2016.01.15,

Նյուսրում

Ինչպես են կուսակցություններն օգտագործում սոցիալական մեդիան ընտրությունների նախաշեմին

Մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին պատրաստվող կուսակցությունները եւ պատգամավորի թեկնածուները իրենց նախընտրական քարոզարշավն իրականացնելու նպատակով բացի ավանդական մեդիայից` օգտագործում են նաեւ սոցիալական մեդիա հարթակները: Սոցցանցերում ակտիվ ֆեյսբուքահայերը, ովքեր հետեւում են այս գործընթացներին, մեկնաբանում են, թե ինչպես եւ ինչ արդյունավետությամբ է սոցիալական մեդիան օգտագործվում նախընտրական քարոզարշավն իրականացնելիս:

Սամվել Մարտիրոսյան

մեդիա փորձագետ

 

Կուսակցությունները հիմնականում օգտագործում են երկու հարթակ՝ Ֆեյսբուքը եւ Յութուբը։ Իսկ թվիթերը դեռեւս քիչ է օգտագործվում երկու պատճառով. նախ՝ օգտագործողները շատ չեն եւ երկրորդ՝ մեծամասնությունը լավ չգիտի, թե ինչպես արդյունավետ կիրառել այն:

 

Եթե խոսենք հիմնական կուսակցությունների մասին, որոնք շանսեր ունեն հայտնվելու ԱԺ-ում, ապա բոլորը աշխատում են ունենալ լավ ձեւավորված եւ շատ այցելուներ ունեցող էջեր։ Նորությունն այն է, որ մի շարք թեկնածուներ իրենց առանձին պաշտոնական էջերն են բացում, որտեղ տեղեկատվություն են տեղադրում հավաքների, հանդիպումների եւ այլնի մասին։ Սոցիալական ցանցում հայտնվում են նաեւ պատգամավորի նոր թեկնածուներ, իսկ ովքեր էլ կային, արագ ընկերներ են հավաքում: Պատգամավորի թեկնածուները Ֆեյսբուքում իրենց պաշտոնական էջերի վճարովի գովազդն են տեղադրում:

 

Թեեւ ընդհանուր առմամբ կուսակցությունները իրենց նախընտրական քարոզարշավի համար լավ են օգտագործում սոցիալական մեդիան, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ կան։ Օրինակ՝ քաղաքական ուժերից մեկը իր կայքի վրա տեղադրել է հղում իր մի էջի վրա, իսկ զարգացնում է մեկ այլ էջ։ Եվ նման սխալներ շատ կան։ Ֆեյսբուքը օգտագործվում է նաեւ հակառակ ուղղությամբ՝ օգտատերերի բավական մեծ զանգված բացասական նյութեր է տարածում հակառակորդների մասին: Հակառակորդներին սեւացնելու վրա, ըստ իս, ավելի շատ ռեսուրս է ծախսվում, քան սեփական փիառը գրագետ վարելու վրա:

Զարուհի Բաթոյան

լրագրող

 

Քանի որ, ի տարբերություն մյուս մեդիաների, սոցիալական մեդիան չունի ծավալի եւ ժամանակի սահմանափակում, քաղաքական կուսակցությունների եւ գործիչների համար այն կարող էր դառնալ քարոզարշավի հրաշալի գործիք: Սա հենց այն դեպքն է, երբ նվազագույն ռեսուրսներով ու ջանքերով կարելի է հասնել բարձր արդյունավետության: Սակայն պետք է փաստել, որ դրա կարեւորությունը գիտակցել են ոչ բոլոր քաղաքական ուժերը կամ գործիչները: Ավելի ճիշտ գիտակցել եւ կիրառել են դրա միայն մի մասը: Իհարկե, կայքերը, տարբեր խմբերն ու էջերը սոցիալական ցանցերում անմասն չեն քարոզարշավից: Օրինակ՝ ՀՀԿ-ն նաեւ իր տարածքային կառույցների էջերն ունի Ֆեյսբուքում, ՀԱԿ-ի բլոգում տեղադրված են բոլոր թեկնածուների ֆեյսբուքյան էջերն ու խմբերը եւ այլն: Հոլովակները, պաստառները, կոչերն ու լուսանկարները եւս տեղադրվում են համապատասխան հարթակներում: Քարոզարշավը պետք է ուղղված լինի մարդկանց սրտերին:

 

Ուզենք, թե չուզենք, մարդկանց համակրանքը շահելու գործում մեծ դեր ունեն զգացմունքները, որոնք առաջանում են պարզ մարդկային շփումներից: Իսկ դրա համար սոցիալական մեդիան հրաշալի հարթակ է: Ցավոք, եզակի դեպքերում կարող ենք փաստել, որ թեկնածուներն իրենց անձնական էջերում, խմբերում կամ բլոգներում ներկայանում են որպես սովորական քաղաքացի, ընտանիքի հայր կամ մայր, մարդ, ով ունի այս կամ այն նախասիրությունները արվեստի կամ այլ ոլորտներում, ով կիսվում է իր անձնական կյանքի պատմություններով, ընտանիքի անդամների լուսանկարներով եւ այլն: Ի վերջո, նոր մեդիայի դարում մարդիկ ավելի ինտերակտիվ շփում են պահանջում:

 

Դատելով քարոզարշավի ընթացքից՝ այնպիսի տպավորություն է, որ քաղաքական ուժերը պայքարը են մղում ոչ թե քաղաքացիների սերը եւ վստահությունը շահելու, նոր համախոհներ ձեռք բերելու համար, այլ հակառակորդից ավելի շատ խոսելու, ավելի բարձր գոչելու կամ ավելի շատ տեղեկություն տարածելու համար: Այս իմաստով բոլոր հարթակները դառնում են ոչ թե երկխոսության կամ ինտերակտիվ շփման հնարավորություն, այլ սովորական ամբիոն:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *