Մինչև անկախության հռչակումը՝ խորհրդային տարիներին հիմնադրվել ու հրատարակվում էին այսպես կոչված ինքնահրատ («սամիզդատ») թերթեր: Դրանք լույս էին տեսնում ոչ ավանդական, կարելի է ասել՝ «տնայնագործական» եղանակով: Միանգամայն ինքնուրույն էին և մնացած թերթերից տարբերվում էին ոչ միայն հրատարակման ձևով ու հաճախ սահմանափակումներ չդնող բովանդակությամբ, այլև տարածման եղանակով: Չնայած ոչ մեծ տպաքանակներին՝ այս թերթերը նույնպես որոշակի ազդեցություն ունեին հասարակական տրամադրությունների վրա:
Դրանց մեջ աչքի էր ընկնում ՀՀՇ լրատվական կենտրոնի թողարկած «… և այլն»-ը, որի գլխավոր խմբագիրը Ալեքսանդր Արզումանյանն էր: Հայտնի էին նաև ռուսալեզու «88», ԱԻՄ-ի հրատարակած «Անկախություն», «Ինքնորոշում» թերթերը, «Գոյապայքար» միության «Մաշտոց», պարբերականը…
Այս «սամիզդատները» հետագայում կամ պիտի դադարեցնեին իրենց գոյությունը, կամ վերափոխվեին ու վերահրատարակվեին որպես ավանդական չափանիշներով ընկալվող լրատվամիջոց:
Թերթերը տպագրվում էին «Պարբերական» (այժմ ՝ «Տիգրան Մեծ») հրատարակչության տպարանում: Արդեն իսկ ի հայտ եկած տնտեսական դժվարությունները, որոնցից գլխավորը սնկի պես աճող թերթերին թղթով ապահովելն էր, այսինքն՝ թղթի սակավությունը, նաև՝ տպագրական տեխնիկայի ֆիզիկական ու բարոյական մաշվածությունը, առանց որոնց մամուլի ոտքերը կապված ու թևերը կտրված էին,- մեզ կատարյալ կախվածության մեջ էին պահում տպարանից:
Նոր պայմաններում «Պարբերականի» կոլեկտիվում առաջացել էին ներքին հակասություններ, որոշակիորեն անառողջ մթնոլորտ՝ կոլեկտիվը ղեկավարելու հավակնություն ունեցողների, նրանց համակրող խմբավորումների միջև: Այս մասին «Հայքը» նամակ ստացավ տպարանի աշխատողներից: Նամակի հիման վրա հոդված գրեցի: Խնդիրները ներկայացրի բաց, առանց լղոզելու, սկսած բանվորների աշխատանքային պայմաններից, սնվելուց ու այլևայլ մանրուքներից, վերջացրած տպարանի մթնոլորտն առողջացնելու վերաբերյալ աշխատակիցների իրարամերժ տեսակետներից:
… Այդ ժամանակ թերթի բոլոր նյութերը մեքենագրված ուղարկվում էին տպարան, լինոտիպիստը դրանք նորից էր հավաքում, և կապարե տաք ու ծանր շերտերին (սիգարետի տուփի բարձրությամբ ու լուցկու հատիկի հաստությամբ) ձուլված տողերով հոդվածները՝ ըստ ներկայացված մակետի, լինոտիպ մեքենայից ձեռքով տեղադրվում էին էջերում, եթե ավելացած տողեր կային՝ տեղադրվում էին հոդվածի կողքը, որ հետո կրճատեինք, ապա պատրաստի էջը չորս կողմից պտուտակներով ձգելով՝ վարպետ Զալիբեկը մետաղե սայլակի վրա քշում էր դեպի օտիսկ հանող մեքենան, ներկ քսում, թուղթ փռում էջի վրա, օտիսկ հանում, որը պիտի տպարանի հերթապահը սրբագրեր… Մի առանձին՝ ոչ պակաս աշխատատար «ծես» էր լուսանկարների՝ վաղօրոք պատվիրվող չափերով ու այլևս անփոփոխելի կլիշեներ ստանալը… Մի խոսքով, թերթի տպագրությունը մի քանի ճակատով ծավալվող օպերացիա էր, ժամանակակից տպագրության համեմատ մի աներևակայելի տևական ու մանրակրկիտ գործընթաց, որի միայն ամբողջական նկարագրությունից այսօրվա խմբագիրներն ու լրագրողները կարող են հայտնվել խորը ընկճախտի մեջ ու այլևս չվերադառնալ լրագրություն…
Տպարանի աշխատակցուհին հոդվածը շարելիս անմիջապես հասկանալով, թե ինչ մասին է այն, տեղեկացրել էր ղեկավարությանը… Նույն արտադրամասում հրավիրվեց տպարանի կոլեկտիվի ժողով, հնչեցին ելույթներ, և ամենքը («ընդդիմադիրները», բնականաբար, ժողովին չմասնակցեցին) միահամուռ մեղադրեցին հոդվածի հեղինակին իրականությունը խեղաթյուրելու և հարցերը միակողմանի ներկայացնելու մեջ, դատապարտեցին հոդվածում տեղ գտած վտանգավոր թեզերը և միաձայն որոշում կայացրին չտպագրել «Հայքի» այդ համարը, եթե այդ հոդվածը չհանվի թերթից:
Ես չէի հավատում, որ նրանք կարող են իրենց ուզածն անել՝ հանել հոդվածը թերթից: Բայց որքան մեծ եղավ հիասթափությունս, երբ տպարանի՝ սրբագրիչների համար առանձնացված սենյակում գտնվող Սամվել Գևորգյանն սկսեց համոզել ինձ, որ չհակառակվեմ տպարանի կոլեկտիվին, ընդունեմ նրանց պայմանը, քանի որ, ի վերջո, մենք շարունակելու ենք թերթը տպագրել այնտեղ…
Ես բախվել էի դեռևս կենսունակ սովետական բյուրոկրատիայի կարծր պատին: Համոզված էի, որ հակառակը պնդողներն անհամեմատ շատ էին, բայց նրանք չգնացին առճակատման, չմասնակցեցին ժողովին: Իմ աչքի առաջ ժողովրդավարության դեմագոգիայի վառ դրսևորումն էր, և ես մնացել էի այս մռայլ պատկերին դեմ հանդիման: Ես հասկանում էի, որ դա ոչ միայն իմ պարտությունն էր, այլև ազատ խոսքի նահանջն էր նույն այդ սովետական՝ դեռևս անհաղթահարելի ընկալումների դեմ, դա իմ պարտությունն ու նահանջն էր իրենց անձնական ու խմբակային շահերն ամեն ինչից վեր դասողների, նաև՝ իրենց իրավունքների համար պայքարի կեսից ետ դարձողների պատեհապաշտության առջև:
Այդ շրջանում «Պարբերական» հրատարակչությունը, որը փաստորեն այդ ոլորտի մոնոպոլիստն էր, մերթընդմերթ գուժում էր, թե թուղթը վերջացել է, հանրապետությունում թուղթ չկա, և հաջորդ խմբաքանակը զգալիորեն թանկ է լինելու: Մեկ այլ մոնոպոլիստ՝ «Հայմամուլը», պարբերաբար բարձրացնում էր թերթերի վաճառքից իր շահաբաժնի տոկոսը, վկայակոչելով թերթերը մարզեր հասցնելու դժվարությունները, պատճառաբանելով իր քայլը բենզինի և այլ ծախսերի ավելացմամբ: Առանց այս էլ այդ ծանր տարիներին նյութական զրկանքներ կրող ընթերցողը հազիվ թե ըմբռնումով վերաբերվեր թերթերի գինը բարձրացնելուն, և ֆինանսական դժվարություն կրող խմբագրությունները հայտնվում էին գրեթե անելանելի վիճակում: Որքան էլ շատերի համար աներևակայելի էր, բայց ամենածանր վիճակում հայտնվեց իշխող կուսակցության պաշտոնաթերթ «Հայքը»:
92-ի սկզբին «Հայքի» խմբագրություն հրավիրեցի ամենաազդեցիկ թերթերի՝ «Ազգի», «Երկիրի», «Հայաստանի Հանրապետության» խմբագիրներին, չորսիս ստորագրությամբ հայտարարության տեքստ կազմեցինք, և նույն օրը այդ տեքստը հանձնեցի ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին: Ցավոք, այն չի պահպանվել իմ արխիվում: Համառոտ բովանդակությունը հետևյալն էր՝ դիմում էինք ՀՀ իշխանությանը մամուլի գործունեության համար տանելի պայմաններ ստեղծելու, խմբագրություններ-տպարան-«Հայմամուլ» համագործակցությունը ճկուն դարձնելու և այս երեք օղակներում շահերի անհաղթահարելի բախումներն ու թյուրըմբռնումները բացառելու գործնական առաջարկներով:
Հակասությունների դաշտ մտած և հաճախ միմյանց անխնա «քլնգող» լրատվամիջոցների գործունեության մեջ դա համերաշխության բացառիկ արտահայտություն էր, որը, ցավոք, մնաց անարձագանք: Շուտով նաև այդ համերաշխությունից հետք չմնաց:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: