Դե, մինչև մեդիա դառնալը ես Լիլիթն էի։ Հանգիստ ու խաղաղ ապրում էի Չարենցավան քաղաքի 1-ին թաղամասի 6-րդ շենքի 9-րդ բնակարանում։ Թվում էր՝ ոչինչ չի կարող փոթորկել իմ սովորական և իրական կյանքի տիրույթը։
Հիշու՞մ եք Հարրի Փոթերին, որի սենյակ հանկարծ մի օր ներս թափվեցին բազմաթիվ նամակներ ու փոխեցին նրա կյանքը, հենց այդպես էլ մի գեղեցիկ օր մեր տուն ներխուժեցին Beeline-ի աշխատակիցները՝ առաջարկելով անցում կատարել այդքան սիրելի իրական կյանքի տիրույթից վիրտուալի։
Հաջորդ օրը ես ու մայրիկս ակցիայով գնեցինք նեթբուք և նաև ինտերնետային մոդեմ։
Իմ կյանքն այլևս առաջվանը չէր։
Ես ինձ զգում էի ինչպես Հարրի Փոթերը։ Եթե նա մեկ օրում հայտնվեց Հոգվորթսի Հրաշագործության և դյութագիտության մասնագիտացված դպրոցում, ես հայտնվեցի Ինտերնետի Հրաշագործության և դյութագիտության ոչ մասնագիտացված դպրոցում։
Ասեմ, որ այստեղ սովորելը հեշտ է, բայց արտահայտվելը՝ շատ դժվար։
Մի բան է խոսել դասարանում, որտեղ կա 35 աշակերտ, այլ բան է խոսել համացանցում, որտեղ կա․․․ դե չգիտեմ, թե որքան մարդ:
Մի խոսքով՝ Ինտերնետի Հրաշագործության և դյութագիտության ոչ մասնագիտացված դպրոցում ադապտացվելն ավելի բարդ էր, քան հանրակրթականում։
Ինչ արած, ես սկսեցի ծանոթանալ հրաշագործության գործիքներին։
Դա ինձ հիշեցնում է «Սուպեր Մարիո» խաղը։
Առաջին դաշտում ես հաստատեցի իմ ինքնությունը։ Բոլորը ճանաչեցին Լիլիթ Բալաբեկյանին՝ խուճուճ մազերով, թշի փոսիկներով ու ժպիտով։
Երկրորդ դաշտում հաստատեցի Լիլիթ երաժշտին՝ ուդը ձեռքին, համերգներում նվագելիս, հյուրախաղերով շրջագայելիս։ Արդեն այս փուլում սկսվեց ընկերության հայտերի տեղատարափ։ Սա կարծես «ընկնող աստղերի տեղատարափ» լիներ։
Եվ եթե «Հարրի Փոթեր»-ում դա բացատրվեց այն բանով, թե «մարդիկ ժամանակից շուտ են սկսել գիշերային հրավառությունը», ես մտածեցի, որ ժամանակից շուտ եմ սկսել մեծանալը։
Երրորդ դաշտում ես հաստատեցի Լիլիթ գրքասերին։ Բոլորն ինձ ճանաչեցին գիրքը ձեռքիս, գրախանութներում տարբեր մրցույթների մասնակցելիս, յուրաքանչյուր տարի գրքի տոնին գիրք շահելիս, գրքերից մեջբերումներ անելիս և այլն։ Իմ հետևորդները շատացան, ընկերներս՝ նույնպես։
Չորրորդ դաշտում ես հաստատեցի Լիլիթ՝ մշակութային միջոցառումների կազմակերպչին։ Բոլորն ինձ ճանաչեցին որպես «Հայ ֆեստ», «Կին» և այլ միջազգային փառատոնների համակարգողներից մեկը։
Ես սկսեցի ակտիվորեն տարածել նյութեր փառատոնների մասին՝ հավաքելով հետաքրքրասերների մեծ բանակ։
Հինգերորդ դաշտում հաստատեցի Լիլիթ՝ կանանց իրավունքների պաշտպանի։ Ինձ սկսեցին ճանաչել որպես «Թող աղջիկը ծնվի» նախաձեռնության ակտիվիստ, «Նէ պատմություն ունի» ներկայացման պրոդյուսեր, «Ես լսելի եմ» փառատոնի մասնակից և այլն։
Հինգերորդ դաշտից հետո ես հասել եմ Մեդիա դաշտ, և այստեղ «Մարիո» խաղն ավարտվում է․ սկսվում է նոր, մյուս համակարգչային խաղերին չնմանվող մի փորձություն։
Մեդիա դաշտում ես սկսել եմ իմ պայքարը սեռով պայմանավորված արհեստական հղիությունների ընդհատման, կանանց իրավունքների ոտնահարման դեմ։ Ես իմ մեդիա հարթակն ուղղել եմ կնոջ խոսքը լսելի դարձնելուն։
Հարրի Փոթերի նման արդեն անհաղթահարելի եմ։ Ինչպես Ֆրիդա Կալոն է ասել՝ «Ոտքեր, ինչու՞ եք դուք պետք, եթե ես կարողանում եմ թռչել»։ Հիմա ես էլ եմ թռչում և ոչ թե կախարդական բառերով, այլ Ցուկենբերգ-հրաշագործի «Ֆեյսբուք» կոչվող դռան վրա դրված երկու սպիտակ ուղղանկյունները լցնելով կախարդական գաղտնաբառերով։
Ես մեդիան եմ, և դա լավագույն բանն է, որ կարող էր լինել իմ և իմ տարեկիցների կյանքում։
Լիլիթ Բալաբեկյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի կառավարում բաժնի ուսանող
Լիլիթ Բալաբեկյանը էսսեն արժանացել է «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի խրախուսական մրցանակի
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: