Հայաստանյան մեդիայի վիճակը որոշակիորեն կայունացել ու բարելավվել է: Այս մասին հայտարարում է «Լրագրողներն առանց սահմանների» (Reporters without borders (RWB)) կազմակերպությունը: Կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն՝ 2011-ին մամուլի ազատության ինդեքսը բարձրացել է 27 հորիզոնականով՝ հասնելով 77-րդի՝ հայտնվելով այն տեղում, որտեղ 2008 թվականից առաջ էր:
Չնայած մամուլի ազատության ինդեքսի բարձրացմանը՝ կազմակերպությունն արձանագրում է նաեւ դատական հայցերի միջոցով թերթերի վրա ճնշումների վտանգը: Ըստ RWB-ի՝ կամայական հայցերն ու դատավարական հետապնդումները շարունակում են մնալ անկախ թերթերին վախեցնելու գլխավոր գործոնը:
«Թեեւ լրագրողների վրա ֆիզիկական հարձակումներն ավելի հազվադեպ են, սակայն անկախ եւ ընդդիմադիր թերթերը գրաքննելու փորձերը շարունակվում են ավելի քաղաքակիրթ ձեւով՝ նախեւառաջ դատական հետապնդումների միջոցով»,- նշված է զեկույցում:
Նման խնդիր է արձանագրում նաեւ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը. անդրադառնալով 2010 թվականին վիրավորանքը եւ զրպարտությունը ապաքրեականցնելուն՝ նա նշում է, որ, Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում մտցված բարձր դրամական տույժերը հանգեցնում են մասնավորապես պետական պաշտոնյաների կողմից թերթերի դեմ դատական հայցերի քանակի մեծացմանը: Ընդ որում՝ հայցվորների պահանջած վնասի չափը հաճախ անհամաչափ է պատճառված վնասին եւ վտանգի տակ է դնում թերթերի գոյությունը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը կասկածում է, որ RWB-ն ստույգ տվյալներ է ունեցել հայաստանյան իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը կազմելիս:
«Իմ կարծիքով՝ այդ առաջընթացն այդքան էլ արժանահավատ չէ: Նախորդ տարին բավական մտահոգիչ է եղել հայաստանյան լրատվամիջոցների համար, եւ այն դատական գործերի հոսքը, որը շատ դժվարացնում էր ԶԼՄ-ների աշխատանքը, թաքնված գրաքննություն եւ ինքնագրաքննություն էր իրականում»,- ասում է նա:
ԽԱՊԿ-ի նախագահի խոսքերով՝ 2008 թվականից հետո իսկապես ավելի ծանր էր իրավիճակը, բայց, տեսնելով դատական գործերի հոսքն ու դրանց ստեղծած մթնոլորտը, այդպիսի առաջընթաց չէր կարող արձանագրվել:
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքերով՝ թեպետ վարկանիշային աղյուսակում մեր հարեւաններից շատ առաջ ենք, ոչ ազատ կամ մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում առաջատար լինելու մեջ գովելու առիթ չկա:
«Գովեստի եւ հարգանքի արժանի է, օրինակ, Էստոնիայի զբաղեցրած հորիզոնականը այն դեպքում, երբ 2011-ին այնտեղ նախագահական ընտրություններ էին, բայց անգամ նման մասշտաբի հանրապետական միջոցառման պարագայում մամուլի ազատության վարկանիշը, ըստ այս զեկույցի, ավելի է բարելավել դիրքերը` նախորդ տարվա 9-րդ տեղից անցնելով առաջատար եռյակի շարքերը»,- ասում է նա:
Սուրեն Դեհերյանի խոսքերով՝ քանի որ Հայաստանում այս տարի Ազգային Ժողովի ընտրություններ են անցկացվելու, լավ կլինի սպասել RWB-ի հաջորդ տարվա զեկույցին՝ վերհիշելով 2008 թվականի հետընտրական շրջանում մամուլի նկատմամբ կիրառված արգելանքներն ու պատժամիջոցները:
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահը գտնում է, որ առաջընթացի մասին խոսել կարելի կլինի միայն ընտրությունների փորձությունը անցնելով, հակառակ դեպքում 2011 թվականը կդիտարկվի որպես հերթական «խաղաղություն փոթորիկից առաջ»:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: