2019.11.20,

Քննադատ

1943, Բեռլին, հայալեզու պարբերական՝ Նժդեհի հոդվածներով

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1942-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչև 1943-ի վերջը գործած «Հայ Ազգային խորհուրդ»-ն ուներ իր պարբերականը՝ «Ազատ Հայաստան»-ը, որի խմբագիրն Աբրահամ Գյուլխանդանյանն էր, փոխխմբագիրը՝ Գարեգին Նժդեհը:

Սակայն «Ազատ Հայաստան» թերթը հետաքրքիր էր ոչ միայն խմբագրական աշխատանքներին Գարեգին Նժդեհի մասնակցությամբ: 

Պատկերացրեք, 1943 թվական, երբ Խորհրդային Հայաստանը մասնակցում է ֆաշիստական Գերմանիայի դեմ պատերազմին, Բեռլինում լույս է տեսնում հայալեզու պարբերական: 

Ահա և «Ազատ Հայաստան»-ի առաջին խմբագրականը. 

«Շուտով լրանալու է չորս տարին այն օրից, երբ փրթաւ Երկրորդ համաշխարհային պատերազմը: Բովանդակ մարդկութիւնը և ողջ երկրագունդը երկու հսկայ բանակների են բաժանված այսօր: Մէկ կողմը կեցած են, Անգլիոյ գլխավորութեամբ, աշխարհիս կուշտերը և յղփացածները, իսկ միւս կողմը, Գերմանիոյ ղեկավարութեամբ, զրկուած ու անիրաւուած ժողովուրդները» ( 1943, N 1, օգոստոս): 

«Հայ ժողովրդի անցեալը բազմիցս բերել կանգնեցրել է մեզ յուսախաբ կացութեան առջև, միշտ նոր ի նորոյ ողջակէզ բերելով Հայն ու Հայաստանը եսամոլ ու նենգամիտ դիւանագիտութեան ու բռնի ոյժի: Եվ դրանց տիպար ներկայացուցիչներն են եղած ու ե՜ն այսօր Բրիտանիան և Ռուսիան: 

…Ելակետ ունենալով այս հիմնական ըմբռնումը և սեփական ժողովուրդի և երկրի գերագոյն շահերը, հայ ազգային քաղաքականութիւնը ջանադիր եղած է մերձեցում ստեղծելու Գերմանիոյ հետ ու նրա պաշտպանութիւն ապահովելու գալիք օրերի համար» (նույն տեղում):

Որո՞նք էին Հայ ազգային խորհդի ակնկալիքները Գերմանիայից. 

«Հայաստանի ճանաչումը՝ որպես մի ինքնուրույն երկրի՝ ևրոպական ժողովուրդների համակեցութեան շրջանակի մէջ, Գերմանիոյ Ռայխի ազդու օժանդակութեամբ և նրա զօրաւոր պաշտպանութեան տակ: Ստեղծումն քաղաքական այնպիսի պայմանների, որոնց մէջ կարելի լինի պահպանել և անկաշկանդ զարգացնել ազգային գերագոյն արժէքները՝ լեզու, գրականութիւն, գեղարուեստ, տնտեսութիւն, վարչութիւն, դատարան և համայն մշակոյթն ու հանրային կեանքը՝ իրենց բոլոր ճիւղերով»: 

Մյուս հիմնական խնդիրը՝ «աստիճանական հայրենադարձը ազգակիցների, որոնք պատմական և քաղաքական հանգամանքների բերումով, հակառակ իրենց կամքի կամ բռնադատեալ` հարկադրուած են եղել արտագաղթելու և ներկայիս իրենց բնակութիւնն ունին զանազան երկիրներում» (նույն տեղում): 

Խորհրդային երկիրը, ըստ թերթի հոդվածների, կատարյալ դժոխք էր, և այդ մասին է հենց «Խորտակել են և հոգիները» հոդվածը. 

«Քսանևհինգ տարում ոչ միայն խորտակուել է ամեն ինչ և ծայր թշուառութեան է հասել այդ հարուստ երկիրը, այլև աղուաւաղուել է մարդը, մարդկային հոգին, նրա բարոյական ըմբռնումները սիրոյ, ընտանիքի և հայրենիքի մասին, որին ուղղելը չափազանց դժուարին գործ է դառնալու: 

…Խորհրդային մարդը՝ չնչին բացառութեամբ, դարձել է արկածախնդիր… Մահից, քաղցից, բանտարկութիւններից, խուզարկութիւններից և հազար ու մի դրանց նման վտանգներից խուսափելու համար նա ստիպուած թափառում է լայնածաւալ Ռուսաստանի մի ծայրից միւսը, միշտ աշխատելով ծպտուել, յարմարուել նոր պայմաններին»: 

Այս ամենից խուսափելու համար խորհրդային մարդը ստիպված է նաև ստել՝ այսպիսով աղավաղվում, փշրվում է խորհրդային մարդու հոգին՝ նա աստիճանաբար կորցնում է իր բարձր բարոյական առաքինութիւնները, յաճախ դառնալով հրամաններ կատարող  մի հլու գործիք, մի մեքենա» (նույն տեղում):

Թերթի ամեն համարում հոդված ուներ նաև Գարեգին Նժդեհը.  

«Ի՞նչը հայերիս դարձրեց յաղթական Ղարաքիլիսում, Սարդարապատում- թի՞ւը, սպառազինութի՞ւնը, կռուի հանճարեղ յատակագի՞ծը – վճռապէս ո՛չ. ո՛չ մեկը, ո՛չ միւսը, այլ՝ մէր ուխտը, մեր կամքը՝ մեռնէլ, բայց չտեսնել թշնամին Էջմիածնում: Այո, պատերազմական տեխնիկայի շարժիչը վաղն էլ և յաւիտենապէս կը մնայ մարդը, մարդկային ոգին: … Զրկէք երկիրն իր հոգևոր նշանակութիւնից, և այն կդադարի Հայրենիք լինել» (նույն տեղում, «Մեռնելու կամքը»): 

«Հայ ազգային խորհուրդ»-ը  Երկրորդ համաշխարհայինում Գերմանիայի հաղթանակով էր պայմանավորում «Հայաստանի ազատագրումը բոլշևիկյան լծից». 

«Հունիսի 22-ին լրացավ գերմանա-խորհրդային պատերազմի երկու տարին: …Այսօր, երբ գերմանական բանակի հարուածների տակ փլւում են պատմութեան մէջ դեռ  չգերազանցուած մի բռնապետութեան շենքի խարխուլ հիմերը, կարժե անդրադառնալ մեր ժողովրդի վիճակի վրայ, որ դժբախտութիւն ունի երկար տարիների ընթացքին տառապելու բոլշևիկեան լուծի տակ: 

1915 թ. Մեծ Եղեռնի շշմեցուցիչ օրերից յետոյ, բոլշևիզմը եկաւ մեր ժողորդին տալու  երկրորդ մահացու հարուածը: …Խորհրդային Հայաստանը բովանդակ Խորհրդային միութեան մէջ ամենէն անիրաւուած հանրապետութիւնն է՝ իր բռնազբոսիկ և անբնական կերպով գծուած սահմաններով: Բոլշևիզմը զրկեց մեզ մեր արեան գնով ձեռք բերուած անկախութիւնից և ազատութիւնից: Մեր երկիրը հետզհետե վերածուեց նոր ռուսական կայսրութեան  ծայրագաւառի: 

Հայ մտավորականութիւնը ենթարկուեց անօրինակ հալածանքների՝ քաւելով իր գոյութիւն չունեցող մեղքերը հեռաւոր աքսորավայրերում և չեկայի զնդաններում: Ճիզւիտականութիւնը գերազանցող մեթոդներով ոչնչացուեց անգամ հայ կոմկուսի ղեկավար տարրը: 

…Ներկա պայքարը  կ՝որոշի նաև հայ ժողովրդի ճակատագիրը: Կամ կը մնայ բոլշևիզմը, ասել է՝ հայութեան այլասեռումը և ապազգայնացումը համաշխարհային յեղափոխութեան նշանաբանների տակ, կամ Գերմանիայի առաջնորդութեամբ՝ ևրոպայի մէջ, նոր կարգերի սահմաններում, բոլշևիզմի փլատակների վրայ իրեն վայել և արժանի տեղը կը գտնե և ազատագրուած Հայաստանը» (նույն տեղում, «Գերմանա-բոլշևիկեան պատերազմը և մէր ակնկալութիւնները»):

Թերթը՝ հրապարակախոսական ու վերլուծական հոդվածներից բացի, ներկայացնում է տեղի հայ համայնքի առօրյան, մշակութային կամ քաղաքական իրադարձությունները: 

Մասնավորապես, թե ինչպես են ապրիլի 24-ին Բեռլինում նշել «սգատօնը»՝ հայերի ցեղասխանությունը, մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 25-ամյա տոնակատարությունը:


«Հայ ազգային խորհուրդ»-ը Գերմանիայի զինվորական գերատեսչության հետ համաձայնություն էր ձեռք բերել՝ ստանձնելու հայ ռազմագերիների օգնության գործը. 

«Գերմանական զօրքերու Գերագոյն հրամանատարութեան պետը պաշտօնական յանուն Արևելեան գրաւուած վայրերու Պ. Նախարարին կը յայտնե, թե արևելեան ճակատի հայ ռազմագերիներու օգնութեան գործը կը յանձնուի Հայ Ազգային Խորհուրդին» («Ազատ Հայաստան», թիվ 2-3, սեպտեմբեր-հոկտեմբեր, 1943): 

Խոսքը, ըստ թերթի, հազարավոր ռազմագերիների մասին է, որոնցից 110-ը՝ սպաներ: Նրանց կարիքները հոգալու նպատակով Գերմանիայի, նաև Ռումինիայի, Բուլղարիայի հայ համայնքները հանգանակություն են կազմակերպել: 

«Ազատ Հայաստան» թերթի միայն երեք համար է լույս տեսել՝ 1-ինը՝ 1943-ի օգոստոսին, 2-րդ ու 3-րդ համարները՝ միասին, սեպտեմբեր- հոկտեմբերին: 

Մինչև 1943-ի վերջն է գործել նաև «Հայ ազգային խորհուրդը»

Լիլիթ Ավագյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *