2012.04.05,

Քննադատ

Արթնացա՞ր, արի գովազդ նայենք

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Գաղտնիք չէ, որ մեր հեռուստաընկերությունները ջանում են էլ ավելի թեթեւ, արագաշարժ ու չհոգնեցող լինել, քան եղել են նախկինում: Ալիքները թերեւս ենթադրում են, որ իրենց հիմնական լսարանը հոգնած մարդիկ են, որոնք էկրանի մոտ են հավաքվում հոգնածությունը թոթափելու համար, եւ այդ պատճառով էլ հարկ չկա նրանց կյանքը էլ ավելի ծանրաբեռնել անիմաստ ու ժամանակավրեպ լրջությամբ: Միջին վիճակագրական հեռուստադիտողը հետեւյալ պարտադիր ատրիբուտներն ունի՝ հողաթափեր, բազմոց ու լիքը ազատ ժամանակ՝ էկրանին նայելու համար:

Եթե դրան գումարենք նաեւ այն փաստը, որ յուրաքանչյուր դիտող պոտենցիալ սպառող է (ապրանքների, ծառայության, քարոզի) կստացվի, որ հեռուստատեսությունը կոշիկները հողաթափերով փոխարինած եւ ֆիզիկական ու մտավոր աշխատանքից հոգնած մարդու տարածք է, որտեղ նրա տանջված հոգին ու մարմինը հանդիպում են գունավոր պատկերների, թեթեւ ու զվարթ խոսքի, գովազդային առաջարկների: Ամեն ինչ արվում է, որ այդ հանդիպումը չեզոքացնի հոգնածությունը, իսկ մարդը որքան կարելի է քիչ լարվի իր տեսածը իմաստավորելու համար (պատկերները սիրուն-սիրուն, թեթեւ-թեթեւ սահեն-անցնեն): Վերջիվերջո, թող հոգնած մարդը ըմբոշխնի գույնն ու թեթեւությունը, իսկ ալիքն էլ գումար կվաստակի՝ նրան գովազդ ցուցադրելով:

Այդ տրամաբանությունը հատկապես ընդգծվում է առավոտվա զվարճալի-տեղեկատվական հաղորդումներում, որոնք անթաքույց հիշեցնում են հանդիսատեսին, որ նա առաջին հերթին գովազդ սպառող ինֆանտիլ մի զանգված է: Այդ զանգվածը հենց առավոտվանից հոգնած է արթնացել, աշխատանքի չի շտապում ու գովազդի խիստ պահանջ ունի:

Գովազդային խտության ու տեղեկատվական թեթեւության առաջատարը մեր հեռուստադաշտում անկասկած, «Արմենիա» ալիքն է: «Բարի լույս, հայեր» ամենօրյա հաղորդումը սկիզբ է առել թերեւս հենց գովազդատուների գումարները տեղադրելու ցանկությունից, այլ ոչ թե առավոտը արթնացած մարդուն ինֆորմացիա փոխանցելու մղումից: Հաղորդումը սկսվում, ընդմիջվում ու շարունակվում է գովազդային բլոկներով այնքան առատորեն, որ այլ բան ասելու ժամանակ գրեթե չի մնում: Ուշագրավ է, որ երբ գովազդային հոլովակների համար հատկացված ժամանակն ավարտվում է, միանգամից գործի են անցնում հաղորդման վարողները, որոնք նույն գովազդատուների ապրանքները սկսում են գովազդել բանավոր խոսքով (առանց տեսաշարի) ու նույն հերթականությամբ, ինչ բլոկներում էր:  Գումարած դրան, փորձում են անձնական գույներ ու ոճավորում (ենթադրաբար՝ հումորային երանգ) հաղորդել լվացքի փոշու, ռեստորանի, կամ գեղեցկության սրահների գովազդային հոլովակների կարծրացած ֆորմաներին:

«Արմենիան» կարծես ասում է՝ տեսա՞ր, դե հիմա նաեւ լսի՛ր:

Եվ ստացվում է, որ հաղորդման առաջին կես ժամը նվիրված է բացառապես գովազդին: Այդ շարքում է նաեւ վարողների ու ալիքի ինքնագովազդը, որը արտահայտվում է աստղագուշակի ընթերցումով (վարողները երբեմն չեն համաձայնում իրենց իսկ կարդացածի հետ, հեգնում են այն կամ քնարական զեղումներ անում իրենց հարուստ անձնական փորձի էջերը թերթելով), ինչպես նաեւ եղանակի մասին խոսելիս (նույնպես անձնական դիտարկումներով ու զվարճալի լինելու ճիգերով):

Այդ մոտեցումը (անկարեւոր տեղեկատվությունը անձնական պրիզմայով անցկացնելը) հենց ինքնագովազդի ակտ է: Օրինակ, նշելը, որ երկար ժամանակ ծխելը թողնել չի հաջողվում, բայց դե եթե որոշեի թողնել, ապա պետք է սուրճ էլ չխմեի, այլ անցնեի թեյի, եւ ցանկալի է կողքինս էլ թեյ խմեր, որպեսզի չգայթակղվեմ ու վերջիվերջո, թողնեմ ծխելը: Նման ինֆորմացիան կարեւոր է միայն այդ հաղորդման վարողին (որի անունը ի դեպ՝ տիտրերում չի հայտնվում) պաշտողների համար, որոնք իր կուռքի ամեն մի միտքը մտովի փառաբանում են:

«Բարի լույս հայեր» հաղորդումն ունի խորագրեր (բժշկական, խոհարարական եւ այլն), իսկ յուրաքանչյուր խորագիր ունի իր գովազդատուները: Եվ կրկին գովազդվող ապրանքը սկզբում ցուցադրում են, հետո խոսում դրա մասին ու շնորհակալություն հայտնում: Կարելի է անգամ ասել, որ հենց գովազդատուն է թելադրում խորագրերի թեմաները: Ասենք, մազաթափության դեմ դեղամիջոց կա, ուրեմն ռեպորտաժն էլ արվում է այդ մասին: Գովազդ-ռեպորտաժի վճարի մեխանիզմը երեւի տեղավորվում է «Արմենիա» ալիքի գովազդային մեծ փաթեթեի մեջ, որը ներառում է գովազդվող ապրանքի հոլովակը, խոսքն ու կիրառման ակտը: Գովազդը դառնում է հաղորդման բովանդակությունը, իսկ մնացածը (հյուրերի հետ զրուցելը, թեթեւ լուրեր հաղորդելը) գովազդային մեծ փաթեթի կցորդն են:

Վստահաբար կարելի է ասել, որ «Արմենիա»-ն խելամիտ մենեջմենթ ունեցող ալիք է, որին մտահոգում է միայն ֆինանսական հոսքերի ավելացումն ու դրանց առատ տեղադրումը: Եթերային ժամանակն, իրականում ոչինչ է (ընդամենը եթերային սուբստանցիա), եւ «Արմենիան» էլ իր ոչինչը վաճառում է բավականին հաջող կերպով: Բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ է վաճառում:

Գովազդը փաթաթվում է առավոտը արթանացած ու աշխատանքի չշտապող մարդու վզին: Մարդը նայում ու միանգամից շտապում է օգտվել գովազդային առաջարկներից՝ խանութ գնալ, մազաթափության դեմ քսուկ քսել ու ռեստորան կամ վարսահարդարման սրահ այցելել: Մի խոսքով՝ թեթեւ ու չհոգնեցնող բաներ անել:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *