2012.02.08,

Նյուսրում

Հայկ Գեւորգյանի կալանավորման լուսաբանումը ըստ լրագրողների եւ իրավապաշտպանների

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման մասին լուրը շատ արագ տարածվեց սոցցանցերով: Երեք օրերի ընթացքում Ֆեյսբուքում անգամ խումբ եւ էջ բացվեց՝ նրա մասին տեղեկատվություն տարածելու նպատակով:

Իսկ թե ինչպես աշխատեցին մեդիաներն այս օրերին՝ ինչպիսի մասնագիտական համերաշխության դրսեւորեցին եւ ինչպես լուսաբանեցին դեպքը, մեկնաբանում են լրագրողներն ու իրավապաշտպանները:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն 
«Երկրի շաբաթը» իմ ամփոփիչ ծրագրում ես անդրադարձել եմ դրան: Շատ ցավում եմ մեդիաների աշխատանքի համար, խոսքս վերաբերում է էլեկտրոնային լրատվամիջոցներին: Մեր հասարակությունը, հեռուստաքննադատները, հեռուստադաշտի փորձագետները պետք է սրանից եզրակացության հանգեն. Հայաստանում լավ հեռուստատեսությունը ոչ թե ճռճռան բառերով իրեն գովերգող, թանկարժեք տեխնիկա ունեցող հեռուստատեսությունն է, այլ բարոյական, լուր տվող հեռուստատեսությունը: Ինձ համար շատ ցավալի էր այդ օրերին տեսնել լուրերի թողարկումներ, երբ Հայկի մասին որեւէ բառ չկար: Երբ կարող էին համահայկական խնդիր դարձնել հաքերական հարձակումը կայքերից մեկի վրա, բայց չասել, որ Երեւանում լրագրող է ձերբակալվել: Երբ կարելի է մեծ-մեծ խոսել օպերատիվության եւ այլնի մասին եւ միայն տալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը:

Թերթերն ու կայքերը, որոշ բացառությամբ, շատ լավ աշխատեցին: Թեեւ մի բան էլ կա, որի գնահատականը ամենալավը տվել է Մեսրոպը Հարությունյան՝ անկախ այն բանից, որ մենք Հայկի կողքին էինք եւ ուզում էինք, որ նա ժամ առաջ ազատվեր, մենք պետք է հանրությանը տեղեկացնեինք, թե ինչ է ասում ոստիկանությունը եւ ինչ հակափաստարկ է բերում Հայկը կամ Հայկի ընկերներն ու փաստաբանը:

Ավետիք Իշխանյան
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Սա երեւի առաջին դեպքն էր, որ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, լրագրողական աշխարհը միահամուռ պահանջեց Հայկին ազատ արձակել: Եւ եթե այս ձերբակալությամբ ենթադրում էին սաստել այլ լրագրողների, ապա կարծում եմ՝ նրանց մտածմունքը չարդարացավ եւ հակառակ ազդեցությունն ունեցավ:

Պետրոս Ղազարյան
«Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, Կենտրոն հեռուստաընկերություն
Ես շատ դրական եմ գնահատում մեր մեդիա դաշտի պահվածքը այս հարցում, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր համակրում են «Հայկական ժամանակ»-ին եւ նրանք, ովքեր գտնում են, որ «Հայկական ժամանակ»-ը ոչ թե թերթ է, այլ քարոզչամիջոց, որը երբեմն խախտում է էթիկայի բոլոր նորմերը եւ այլն, միավորվեցին, ու մեկ-երկու բացառությամբ, մեդիա դաշտը միասնական դիրքորոշում ցույց տվեց:

Ես չեմ հիշում մեկ այլ դեպք, որ մեդիա դաշտը այսպես դրական եւ միասնական ռեակցիա տար ինչ-որ խնդրին: Այս դեպքը լուսաբանվեց պատշաճ՝ եւ՛ հեռուստաընկերությունները անդրադարձան այս խնդրին, եւ՛քննարկումներ եղան, էլ չեմ ասում էլեկտրոնային մամուլի մասին, թերթերը՝ շատ արագ, օպերատիվ, համակողմանի՝ ոստիկանության տեսակետը նույնպես ներկայացվեց, վերլուծվեց:

Արման Դանիելյան
«Քաղացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ
Կարծում եմ՝ Հայկ Գեւորգյանի ազատազրկումը բավական լավ լուսաբանվեց՝ հաշվի առնելով, որ հաջորդող օրերը շաբաթ-կիրակի էին: Ուրբաթ օրն ինչ-որ ժամանակ պահանջվեց հասկանալու համար, թե ինչ է կատարվել, բայց լրագրողներն ընդհանուր առմամվ լավ աշխատեցին: Ու այն, որ Հայկին ազատեցին, նաեւ այդ աշխատանքի արդյունքն էր:

Գեւորգ Ալթունյան
«Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, Հանրային հեռուստաընկերություն
Շատ ուրախալի էր, որ մեդիա դաշտը շատ արագ եւ համախմբված արձագանքեց լրագրողի ձերբակալությանը` անկախ տվյալ լրատվամիջոցի քաղաքական, գաղափարական ուղղվածությունից կամ նախասիրություններից: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքացիական հասարակության ձեւավորման առումով մեր երկիրը հսկայական առաջընթաց է արձանագրել, ինչն, իհարկե, չի կարող չուրախացնել:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *