Մինչ քաղաքապետ դառնալը Հայկ Մարությանը հասկացել էր, որ քաղաքի համար կենսական կարևորություն է տրանսպորտի բարելավումը։ Քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու մասին խոստումները ընտրապայքարի ընթացքում կարևոր էին Երևանի նոր կառավարության հավակնություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի համար:
Քաղաքային նոր իշխանությունը ընտրվելուց հետո նա սկսեց ուսումնասիրել իրավիճակը, բարեփոխումների ուղիներն ու դրանց ժամանակացույցը:
Հայկ Մարությանը 2018թ-ի տարեվերջին երևանցիներին խոստացավ առաջնային համարվող տրանսպորտի խնդիրը լուծել առնվազն երկու տարում:
Այդ խոստումների ժամանակագրությունը հասանելի է ու հրապարակային:
2018, դեկտեմբեր
Քաղաքի թիվ մեկ խնդիրը լուծելու ժամկետը ճշտելու համար 2018-ի դեկտեմբերին, ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային տրանսպորտից զանգեց Հայկ Մարությունին: Փաշինյանը քաղաքացիներին փոխանցեց քաղաքապետի խոսքը՝ պետք է համբերեն 2-4 տարի:
2019, փետրվար
Փետրվարին խոսելով լրագրողների հետ միկրոավտոբուսները ցանցից դուրս բերելու գործընթացի մասին՝ քաղաքապետն ասաց. «Մենք ասում ենք, որ նոր ցանցը երկու տարի հետո արդեն պատրաստ կլինի, մնում է հասկանալ, թե այս երկու տարին ինչ ենք անելու»:
2019, ապրիլ
Ժամկետների հարցը շրջանցելու կողմնակից էր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Ապրիլին տրանսպորտային ցանցի ներդրման քննարկման ժամանակ շահագրգիռ կողմերին նա հայտնել էր, որ կոնկրետ ժամկետ ֆիքսել չի կարող:
2019-ի, հուլիս
Ամռանը քաղաքապետարանը ուսումնասիրեց, քննարկեց, նախագծեց ու հանրայնացրեց տրանսպորտային ցանցի բարելավման ծրագիրը: Որպես ժամկետ կրկին նշվեց առնվազ երկու տարին, քանի որ անելիքները շատ են:
2019, սեպտեմբեր
Օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հրաժարականի մասին հարցին, քաղաքապետ Մարությանը նորից խոսեց տրանսպորտի խնդրի մասին և նշեց, որ 15 տարվա խնդիրը փորձելու են լուծել մոտակա երկու տարում:
«Պրոցեսը գնում է, միջգերատեսչական խումբ է կազմված՝ քաղաքապետարանի և կառավարության անդամների կողմից։ Կառավարությունում ուսումնասիրում են մեր առաջարկները, քանի որ կառավարությունը պետք է վարկ վերցնի»,- ասաց քաղաքապետը։
Երևանի տրանսպորտի խնդիրը լուծելու ժամկետները Մարությանի համար անցած տասը ամիսներից հետո անփոփոխ են՝ «առնվազն երկու տարի»:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: