2019.10.09,

Քննադատ

Գաղափարների շուկայում պահանջված են ինժեներները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) ամենասպասված հատվածը «Գաղափարների շուկա» (Marketplace of Ideas) պանելային քննարկումն էր, որին մասնակցում էր նաև սոցցանցերի ու ամերիկյան հեռուստատեսության սուպերաստղ, գործարար և մոդել Քիմ Քարդաշյանը:

Գաղափարների շուկայում ճիշտ պահին քայլ անելու ու այդ քայլերը թվային դաշտում հեղինակության ու գումարի վերածելու մասին բացի սիրելի ու հանրահայտ Քիմ Քարդաշյանից խոսում էին նաև PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Սվոյանը, Giphy-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը

#WCIT2019-ն այս տարի պահանջում էր ապակենտրոնացնել ուժը, քանի որ անցնում էր «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագրի ներքո:

«Գաղափարների շուկայում» հավաքվել էին մարդիկ, որոնց հետևորդների կամ ստեղծած հավելվածների ներբեռնողների քանակը հասնում է մի քանի հարյուր միլիոնի, իսկ ընդհանուր գումարով՝ մի քանի միլիարդի:

Այդ չորս մարդիկ, որոնք ազդեցիկ են, հարուստ ու ունակ վերափոխելու իրենց շրջապատը, կարծես լինեին «սառը» զենք:

«Զենք» լինելը նաև պատասխանատվություն է, ոչ միայն սոսկ շահույթի ճամփա որոնելու կամ հարմարավետ թվային միջավայր ստեղծելու իմաստով: 

Քննարկման մասնակիցները մոլորակի բնակիչների զգալի տոկոսի հետ ուղիղ կապի հնարավորություն ստեղծող գործիք ունեն՝ իրենց անձնական էջերը կամ ստեղծած հավելվածները:

Եվ ի՞նչ են անելու նրանք այդ գործիքով: Գովազդելու՞ են ապրանք, թե՞ ավելի հեռահար մարդասիրական հարցերի մասին են մտորելու:

Ինչպես ասաց Ալեքս Չանգը՝ մենք զարգացնում ենք տեխնոլոգիաները, բայց երբեմն մոռանում, որ տեխնոլոգիական ընկերություններին հարկավոր են նաև փիլիսոփաներ: Այլ կերպ ասած՝ սոցիալական գիտնականներ, միգուցե նաև սոցիալական հսկիչներ: 

Ալեքսիս Օհանյանի կարծիքով՝ հիմա ավելի է մեծանում համայնքներ ձևավորող հավելվածների կարիքը, քանի որ մոտակա տարիներին հենց համայնքի զգացումն ենք որոնելու սոցիալական մեդիայում: Ձգտելու ենք քննարկումների ու համատեղ ստեղծագործության:

Ալեքս Չանգի կանխատեսմամբ՝ սոցիալական մեդիայի իշխանությունը առավել արտահայտվելու է զրույցի ձևաչափում, քանի որ մարդիկ փնտրում են հարթակներ իրենց երջանկության կամ սիրո մասին խոսելու համար: 

Ասենք, Քիմ Քարդաշյանի տասնյակ միլիոն հետևորդները կարող են նրա Ինսթագրամի էջում կտրականապես տարբեր բաներ քննարկել՝ զուգահեռաբար: Եվ դա նման կլինի անվերջանալի համայնքին:

Ալեքս Չանգի կարծիքով՝ եթե կարողանանք ստեղծել զրույց ապահովող հարթակներ, միգուցե շատ սոցիալական հարցեր կլուծվեն հենց սոցիալական մեդիայի շնորհիվ:

«Մեզ հարկավոր են կառավարման նոր ձևեր, միգուցե դա կարող է կոչվել սոցիալական կառավարում»,- ասաց նա:

Քիմ Քարդաշյանի համար կարևոր է, որ մարդիկ տեսնեն այն, ինչը նա վաճառում է՝ գովազդելով սոցիալական մեդիայում, իրականում, ոչ թե պարզապես ապրանք է, այլ իր կյանքի մի մասը: Հենց ինքը: Իր կերպարը սոցիալական մեդիայում իր արտացոլումն է: 

Նա ասաց նաև, որ կենտրոնացած ու կազմակերպված մարդ է ու նաև պերֆեկցիոնիստ՝ կատարելիության ձգտող, ինչպես բոլոր կանայք:

Երևի ամենակարևոր գաղափարը այս «Գաղափարների շուկայում» կրթական դերի, պատասխանատվության մասին էր: 

Հովհաննես Ավոյանի կարծիքով՝ կարևոր է, որ մարդիկ տեխնոլոգիաների միջոցով կարողանան փոխել միջավայրը, կյանքը:

Ու դրա լավագույն միջոցը արվեստն է՝ մարդիկ խաղում են պատկերներով, ստեղծագործում, ջնջում, ստեղծում: 

«Մենք առաջարկում ենք նրանց ապահով ու պոզիտիվ հարթակ: Ցանցը պիտի դրական ու ոգեշնչող լինի, իսկ լսարանը ունենա հնարավորություն դա տարբերակելու»,- ասաց նա և որպես PicsArt-ի ստեղծման խթան նշեց իր դստեր պատմությունը, երբ աղջիկը սրտնեղել էր ցանցային վիրավորական մեկնաբանությունից և լաց եղել, արդյունքում հայրը գործի անցավ ու հնարեց դրական ու ստեղծարար միջավայր:

«Փիլիսոփայությունը պետք է լինի տեխնոլոգիական ստարտափների բաղադրիչը»,- Ալեքս Չանգն այս միտքը հիմնավորեց իր մայրիկի պատմությամբ, որը անգլերենի չիմացության պատճառով գերադասեց շփվել պատկերներով, գիֆերով: Եվ նրա նման հազարավոր մարդիկ:

Քիմ Քարդաշյանն ասաց, որ իհարկե, իր գրառումների տակ արված մեկնաբանությունների մեջ կարող է լինել մեկը, որը փլուզի օրը: Եվ բարի լինելը, կեղտոտ մեկնաբանություններից զերծ լինելը, դրանց անկարևորությունը գիտակցելը նաև կրթության մաս է:

Ալեքսիս Օհանյանը հիշեցրեց, որ եթե կարողանանք անկեղծորեն զգալ, թե ինչպես է իրեն զգում մեկ ուրիշը, հուզմունքը, վախերը, միմյանց չհասկանալը կպակասեն: 

«Կարևոր է հասկանալ չհասկացված լինելու վախը»,- ասաց նա, նկատի ունենալով երիտասարդներին ու նրանց ապրումակցելու, համատեղ ստեղծագործելու ունակությունը:

Ֆանտաստիկ գաղափարներն ու չհասկացված լինելու վախը

Մեծ գաղափարները, որոնք կարող են բնավ էլ չլինել իրատեսական, այլ ընդհակառակը, հարեն ֆանտաստիկայի ժանրին ու իրենք մոդելավորեն ապագան, թերևս այն առանցքն են, որի վրա շարվում են կրթության օղակները: 

Այս քննարկման ընթացքում մոդեռատոր Մագդալինա Յեզիլը առաջարկեց պատասխանել, թե ինչ կփոխեին բանախոսները՝ բնավ հաշվի չառնելով իրականությունը: Պատասխանները ենթադրում էին վերացական, բոլորովին հողից կտրված մտքեր:

Եվ հենց հարցը ամենից լավ բնութագրեց մեր հայաստանյան (հետսովետական տրամվայից չկազդուրված) կրթական համակարգի կարևոր խնդիրը: Մենք այդպիսի հարցերի սովոր չենք:

Հայաստանի կրթական համակարգն իր նկարագրական, պատմողական, անցյալակենտրոն դոգմաների սերտումով, չի ողջունում ապագայի ինժեներինգը՝ գծագրումն ու կառուցման փորձերը:

Անգամ եթե այդ փորձերը շանս չունեն իրականանալու, դրանք անհրաժեշտ են:

Երեխաներին ոչ այնքան պետք է սովորեցնել հասկանալ իրականությունը, այլ սովորեցնել կառուցել իրականությունը:

Երեխաների առջև պետք է դնել բարդ, գրեթե անլուծելի խնդիրներ ու բարյացակամորեն սպասել, թե նրանք ինչ կմոգոնեն:

Դա կարող է լինել ցանկացած վայրում ու միջավայրում, որը դուրս է պետական հանրակրթական հսկողությունից (պետությունը դանդաղաշարժ ու կարծրացած է):

Պատահական չէ, որ Ալեքսիս Օհանյանը, որը Հայաստանը շատ լավ գիտի, խորհուրդ տվեց (ասելով՝ խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ) երեխաներին սովորեցնել ծրագրավորել, գրել կոդ, որը նոր գրագիտություն է, սուպերիշխանություն:

Շախմատը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը այն երկու քայլերն են, որոնք ըստ Օհանյանի՝ ձևավորելու են ապագա Հայաստանը: 

Մտածել դրդող, գաղափարներ հնարելու միտված, մտածելու դրդող (նաև սադրող) առաջադրանքները, երևի ամենալավ տեխնոլոգիան են:

Տվեք մտքեր, որոնք կարելի է քանդել: Քանդել, հետո հավաքել: Կոդ գրելու նման:

Իրականություն մոդելավորող գաղափարները նաև ինքնապաշտպանություն են, զենք (արդեն առանց չակերտների), որն օգնում է երեխաներին պատնեշվել սթրեսից, ցանցային հարձակումներից ու չհասկացված լինելու տագնապից: 

Որքան բարդ խնդիր է դրվում նրանց առջև (օրինակ, էկոլոգիական-քաղաքական), այնքան կոփվում է նրանց մտածելու մկանը:

Եվ այնքան մեծանում է թարմ ու անսպասելի մտքի կառույցին հանդիպելու շանսը:

«Գաղափարների շուկա» քննարկման բոլոր չորս ցանցային հսկաները ասում էին, որ հաղորդակցվելը, զրուցելը (նաև առանց լեզվի, պատկերների ու գիֆերի միջոցով) զվարճալի, ուրախ և ոգևորող գործ է, Քիմ Քարդաշյանի ասած՝ թևեր տվող: 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *