Հայաստանում գովազդային շուկան անընդհատ փոփոխվում է. հայտնվում են նոր ընկերություններ, նոր գումարներ և նոր գովազդային ձևաչափեր:
«Փրայմ Քոմերշլ» ցանցային գովազդային գործակալության ղեկավար Սամվել Սահակյանն ասում է, որ առաջիկայում սպասվում են տեղաշարժեր ինտերնետային և հեռուստատեսային գովազդային շուկաներում, քանի որ նոր հեռուստաընկերություններ են ստեղծվում, կայքեր բացվում և փակվում, փոփոխվում է գովազդային դաշտը:
Իսկ 2018թ-ին տեղի ունեցած սոցցանցային միգրացիան՝ Օդնոկլասնիկիից դեպի Ֆեյսբուք և Ինստագրամ, ձևավորեց գովազդային նոր հնարավորություններ:
Անցած տարվա քաղաքական իրադարձություններն ի՞նչպես ազդեցին սոցիալական ցանցերի և այնտեղ տեղադրվող գովազդի վրա:
Հեղափոխության ժամանակ Oդնոկլասնիկի սոցցանցը Հայաստանում վերջնականապես զիջեց իր դիրքերը: Ցանցի օգտատերերը տեղափոխվեցին Ֆեյսբուք, որ հետևեն ուղիղ միացումներին: Քաղաքական իրադարձություններից հետ չմնալու համար մարդիկ կարևորեցին ֆեյսբուքը, հետևաբար մեծացավ այդ սոցցանցի գովազդի տեսանելիությունն ու ակտիվիությունը:
Երկրորդ էֆեկտն այն էր, որ ոչ գրագետ օգտատերերը սկսեցին Ֆեյսբուքում հետևել մի քանի մարգինալ լրատվամիջոցների էջերին, սպառել նրանց միակողմանի տեղեկությունը և տեխնիկապես չէին պատկերացնում, որ կարող են դադարել հետևել այդ էջերին ու անջատվել դրանցից:
Միևնույն ժամանակ՝ հին ֆեյսբուքցիները, որոնք չէին մասնակցում քաղաքական քննարկումներին, հոգնեցին կռվեցնող տեղեկություններից, չկարողացան դիմանալ վիրտուալ վեճերին, սառեցրեցին իրենց հաշիվները և տեղափոխվեցին Ինստագրամ կամ այլ սոցցանցեր՝ ոչ քաղաքականացված միջավայրում պատմելու իրենց կյանքի մասին:
Գովազդային դաշտում այս ամենն ունեցավ իր արտացոլումը, զարգացավ բլոգինգը: Հայտնիներն Իստագրամում, բլոգերներն իրենց տեսանյութերով հաջողված գովազդային ակցիաներ արեցին:
Հեռուստատեսությունն ինչպե՞ս արձագանքեց այդ վիճակին:
Ամբողջ աշխարհում և Հայաստանում հատկապես հեռուստատեսության լսարանը կայուն է, այն դիտում են հիմնականում անվճարունակ մարդիկ:
Գովազդային ընկերությունների գովազդը հեռուստաալիքներում նեղ թիրախավորված չէ, եթե ուզում են 35 տարեկան մայրիկին վաճառել տակդիրի գովազդ, մտածում են, թե նրան կգտնեն հեռուստացույց դիտելիս, մինչդեռ նրան գտնելը շատ ավելի հեշտ է ինտերնետում՝ մանկական կայքերում, Յություբում տեսանյութեր դիտելիս և այլն:
Գովազդի նպատակը վճարունակ մարդկանց գովազդ վաճառելն է:
Իսկ վճարունակ մարդիկ չեն կարող բովանդակություն սպառել հեռուստատեսության որոշմամբ, եթե, իհարկե, դա նախօրոք գովազդված ֆուտբոլային հանդիպում, բռնցքամարտ կամ լրատվական հաղորդում չէ:
Գովազդի ենթադրյալ գնորդները նախընտրում են բովանդակություն սպառել իրենց հարմար ժամանակ և հարմար սարքով:
Հիմա մեր մոտ գովազդի 59%-ը բաժին է ընկնում հեռուստատեսությանը, 17%-ը՝ ինտերնետին, ևս 17%-ը արտաքին գովազդին, 2%-ը՝ ռադիոյին: Զարգացման ամենաբարձր աճը՝ 19%, ունեցել է ինտերնետ գովազդը:
Այսինքն գովազդի ապագան ինտերնետու՞մ է:
Այլևս անվիճելի է, որ ինտերնետ հարթակների միջոցով կարող ես գովազդ վաճառել ավելի շատ մարդկանց:
Ինտերնետը գովազդի տեսանկյունից միանգամայն այլ միջավայր է: Հեռուստատեսությունը կայուն է հատկապես 58 տարեկանից բարձր մարդկանց շրջանում, հատկապես տնային տնտեսուհիների:
Կարծում եմ՝ հիմա պետք է ուսումնասիրել հեռուստալսարանի տարիքը երիտասարդանու՞մ է, թե՞ ոչ: Դա հետաքրքիր է գովազդի տեսանկյունից:
Գովազդը հաջողում է, եթե ապրանքի վաճառքի գումարը ծածկում է գովազդի ծախսերը:
Օրինակ, Ռուսաստանում արված վերլուծության համաձայն, գրագետ գովազդը հեռուստատեսությամբ կարող է միայն երեք ամսում արդարացնել իր ծախսերը: Ինտերնետում երկու անգամ արագ է այն ծածկում ծախսը, քան ավանդական լրատվամիջոցներում:
Այսօր Հայաստանում սկսել են օգտագործել նոր տեխնոլոգիաներ, որոնք ավելի են նեղացրել և հասցեականացրել լսարանի թիրախավորումը: Oրինակ, բենզալցակայանում լիցքավորման պահին կոնկրետ որևէ բանկի քարտապանին հնարավոր է գովազդ ցույց տալ՝ բենզինի գնման դիմաց 10 տոկոս հետդարձ (քեշբեք) առաջարկելով:
Հիմա մեր շուկայում կան տեխնոլոգիաներ, որոնք վերլուծելով օգտատերերի վարքագիծը, կարողացել են ինտերնետում անհատականացնել 1 մլն 300 հազար մարդու:
Ընկերությունները վերաբաշխու՞մ են իրենց գովազդային բյուջեն:
2019թ-ին Հայաստանում գովազդի շրջանառությունը գնահատվել է 33 մլն դոլար, 2018թ-ի 31 մլն դոլարի փոխարեն (11.5% աճ):
Մեծ ընկերություններն իրենց տարեկան եկամուտների մի մասը ուղղում են հեռուստատեսություն: Պատճառներից մեկն այն է, որ ինտերնետը Հայաստանում գովազդային մեծ գումարներ չի կարող յուրացնել:
Վերջին տարիներին Հայաստանում ինտերնետային գովազդը ծայրահեղացվեց, և դաշտը նվաճեց շահումով խաղերի գովազդը:
Քանի որ շահումով խաղերը չէին կարող մուտք գործել հեռուստատեսություն, գնացին ինտերնետ՝ իրենց եկամուտների մեծ մասը ծախսելով այնտեղ: Հեշտ եկած գումարներն ավելի հեշտորեն են ծախսում գովազդի վրա:
Ստեղծվեցին կազմակերպություններ, որոնք սկսեցին ինտերնետում տեղադրել առանց նեղ թիրախավորման գովազդային հոլովակներ, որոնք էֆեկտիվ չէր, որովհետև մարդուն գործողության չէր մղում:
Նման մեծ գովազդային աղմուկի մեջ լուրջ խաղացողները դուրս եկան, քանի որ չէին կարող պարզապես գոյություն ունենալ: Նրանք սկսեցին ավելի շատ թիրախավորված գովազդ պատվիրել:
Հիմա երբ արդեն «Գովազդի մասին օրենքով» սահմանափակվեց շահումով խաղերի գովազդը (ցուցադրվելու է ամբողջ էջի գովազդի 20%-ից ոչ ավելի), տեղ կբացվի այլ ընկերությունների համար: Արդյունքում գները կիջնեն:
Հիմա կայքերում բոլոր գովազդային ցուցանակները (բաներները) զբաղված են, գներն էլ՝ բարձր:
Առաջին պլանում գովազդն է, բովանդակություն չկա:
Առցանց լրատվական դաշտում ստեղծվել են բովանդակություն վերահրապարակող, ագրեգատոր կայքեր, որոնք շատ են և կարողանում են ահագին գումարներ ներգրավել:
Սահմանափակման արդյունքում նման կայքերից շատերը չեն լինի, քանի որ գոյատևում էին մեծապես տոտալիզատորների հաշվին: Սպասելի է, որ դաշտում կմնան լրատվական բովանդակություն ստեղծող կայքերը:
Թեև հեռուստատեսությամբ սպասելի են փոփոխություններ ու քաղաքական գումարների ակտիվորեն շրջանառվում, միևնույն է ինտերնետը կմնա գերիշխող:
Միտում կա, որ տեղական ընկերությունների գովազդային բյուջեն կմեծանա, քանի որ բիզեսը դրական սպասումներ ու հույսեր ունի: Իսկ հույսին առաջինն արձագանքում է գովազդը:
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: