական գործի հետ առնչություն չունի
«Հրապարակ» թերթը գրեց, թե Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, ով, ըստ թերթի, համակարգում է շինարարության ոլորտը, անցնում է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին վերաբերվող քրեական գործով։
Թերթը փորձել էր ճշտել իր ստացած տեղեկությունը, բայց հաստատում չէր ստացել։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցը հրապարակել էր չհաստատված տեղեկությունը։
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքեց «Հրապարակի» պնդումը, նշելով, որ Սարգսյանը ոչ միայն առնչություն չունի Վերմիշյանի քրգործի հետ, այլև չի համակարգում շինարարության ոլորտը։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: