2019.12.31,

Ստուգված է

Դեկտեմբերի 15-31-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կեղծ ու հերքված նորությունների 2019-ի վերջին թողարկումը։

Մարությանը «Երկուս ու կես» ընկերության տնօրենը չէ

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 5-ին նյութ հրապարակեց, թե Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ դառնալուց հետո չէր դադարել լինել «Երկուս ու կես» ընկերության տնօրեն՝ խախտելով օրենքը։ Թեև քաղաքապետի մամուլի խոսնակը հերքել էր այս պնդումը ու որպես ապացույց հրապարակել տնօրենի պաշտոնից ազատվելու մասին փաստաթուղթ, սակայն օրաթերթի հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել (որն ավելի ուշ կարճվեց)։

Այս տեղեկությունը ստուգելու համար Media.am-ը ներբեռնել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից նույն քաղվածքը, որի վրա էլ հիմնված էր «Ժողովուրդ»-ի հրապարակումը։ Արդյունքում պարզվում է, որ  լրատվամիջոցը ներբեռնել է 2012 թ․ տվյալները, չնայած որ հրապարակման պահին հասանելի էր ավելի նոր՝ 2018-ինը։ Ու չնայած դրան, այնուամենայնիվ չի նշել, որ իր ներկայացրած քաղվածքը յոթ տարվա վաղեմության է։

Իսկ այս պահին հասանելի ամենաթարմ՝ 2019 թ. քաղվածքում երևում է, որ թերթի հրապարակումը սխալ էր։ 2018 թ. նոյեմբերի 3-ին գրանցվել է ընկերության տնօրենի փոփոխություն և որպես տնօրեն է նշվում քաղաքապետի եղբայրը՝ Արման Մարությանը։

Ցույցը մեկ տարի առաջ էր

Hayeli․am-ը դեկտեմբերի 22-ին, հղում անելով Aravot.am-ին, լուր էր հրապարակել, թե Ստեփանակերտում ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա է ընթանում։ Սակայն, Media.am-ը պարզում է, որ «Մենք մեր հերոսներին մենակ չենք թողնում» խորագրով ակցիան իրականում եղել է, բայց մեկ տարի առաջ նույն օրը՝ 2018թ.-ի դեկտեմբերի 22-ին: Hayeli.am-ում մեկ տարի ուշացմամբ հրապարակած լուրը դեկտեմբերի 30-ի ժամը 21:40-ի դրությամբ ըստ կայքի ունի 33 275 դիտում։ Հին  նորությունը որպես նոր ներկայացնող հրապարակումը տարածվել է նաև Ֆեյսբուքի մի քանի խմբերով ու էջերով։

Time-ի՝ Հայաստանին վերաբերող հոդվածը պատվերով չէր

Դեկտեմբերի 14-ին ամերիկյան “Time” ամսագիրն անդրադարձել էր Հայաստանի տնտեսական աճին, իսկ երկիրը բնորոշել որպես «Կովկասյան վագր»։ Հրապարակումից օրեր անց մի շարք լրատվամիջոցներ գրեցին, թե հոդվածը կոմերցիոն է՝ պատվիրված Հայաստանի իշխանության կողմից։ Այս լուրը ստուգել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը ու պարզել հետևյալը։

Հոդվածը երկու մասից է կազմված․ առաջին հատվածը վերաբերում է Հայաստանի տնտեսական հաջողություններին, իսկ երկրորդը՝ «Khachaturov Group» և «Արմէկոնոմ» բանկի մասին է։ Ի տարբերություն առաջինի, երկրորդ հատվածը, իսկապես կոմերցիոն բովանդակություն է։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում ամսագրի խմբագիրը պարզաբնել է․ «Հոդվածի առաջին հատվածը պատրաստվել է մեր նախաձեռնության և ուսումնասիրության հիման վրա, այն կոմերցիոն չէ, հետևաբար որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվել» ու հավելել, որ հոդվածի մյուս մասերը թեև կրում են կոմերցիոն բնույթ, սակայն կազմակերպությունների ընտրությունները կատարել են իրենք, այլ ոչ հակառակը։

Դահուկը Ծաղկաձորի կանաչ անտառում չէին քշում

Դեկտեմբերի 17-ին Գագիկ Սուրենյանը հրապարակեց լուսանկար, թե Ծաղկաձորի կանաչ անտառում մի խումբ մարդիկ դահուկ են վարում։ Առանց նկարի իրականությունը ստուգելու Pan.am-ը տարածել էր այն իր ֆեսյբուքյան էջում՝ գրելով․ «…ձմեռ ա, ձուն չի արել Ծաղկաձորի սարերում»։

Սակայն, եթե լրատվամիջոցը որոշեր ստուգել ԱԻՆ Օդերևութաբանական ծառայության ղեկավարի հրապարակումը, կպարզեր, որ նկարը ոչ թե Ծաղկաձորում, այլ Մերձմոսկովյան արգելոցում է արված՝ 5 տարի առաջ։ Այս և արշավից մի քանի այլ նկարներ հասանելի են բլոգային livejournal.com հարթակում։ «oleg_volkov» անունով օգտատերը 2014-ի մարտի 23-ին գրել էր, թե ինչպես նախորդ օրը իրենց ինը հոգանոց խումբը փակեց դահուկային սեզոնը։

Պատվաստանյութով սեռդ չես փոխի

«5-րդ ալիքի» դեկտեմբերի 16-ի «Հայլուր» լրատվականի ընթացքում «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ պատվաստանյութերը կարող են փոխել երեխաների գենետիկան։ «Եթե այդ պտուղը աղջկա է, իսկ դրանից ստացված պատվաստանյութը ներարկվում է տղայի, ապա նրա ԴՆԹ-ն փոխվում է, և տղայի մոտ աղջկական հակումներ են առաջանում»,- Խաչատրյանի խոսքն էր մեջբերել լրագրողը։

Այս և նրա արած մի շարք այլ պնդումների անդրադարձել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը ու բացատրել, որ «մարդու ԴՆԹ-ն ձևավորվում է մայրական և հայրական սեռական բջիջների ձուլման ժամանակ: Այդ պահին արդեն հստակ որոշված է օրգանիզմի կարիոտիպը, այն ոչ մի պատվաստումներով փոխել հնարավոր չէ»։

Երկու հերքում

1․ Ազգային անվտանգության ծառայությունը դեկտմեբրի 27-ին տարածեց հաղորդագրություն, որում «մտացածին» և «հիասթափության արտահայտություն» անվանեց 168.am կայքի հրապարակումը, թե ԱԱԾ-ն սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս։

ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ հայտարարվում է նաև «հավաստի օպերատիվ տվյալներ»-ի մասին, թե «նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել»։ Դրա արդյունքներով վարչապետ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր, ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել:

ԱԱԾ-ի այս հայտարարությունը նույն օրը հերքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և խնդրել «զերծ մնալ օրվա տեղեկատվական պայքարից»։

2․ ՀՀ Արդարադատության նախարարությունից դեկտեմբերի 28-ին հերքեցին Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, թե նախարարությունը «Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել»։

Նախարարությունից պարզաբանում են․ «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել էր Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ»։

Սակայն սա էլ չի համոզում նախկին նախարարին և նա մեկ այլ գրառմամբ ասում է․ «Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը հրատապ համարելով ոչ պաշտոնական նամակով ասել է այնպիսի բաներ, որ երես չունեք հրապարակել»։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *