2012.02.05,

Նյուսրում

Լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունները սատարում են լրագրող Հայկ Գեւորգյանին

«Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորումից հետո հայտարարությամբ են հանդես եկել լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ: 

«Պահանջում ենք անհապաղ փոխել Հայկ Գեւորգյանի նկատմամբ ընտրած խափանման միջոցը, ազատ արձակել նրան եւ ապահովել տեղի ունեցած միջադեպի անաչառ, թափանցիկ հետաքննություն: Իսկ երկրի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկելու՝ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները եւ ճնշումները բացառելու նպատակով»,- ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ Երեւանի մամուլի ակումբի համատեղ հայտարարության մեջ:

«Չնայած այն ամենահնարավոր հանգամանքին, որ ոստիկանության այս հարձակումը նպատակ ունի խոչընդոտելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գործունեությունը, խորացնելու վախի միջավայրը հայաստանյան լրատվական դաշտում, «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ այս հերթական հարձակումն անպտուղ է լինելու. ոստիկանության հաշվարկը հերթական անգամ սխալ է, արդյունքում հերթական անգամ տուժելու է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը»,- նշվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարության մեջ:

Հայտարարությամբ պահանջվում է փոխել Հայկ Գեւորգյանի խափանման միջոցը եւ անհապաղ ազատ արձակել նրան:

Լրագրողին անհապաղ ազատ արձակելու պահանջ  պարունակող հայտարարություն է տարածել նաեւ Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը: «Սա մարտահրավեր է խոսքի ազատությանը եւ սեպ` քաղաքացիական հասարակությանը»,- ասվում է հայտարարության մեջ: 

Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի` «ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս» եւ 244 հոդվածի` «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը»,  հատկանիշներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում լրագրողը կարող է դատապարտվել մինչեւ երկու տարի ազատազրկման:

Լրագրողի գործընկերները պնդում են, որ Հայկ Գեւորգյանի կալանավորման իրական պատճառը լրագրողի`ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առնչվող «Եւ Աստված ասաց` Վովա» եւ «Եթե ԱՊՊԱ, ապա Պապա» եւ «Մի պուճուր նվեր» հոդվածներն են: 

Օրենքի համաձայն ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում Հայկ Գեւորգյանի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի դատարանում: Այդ ժամկետը լրանում է փետրվարի 6-ին՝ երկուշաբթի օրը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *