2013 թվականի նոյեմբերի 9-ից ուժի մեջ են մտել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները, որոնք կարգավորում են էլեկտրոնային կայքերից նյութերի վերարտադրման կարգը եւ պայմանները:
Օրենքում կատարված փոփոխության համաձայն՝
«Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին:
Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարատադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է:
Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութներից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է»:
Ինչպե՞ս է նոր օրենքը կարգավորել մեդիա դաշտը, արդյո՞ք copy-paste-ի դեպքերը պակասել են. մեկնաբանում են մեդիա խմբագիրները:
Կարինե Մանուկյան-Սարիբեկյան
Hayeli.am կայքի երեկոյան լուրերի խմբագիր
Դաշտը հաստատ ամբողջությամբ չի կարգավորվել, բայց, երեւի, ինչ-որ բան փոխվել է: Պահանջներից մեկը առաջին երկու տողում ակտիվ հղում տալն է, որը, որքանով նկատել եմ, հիմնական կայքերն անում են, թեեւ առանձին կայքեր այդ պահանջին չեն հետեւում:
Օրինակ՝ կայքերից մեկը վերջերս ամբողջությամբ տեղադրել էր հարցազրույցս՝ առանց ակտիվ հղման: Տակը գրել էր՝ «Hayeli.am-ի», բայց վերնագրում էլ կայքի անունը չէր նշել:
Մենք մեր մասով ամեն դեպքում պահպանում ենք օրենքը: Եվ եթե ինչ-որ բան սխալ ենք արել, միշտ պատրաստ ենք ուղղել:
Եթե խնդիր կա, ամեն դեպքում միշտ բարձրաձայնվում է ֆեյսբուքյան խմբում, որը նույնպես կարծում եմ՝ արդյունավետորեն օգնում է դաշտի կայացմանը:
Բայց մեկ այլ խնդիր էլ կա: Մենք շատ հաճախ հեղինակային իրավունքները շփոթում ենք տեղեկատվության փաստի հետ: Օրինակ՝ եթե ինչ-որ լուր է հրապարակվել որեւէ կայքում, հետո որեւէ այլ լրատվամիջոց վերաշարադրված հրապարակել է այդ լուրը, արդյո՞ք այս դեպքում խախտվել է հեղինակային իրավունքը, կամ ինչպե՞ս պետք է ճշտել՝ որն է եղել սկզբնաղբյուրը: Բարդ է:
Նույնը լուսանկարների պարագայում է: Շատ հաճախ Google-ում ոչ բոլոր լուսանկարների վրա կա հեղինակի անունը: Իմ պրակտիկայում նույնիսկ դեպք է եղել, երբ հղում եմ տվել լուսանկարին, հետո ինձ գրել են, թե «սա մեր լուսանկարն է», այսինքն՝ ես ոչ ճիշտ հղում եմ տվել, բայց ես հղում եմ կատարել այն կայքին, որտեղից վերցրել եմ: Ընդհանուր դաշտը կանոնակարգման կարիք ունի:
Խնդիր է նաեւ միջազգային լրատվամիջոցներից նյութեր վերցնելը: Չեմ նկատել, որ բոլորը պահպանեն առաջին երկու տողում ակտիվ հղում դնելու պահանջը: Հեղինակային իրավունքի պահպանումը մենք փորձում ենք միանշանակ դարձնել տեղական նյութերի դեպքում, որը կարծում եմ՝ ճիշտ չէ:
Մենուա Հարությունյան
Slaq.am կայքի հիմնադիր
Կարծում եմ՝ ակնկալել, որ մեկ օրվա մեջ ամեն ինչ կփոխվի, ճիշտ չէ, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում շատ բան կփոխվի:
Այսօր Հայաստանում կայքերը բավական շատ են, ժամանակի ընթացքում դրանք ուղղակի կմաղվեն, եւ կմնան այն կայքերը, որոնք ունեն աշխատակազմ եւ համապատասխան միջոցներ գոյատեւելու համար: Եվ կարծում եմ, որ այս օրենքը ինչ-որ չափով կնպաստի, որպեսզի լրատվական դաշտը կայանա:
Մենք էլ ենք կայացման փուլում: Եթե ասեմ, որ մեզ մոտ այս պահին ամեն ինչ իդեալական է, ճիշտ չի լինի: Բայց մենք խստորեն հետեւում ենք, որպեսզի ժամանակի ընթացքում մենք եւս կարողանանք ամբողջությամբ այդ օրենքի տառը պահել:
Որովհետեւ խնդիրն այն է, որ Հայաստանում այսօր լրատվությունը բավական հեղհեղուկ վիճակում է, եւ եթե, օրինակ, slaq.am-ն ունենում է հեղինակային ինֆորմացիա, դա վերցնում եւ տեղադրում է մեկ այլ կայք, մենք իրենց ասում ենք՝ «բա ինչու՞ հղումը չեք տվել, իրենք ասում են՝ դա մեր ինֆորմացիան է. ոնց որ դուք եք ձեր աղբյուրներով լսել, էդպես էլ մենք ենք լսել»:
Իմ կարծիքով՝ մենք պետք է ոչ թե թշնամի համարենք իրար եւ իրար համար պրոբլեմներ սարքենք, այլ պետք է փորձենք հասկանալ, որ մենք մի դաշտում ենք գործում եւ պետք է իրար օգնենք, որպեսզի կայանանք: Աննա Բարսեղյ
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: