2012.03.27,

Քննադատ

Կլիշեավորված սուր թեմաներ

Բանակի թեման դարձել է «ամենասիրելին» լրատվամիջոցների, տարբեր տեսակի ակտիվիստների համար: Ընդունված է դրա մասին խոսել, գրել, հարցազրույցներ վերցնել:
 
Իհարկե, մեր պետության ամենակարեւոր կառույցներից մեկը պետք է լինի ուշադրության կենտրոնում: Իհարկե, այն պետք է հնարավորինս կատարյալ լինի, քանզի բանակը մեր անվտանգության երաշխավորն է եւ պետական համակարգի այն եզակի ոլորտներից, որտեղ անմիջական ներկայություն ունեն հանրապետության բնակչության գրեթե բոլոր շերտերը: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքի առնվազն մեկ անդամ անցնում է պարտադիր զինծառայություն:

Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չեն մնում բանակում տեղի ունեցող ցավալի միջադեպերը: Բոլորը խոսում են դրանց մասին: Մեկը տխրում է, մյուսը՝ չարախնդում, սակայն ես հիմա չեմ ցանկանում խոսել հարցի զգացմունքային կողմի մասին:

Վերջերս կարդացի հարցազրույց Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ: Նախ ասեմ, որ իմ տպավորությամբ, ինչ էլ լինեին Միքայել սրբազանի պատասխանները, լրագրողը տալու էր բոլոր հարցերը նույն կերպ եւ միգուցե նույն հերթականությամբ, այսինքն՝ հարցերը չեն բխում պատասխաններից:

Սակայն, ամենաշատը ուշադրությունս գրավեց երկրորդ հարցը. «Վերջին շրջանում բանակում տիրող ամենաթողության մթնոլորտը, սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը հանրության ուշադրության կենտրոնում են: Ի՞նչ կասեք այդ մասին»

Չգիտեմ հիմա քանի հոգու մոտ այս հատվածը զգացմունքային ընդվզում առաջացրեց՝ «բա ամենաթողություն չի, բա ինչ ա»-ի կարգի, սակայն սթափ դատելու դեպքում ակնհայտ է, որ ականջներից ձգած ու իրականության հետ կապ չունեցող արտահայտություն է:

Իմ խնդիրը հիմա բանակը պաշտպանելը չի:

Սակայն պետք է խոստովանել, որ այս նախադասության մեջ կա տրամաբանական հակասություն: Հավանաբար բոլորն են խաղացել «ասոցիացիա» խաղը, երբ բառը պահում են, եւ խաղացողները պետք է տվյալ բառի հետ ասոցացվող բառեր ասեն, որպեսզի մեկը գուշակի այն: Եթե խաղանք եւ պահենք «բանակ» բառը, առաջին ասոցացվող բառերից կլինեն՝ կարգուկանոն, քայլք, շարք, հրաման, հրամանի կատարում, հավսար, զգաստ, խստություն եւ այլն:

Միայն այն, որ բանակում գոյություն ունի ենթակարգություն (սուբորդինացիա), որ ուզած թե չուզած, ըստ աստիճանակարգի, բոլորն ի վերջո ենթարկվում են մեկին, անտեղի է դառնում «ամենաթողություն» ածականի գործածությունը: Ամենավատ զինվորը ենթարկվում է ամենավատ հրամանատարին, ամենավատ հրամանատարը՝ նախարարին ու վերջինս էլ՝ գերագույն գլխավոր հրամանատարին:

Սա տրամաբանական հակասության մասով:

Բացի այդ, թերությունները, որ կան բանակում եւ ամենաթողության մթնոլորտը, որ կարծես թե ի վերջո չկա այնտեղ (եւ փա~ռք Աստծու), նույն բանը չեն: Վստահ եմ, որ սուր հարցեր բարձրացնելը լավ է, հատկապես եթե հետամուտ ես լինում այդ հարցերի լուծմանը, արդարության վերականգնմանը եւ այլն: Սակայն վստահ չեմ, որ նմանատիպ հարցերից կազմված հարցազրույցներով եւ ընդհանրապես կլիշեներով եւ կարծրատիպերով սահմանափակվելով կարելի է որեւէ խնդիր լուծել կամ լուծումներ առաջարկող պատասխաններ ստանալ (իհարկե, հարգանքներս Միքայել սրբազանին, ով, չնայած հարցերի որակին, իմաստուն պատասխաններ է տալիս):

Ընդհանուր առմամբ, սա ավելի շատ նման է կլիշեներից կազմված լոզունգի, քան պրոֆեսիոնալ լրագրողի եւ սրտացավ քաղաքացու կողմից հարցին հնչեղություն տալու փորձի:

Եւ վերջապես, եթե լրագրողին հրավիրեն իր խոսքերն ապացուցելու համար օբյեկտիվ փաստեր ներկայացնելու, նա կկարողանա՞ ապացուցել, որ բանակում տիրում է «ամենաթողության մթնոլորտ»: Չէ՞ որ «ամենաթողության մթնոլորտ», «սպանություններ», «ինքնասպանություններ» – սրանք զգացմունքային արձագանք առաջացնելու միտված գրեթե ոչինչ չասող բառեր են: Մի՞թե ավելի ճիշտ չի լինի, եթե հոգնակիով բառերի եւ չարչրկված արտահայտությունների փոխարեն նշվեն կոնկրետ դեպքերը, մանրամասները: Մանավանդ, երբ հարցազրույցը հոգեւորականի հետ է, եւ նրանից կարելի է ակնկալել պատասխաններ, որոնք կօգնեին խնդիրներին լուծում տալ (որքանով ես եմ հասկանում, հարցազրույցի նպատակն էլ կարծես թե հենց դա է): 

Կարծում եմ, որ լրագրողները պետք է առավելագույնս խուսափեն արտահայտություններից, որոնք ավելի շատ նման են անպատասխանատու հայտարարության, քան լուրջ եւ փաստարկված հարցադրումների, խնդրահարույց իրականության մասին բարձրաձայնման եւ լուծումներ փնտրելու փորձի:

Նարինե Աղաբեկյան

Հ.Գ. Սա գրելուց մի քանի օր հետո «Հետք»-ում կարդացի մի հոդված բանակի վերաբերյալ: Արժե կարդալ եւ նայել տեսանյութը համեմատության համար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *