2019.12.19,

Նյուսրում

Ներխուժել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձիք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի, Armlur.am կայքի խմբագրություն և տակնուվրա արել այնտեղ եղած գույքը: Այս մասին լրագրողներն իմացել են առավոտյան՝ աշխատավայր մտնելիս:

Լրատվամիջոցի հիմնադիր, այժմ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասում է, որ տեղի ունեցածն առևերույթ նման է գողության, սակայն որևէ գույք խմբագրությունից չի բացակայում: Մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի աշխատասենյակը, բացել են լրագրողների դարակները, տնտղել են թղթերը:

Թագուհի Թովմասյանը պատմում է, որ խմբագրություն են մտել պատշգամբից: Տարածքը հսկվող տեսախցիկի լարը նախօրոք է կտրված եղել:

Ոստիկանության աշխատակիցները խմբագրությունում տեխզննություն են իրականացրել։ Դեպքի վայր են այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ԱԺ մի քանի պատգամավորներ, որոնք նախկինում զբաղվել են լրագրողական գործունեությամբ՝ Արման Բաբաջանյանը, Սարգիս Խանդանյանը, Նաիրա Զոհրաբյանը և այլն:

«Քիչ առաջ իրավապահների ուղեկցությամբ մտել եմ խմբագրություն և ակնհայտ է, որ սա գողություն չէ, ենթադրյալ հանցագործին կամ հանցագործներին այլ բան է հետաքրքրել: Քանի դեռ ոստիկանները զննում են տարածքը, չենք կարող մոտենալ մեր իրերին և տեսնել՝ ինչ-որ բան բացակայու՞մ է, թե՞ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասել է օրաթերթի և կայքի խմբագիր Քնար Մանուկյանը:

Նա կասկածում է, որ կատարվածը լրատվամիջոցին վախեցնելու, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է:

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել և խստորեն դատապարտել խմբագրության նկատմամբ ոտնձգությունը:

«Հայտնում ենք մեր զորակցությունը գործընկերներին և պահանջում իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հայտարարությունում։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *