2012.02.02,

Քննադատ

Ո՞վ է մեզ ընթերցում ցանցում։ Չգիտենք

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ինտերնետը Հայաստանում աճում է։ Եվ նույն արագությամբ աճում է մեր անտեղյակությունը ինտերնետից օգտվողների մասին։ Ովքե՞ր են մտնում համացանց Հայաստանից, ի՞նչ են կարդում, ու՞ր են մտնում։ Եվ եւս մի քանի տասնյակ նմանատիպ հարց, որոնք կարեւոր են ցանցային մամուլի լսարանը հասկանալու համար։ 

Մենք նույնիսկ շատ աղոտ գիտենք, թե քանի մարդ է օգտվում ինտերնետ կապից Հայաստանում։ Մոտավորապես բնակչության երրորդ մասը կամ միգուցե մի տասը տոկոսով ավելի շատ։ Internet in ArmeniaՄենք մոտավորապես գիտենք, որ Odnoklassniki-ն ունենում է 600 հազարից ավել այցելություն Հայաստանից։ Գիտենք, որ Facebook-ում հունվարին արձանագրվել է մոտ 260 հազար ակտիվ հայաստանցի օգտատեր։ Circle.amի տվյալներով կարող ենք տեսնել, որ, օրինակ, 2011-ի սեպտեմբերին այցելությունների թիվը 2010-ի սեպտեմբերի համեմատ աճել է երեք անգամ։

Սակայն այս ամենը շատ քիչ բան է մեզ ասում։ Այս թվերի հետեւում կանգնած է շատ չոր վիճակագրություն։ Մենք, օրինակ, չգիտենք, թե միջին տարիքի ընթերցողների որ մասն է միգրացիա կատարել տպագիր մամուլից դեպի օնլայն։

Իսկ նման հարցերի պատասխանները շատ կարեւոր են։ Հակառակ դեպքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ կայքերի մի մասը օգտվում են բավական տգեղ մեթոդներից՝ սեփական այցելությունները եւ ռեյթինգը բարձրացնելու համար։ Նման դեպքերում հայկական ցանցում առաջանում են տասնյակ հազարավոր կեղծ ընթերցողներ, եւ շատ դեպքերում նրանց գրեթե անհնարին է «բռնացնել», եթե հետեւել զուտ տեխնիկական հաշվիչներին։

Նման պատճառներով առաջանում են վեճեր, որոնցից ամենավառ օրինակն է հանրային դաշտում առաջացած անհամաձայնությունը A1+ եւ Circle.am միջեւ։ Հայկական ցանցը ուսումնասիրվում է զուտ թվաբանորեն (այցելությունների քանակով), ինչը Circle.am-ին հաջողվում է անել տարիներ շարունակ, ինչի շնորհիվ համակարգը վերածվել է համազգային ռեյթինգային հարթակի։

Մյուս կողմից՝ Circle.am-ը չպետք է մնա դաշտի միակ ուսումնասիրողը, քանի որ այս դեպքում տվյալները օբյեկտիվորեն դառնում են միակողմանի։ 

Հասարակագիտական ուսումնասիրությունների բացակայությունը հայկական ցանցը դարձնում է անդեմ թվաբանական դաշտ, ինչի հետեւանքով հայկական մեդիա դաշտն էլ է  հայտնվում նույն վիճակում, եթե հաշվի առնենք, որ այսօր, երեւի թե, ցանցային մամուլն իր ազդեցությամբ զիջում է միայն հեռուստատեսությանը։ 

Վերջին նախադասությունը կարող է վեճեր առաջացնել, բայց հարցն այն է, որ մենք չգիտենք ճիշտ պատասխանը, քանի որ մեր ցանցային մամուլը ուսումնասիրված չէ։ Իսկ քանի դեռ ուսումնասիրված չէ, ով ինչ կուզենա, կասի, ում ուզես, հանգիստ կմեղադրի։

Սամվել Մարտիրոսյան

Ինֆոգրաֆիկան gov.am-ից

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *