Լրագրությունը շշմեցուցիչ հետաքրքիր մասնագիտություն է: Հեռավոր գործուղումները, սենսացիայի հետեւից մշտական վազքը եւ նոր մարդկանց հետ անվերջ հանդիպումները լրագրողի համար դառնում են սովորական բան: Իհարկե, աշխատանքի ընթացքում անսովոր, նույնիսկ զավեշտալի իրավիճակներ էլ են լինում: Ապրիլի մեկը լավ առիթ է վերհիշելու նման դեպքերը:
Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող «Hay TV»-ի (ժամանակին այդպես էր կոչվում «12» ալիքը) կին օպերատորը Ազգային ժողովի նիստի ժամանակ նկարահանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ինչին վերջինս արձագանքում է. «Աղջիկ ջան, դու ո՞ր տելեվիզորից ես»։ «Գունավոր», – առանց վարանելու պատասխանում է սրամիտ օպերատորը:
Մեկ ուրիշ պատմություն: Բոլորիս հայտնի կին նախարարը շնչակտուր ներս է մտնում «Զվարթնոց» օդանավակայանի նախասրահ եւ առաջին պատահած քաղաքացուն, ինչպես պարզվում է հետագայում, լրագրողին, հարցնում է. «Որտե՞ղ է Չեխիան» (ուզում է ճշտել՝ որ բաժնում են գրանցում անցնում Երեւան-Պրահա չվերթի ուղեւորները): «Սլովակիայի կողքը»,- իրեն միամտի տեղ դնելով` պատասխանում է հնարամիտ լրագրողը:
Այս դեպքն էլ պատահել է ինձ հետ: 1995 թվականին պատիվ ունեի մասնակցելու Մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկի աշխատանքների վերսկսմանը նվիրված արարողությանը: Ներկա էին հանրապետության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ի թիվս այլ մեծապատիվ հյուրերի՝ օրհնանքով եւ ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն: Իր երկար ճառում կաթողիկոսը հիշատակեց նաեւ իրենց լուման ներդրած ատոմակայանի շինարարներին։
«Փառք ու պատիվ նաեւ մեր փառավոր շինարարներին»,- ասաց կաթողիկոսը՝ հայացքն ուղղելով ինձ: Ճիշտն ասած՝ ես սկզբում չհասկացա, թե ինչու հենց ինձ այդպես ուշադիր նայեց մեր կրոնական առաջնորդը: Իմ կողքին կանգնած մի լրագրող, մի կերպ զսպելով ծիծաղը, հուշեց, որ հանեմ իմ գլխից սաղավարտը, որը նվիրել էին այդ միջոցառմանը մասնակցող բոլոր լրագրողներին: Ուղղակի ես ժամանակին մոռացել էի հանել այդ գլխի հարդարանքը, եւ կաթողիկոսն ինձ շփոթել էր շինարարի հետ:
Բավականին զվարճալի պատմություններ կան կապված արտասահմանից ժամանած հայտնի մարդկանց անուն-ազգանունների սխալ արտաբերելու հետ: Օրինակ՝ Երեւանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին լրագրողը հուզմունքից հարգելի պարոն Բատրոս Ղալի անվանեց։
ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը մի անգամ համալսարանում հավաքված բազմաթիվ ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին եւ լրագրողներին, ներկայացնելով ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարին, ասաց. «Հիմա խոսքը տրամադրում եմ Ռոբերտ Ջոնսոնին»… Նկատի ուներ Ջորջ Ռոբերտսոնին, իհարկե:
Իհարկե, կան բազմաթիվ նմանատիպ զվարճալի պատմություններ, որոնք մշտապես վերհիշում եւ իրար պատմում են գործընկեր լրագրողները, օրինակ, գործուղման ճանապարհը կարճելու համար։
Եթե հիշում եք լրագրողական զվարճալի պատմություններ, կիսվեք մեզ հետ՝ օգտագործելով հոդվածի ներքեւում մեկնաբանությունների դաշտը։
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: