Media.am-ն առանձնացրել է Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ բռնությունների ու ճնշումների հիմնական դեպքերը։
Yerevan.today-ի համակարգիչները
2018-ի սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Yerevan.today»-ի խմբագրությունում։ Փնտրել են գաղտնալսող սարքեր, ստուգել են նաև համակարգիչները՝ պարզելու, թե ինչպես է կայքը ստացել և հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման YouTube-յան լինքը՝ համացանցում տարածում գտնելուց դեռ 2 օր առաջ։
Առգրավվել է տեխնիկան, որը վերադարձվել է խմբագրությանը միայն դեկտեմբերի 28-ին։
Խմբագրությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չեն բացելու համակարգչային սարքավորումները և չեն օգտագործելու, քանի դեռ չեն ստացել քննչական մարմնի եզրակացությունը, և մասնագետների կողմից ամբողջ ծավալով չի ուսումնասիրվել այդ տեխնիկան։
Այցելություններ aysor.am և news.am
Մեկ այլ դեպք էր տեղի ունեցել նոյեմբերի 20-ին․ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են «Аysor.am» կայքի խմբագրություն և ներկայացրել գրություն՝ խնդրելով տրամադրել 02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը:
Ի պատասխան «Ауsor.am»-ը նշել է, որ այդ օրը Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել «Aysor.am» կայքին, այլ մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» ակումբում։
Դեկտեմբերի 7-ին «News.am»–ի խմբագրություն է այցելել ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը և պահանջել տրամադրել որոշ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ։
Մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումների մասին հրապարակումների, այդ թվում` «Արդեն սկսել են մարդիկ փնտրել, որոնք ցուցմունք կտան մեր թեկնածուների դեմ. Շարմազանովն անուն տվեց» և «ՀՀԿ-ի աջակիցներին հրավիրում են ոստիկանություն՝ բացատրական զրույցների․ Շարմազանով» վերտառությամբ տեղեկությունների։
Փաստաբանների միջամտությունից հետո ոստիկանության աշխատակիցը հանձնել է երկու գրություն, որոնցում մեջբերված են հրապարակումները և խնդրում են տրամադրել «կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր»։
«Սյունյաց երկրի» հրկիզված մեքենան
2019-ի փետրվարի 5-ի լուսադեմին Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության մեքենան: Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի կարծիքով՝ կատարվածը վրեժխնդրություն է՝ պայմանավորված թերթի մասնագիտական գործունեությամբ:
Խմբագրությունն այս դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեպքը կկանխվեր, եթե թերթի դեմ մնացած ոտնձգություններն անհետևանք չմնային՝ ակնարկելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի անձնակազմին:
«Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին և զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը: Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի և թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի», – ասել է թերթի խմբագիրը:
Hayeli-ի ու armlur-ի հարցաքննությունը
Սեպտեմբերի 24-ին մեծ աղմուկ հանեցին նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության հանգամանքների հետ կապված հրապարակումները «Hayeli.am» և «Armlur.am» կայքերում։
Դեպքից կարճ ժամանակ անց այս կայքերը տեղեկացրեցին, որ իրենց «հայտնի է դարձել», թե ով է եղել Հայկ Հարությունյանի մոտ և թե ինչ է ասել նախկին ոստիկանապետը մահից առաջ։
Նշված կայքերը հրապարակեցին «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածներ։ Սակայն դրանց մեջ զետեղված տեղեկությունները շուտով հերքվեցին։
Հրապարակումների հեղինակներին պարզելու և դեպքի հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար Քննչական կոմիտեն գրություն է ուղարկել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագրություն, ինչը վերջիններիս ու նրանց սատարողների կողմից դիտվեց իբրև ճնշում մամուլի վրա։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վկայի կարգավիճակով են հարցաքննվել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները, որոնք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից։
Այս դեպքից հետո «Hayeli.am»-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը զրկվեց «Կենտրոն» հեռուստաընկերությունում իր հեղինակած «Հայելու առաջ» հաղորդումը շարունակելու հնարավորությունից։
Ներխուժման մասին հայտարարություն «Ժողովուրդ»-ից
Դեկտեմբերի 19-ին անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն, տակնուվրա արել գույքը, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:
Փաստի առնչությամբ Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում։
Հարձակում «Կենտրոն»-ի լրագրողական խմբի վրա
Դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշեն գյուղի 60-ից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստատեսության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա, հարվածել նրանց, խլել միկրոֆոնն ու տեսախցիկը:
Լրագրողը և օպերատորը ժամանել են դեպքի վայր՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող տարածքում կատարվող ձկան գողության մասին ռեպորտաժ պատրաստելու համար։
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում, դեկտեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Հովտաշատ գյուղի 53-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: