2016.01.15,

Նյուսրում

«Դժվար ապրուստի» տերմինոլոգիան քննարկման առարկա

«Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» սերիալի սերիաներից մեկում գլխավոր հերոսներից մեկի հնչեցրած «Ես հաշմանդամ չեմ, որ չկարողանամ աշխատել, ընտանիքս պահել» արտահայտությունը (սկսում է 29:00-րդ րոպեից) քննարկումների առիթ դարձավ: Այն վրդովեցրել էր հաշմանդամություն ունեցող մարդկանց եւ նրանց հարազատներին: «Առանց այն էլ մեր հասարակությունն այնքան նախապաշարումներ ունի այդ մարդկանց նկատմամբ եւ այնքան կարծրատիպեր կան, եւ փոխարենը այդ ստերեոտիպերը փոխելու, եթերով քարոզելու, որ նրանք էլ լիարժեք մարդիկ են եւ կարող են ոչ պակաս դրսեւորվել, հաճախ արտահայտություններ են թույլ տալիս, որ էլ ավելի են ամրապնդում սխալ պատկերացումները հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին»,- իր անձնական բլոգում այս մասին գրել էր «Ես Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:Ներկայացնում ենք Անի Քոչարի եւ «Դժվար ապրուստ» սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանի տեսակետները:

Անի Քոչար

«Ես Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր

 

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում ես ինքս եմ լսել, սակայն իմ ընկերները, ովքեր սերիալներ դիտում են, ասացին, որ ոչ միայն «Դժվար ապրուստ» սերիալում, այլ նաեւ Հանրային եւ Շանթ հեռուսատընկերության եթերներում բավական հաճախ են նման արտահայտություններ օգտագործում:

 

«Կերտում» են հաշմանդամություն ունեցող մարդու խղճուկ, պաշտպանության կարիք ունեցողի կերպար՝ դրանով իսկ ամրապնդելով առանց այդ էլ կարծրացած կարծրատիպերը: Փոխարենը ավելի հզոր կերպար ստեղծելու, որը գոնե իրականության մոտ մեկին կներկայացնի, ով փորձում է պայքարել այդ խնդիրների դեմ, օգտագործում են «Ես հաշմանդամ չեմ, որ չկարողանամ աշխատել ընտանիքս պահել» արտահայտությունը, այն էլ փրայմ թայմին:

 

Դա անձնական վիրավորանք է մարդուն: Իմ ամուսինը ունի տեղաշարժման խնդիր եւ նաեւ շատ-շատ մեր ընկերները, բայց նրանք աշխատում են եւ մի քանի աշխատանքներ են անում ու տարբեր զբաղմունքներ ունեն, տարբեր պաշտոններ են զբաղեցնում, եւ նման արտահայտություն հնչեցնելը միանգամից վիրավորում է հազարավոր մարդկանց:

 

Ես հասկանում եմ, որ մեր երկրում այսօր հաշմանդամություն ունեցող մարդը խնդիր ունի աշխատելու, որովհետեւ որեւէ բան հարմարեցված չէ նրանց համար:

 

Հետո ի՞նչ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ամեն անգամ չեն արձագանքում, չեն բողոքում, դա նշանակում է, որ մարդկանց հրապարակայնորեն կարելի է վիրավորե՞լ:

 

Հեռուստանովելներում այս սխալ տերմինալոգիայի օգտագործումը, հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ սխալ պատկերացումներ ներկայացնելը խոսում է սցենարիստի ոչ իրազեկված լինելու մասին: Մարդը, ով իրազեկ չէ այդ թեմայից եւ խնդրից, ինչ-որ բան անելուց առաջ գոնե պետք է մի փոքր ուսումնասիրի, հետո նոր միայն ստեղծի կերպար, հատկապես հեռուստատեսությամբ, որովհետեւ Հայաստանի նման երկրներում այն շատ մեծ ազդեցություն ունի ոչ միայն մարդկանց գիտակցության, այլեւ ենթագիտակցության վրա: Պետք է նրբանկատ լինել նման հարցերում:

 

Ես գիտակցաբար անդրադարձել եմ հենց այն կառույցի աշխատանքին, որտեղ ես աշխատում եմ, որովհետեւ եթե անդրադառնայի մեկ այլ կառույցի արտադրած սերիալին, ինձ կմեղադրեին կողմնապահության մեջ: Քանի որ այս պարագայում ինձ համար շատ ավելի առաջնային էր խնդիրը եւ ոչ թե անձերը, ես դրան համարձակորեն անդրադարձա ու չեմ ուզում անձնավորել այն:

Դիանա Գրիգորյան

«Դժվար ապրուստ» սերիալի սցենարի հեղինակ

 

Հաշմանդամ ասելիս նկատի չենք ունեցել ֆիզիկական արատը: Մարդ կարող է հաշմանդամ լինի հոգով, մարդ կարող է ձեռք, ոտք ունենալ, բայց չաշխատել, լինել հաշմանդամ, լինել անաշխատունակ, հոգով հաշմանդամ: Ինձ համար հաշմանդամ չեն այն մարդիկ, ովքեր գամված են անվասայլակին, այլ նրանք, ովքեր, կյանքից ժառանգելով ամեն ինչ, չունեն նպատակ, չունեն ձգտում եւ դրանով իսկ կորցնում են ամենաթանկը` ժամանակը, այսինքն` պարապուրդի են մատնված: Շատ ու շատ անվասայլակով շարժվող մարդիկ կան, ովքեր այնպիսի մտավոր աշխատանքներ են կատարում, որ մենք բոլորս ուղղակի կերազենք այդպիսի մտավոր աշխատանքներ կատարել:

 

Ֆիլմի հերոսը լավ է ապրում, ինքը առողջ տղա է, ինչու՞ ինքը չի աշխատում, ինչու՞ են իրեն անընդհատ ասում, որ հայրդ ձեռքդ վրայիցդ քաշի, դու կդառանս բոմժ, ինչի՞ ինքը հաշմանդամ է, այսինքն՝ հերոսը նկատի ունի` «Ուղեղ չունե՞մ, չեմ կարո՞ղ աշխատել»:

 

Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամություն ձեռք բերելուց, եւ մենք այդ բառը չենք կարող հենց այդպես օգտագործել:

 

Մենք մեր պարտքը կհամարենք մոտակա եթերներից մեկում հնչեցնել այն արտահայտությունը, որ հաշմանդամ ասելիս մարդիկ չհասկանան բառի ամենաուղիղ իմաստով, այլ հասկանան բառիս փոխաբերական իմաստով: Եւ այն մարդիկ, ովքեր իրենց կաղապարների մեջ են եւ կաղապարնեից դուրս ոչինչ չեն տեսնում, լսեն եւ հասկանան, որ հաշմանդամ չի նշանակում պարտադիր ոտքից եւ ձեռքից զուրկ մարդ, որպեսզի մարդկանց մոտ աղմուկը խաղաղվի, որովհետեւ վիրավորելու միտում չի եղել:

 

Մենք այն դեպքերում, որտեղ անհրաժեշտ է լինում մասնագիտական խորհուրդ եւ կա մի տոկոս տարակուսանք, անպայման դիմում ենք մասնագետներին, որովհետեւ դա ճիշտ պրոֆեսիոնալ մոտեցում է յուրաքանչյուր մարդու կողմից:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *