Հայաստանում դատական համակարգի զննիչ-զտիչ փոփոխությունների պահանջը դարձել է ամենաքննարկվող թեման:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխելը, Մարտի 1-ի գործի կասեցումն ու Սահմանադրական դատարան ուղարկելը, ինչպես նաև վարչապետի կոչը՝ փակել դատարանների մուտքերն ու ելքերը, առաջացրեցին բուռն արձագանք:
Օրենքները ճոճանակ են, որի վրա նստողներից շահում է նա, ով հստակ կարող է հաշվարկել ենթադրվող պտույտների հաճախականությունը, հնարավոր ռիթմն ու անգամ կտրուկ արգելափակման շանսերը:
Մարտի 1-ի գործը այնքան կտրուկ արգելակվեց, որ առաջացան լուրջ հարցեր: Եվ առաջնայինն այն է, թե ինչու՞ հաշվարկված չէր կտրուկ կանգառի հնարավորությունը, մինչդեռ թե՛ մեղադրող կողմը, թե՛ մեղադրյալն արդեն շարժվող ճոճանակ-դատարանում էին:
Դատական իշխանության արմատական ռեֆորմների հապաղումը տարակուսանքի ու անգամ զայրույթի ալիք բարձրացրեց, բորբոքեց արդեն մեկ տարի հեղափոխությունը որպես փաստ ընդունած մարդկանց հույզերը:
Ընդհանրապես հույզերն առաջանում ու տարածվում են այն միջավայրում և այն հարցերի շուրջ, որտեղ զգացվում է վստահության պակաս:
Նման բուռն արձագանք ստացան (և ստանում է) զանգվածային լրատվության դաշտը, որը դատական համակարգի հետ միասին ցանկացած իշխանության հիմնասյուններից է:
Բայց, ի տարբերություն մեդիայի, դատական համակարգը դեռ սովետական տարիներից համարվել է փակ, բարդ, ստորգետնյա կապերով ոլորտ: Այն ոչ թե աշխատել է հանրային արձագանքի վրա, այլ՝ հանրային արձագանքից հեռու, որպես գաղտնի պատժիչ մեքենա:
Մայիսի 19-ից սկսած՝ Հայաստանի դատարանները, դատավորներն ու օրենքների երաշխավորողները լուրջ կասկածներ հարուցեցին, որ ընտրված ընթացքը կառավարելի է, թեկուզ միայն այն պատճառով, որ ոչ մի քայլ չարվեց ազատվելու նախկին կիսասովետական-կիսագողական, կոռուպցիայով սնվող գործելաոճից:
Հիմա դաատական համակարգից դեպի մեդիա է ձգվում հիմնականում հուզական հոսանքը:
Իրավական լեզուն ու օրենքների մեկնաբանությունը տարիներ շարունակ թույլ չեն տվել էմոցիոնալ արձագանքների շրջանառությանը: Իսկ լրատվական դաշտը ոչ միայն հիմնվել է հույզերի վրա, այլև հրահրել դրանք, ողջ ուժով ու մանիպուլյատիվ հնարքներով՝ վախ ու անկայունություն սփռելով լսարանի մոտ:
Իրավաբանության հնարքներն այլ որակի են. որպեսզի դրանք օգտագործես, պետք է լինես պրոֆեսիոնալ: Լրագրության մեջ հակառակն է. պրոֆեսիոնալն է ազատ ակնհայտ ու խառնակիչ հնարքների կիրառումից:
Մայիսի 21-ին մենք ականատես եղանք (փոքր օրինակի վրա), թե ինչպես է աշխատում լրատվական դաշտը, որը, ինչպես դատական համակարգը, ինքնամաքրման լուրջ կարիք ունի:
Հուզական ֆոնը, որը սկզիբ առավ ԵԽԽՎ արձագանքից վարչապետի կոչին՝ կազմակերպել ակցիաներ դատարանների առջև, խտացրեցին լրատվամիջոցները:
Ու կախված այն բանից, թե ում են պատկանում կամ ում են հարում տվյալ լրատվամիջոցները, ընտրվում են լուրերի վերնագրերն ու շեշտադրումները:
«ԵԽԽՎ դիտորդներն անհանգստացած են Հայաստանի վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից»,- սա Հրապարակի վերնագիրն է:
«ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչի առնչությամբ»,- գրեց tert.am-ը:
Կանխատեսելիորեն նմանատիպ վերնագիր ընտրեց նաև 168ժամը:
«ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց»,- տեքստի այս հատվածն ընտրեց Panorama.am-ը:
«ԵԽԽՎ-ն բացասաբար է արձագանքել Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու վերաբերյալ կոչին»,- 1in.am-ը այսպես վերնագրեց իր լուրը:
«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա»,- ավելի է ընդլայնել բացասական արձագանքը «Առավոտը»:
«Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու մասին հայտարարությունը. ԵԽԽՎ»,- կռահելի կերպով բոլորովին այլ հատված մեջբերեց «Հայկական ժամանակը»:
«ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է, բայց դատական բարեփոխումներն անհրաժեշտ են»,- գրեց Ազատությունը՝ փորձելով հավասարակշռել ուղերձը:
Թավշյա հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ գործադիր իշխանությունը հրաժարվել է դատական իշխանությանը թելադրել իր կամքը (վարչապետը այդ պատճառով էլ դիմեց իր միակ անբեկանելի ռեսուրսին, որից էներգիա է ստանում՝ ժողովրդին):
Պարզ դարձավ նաև, որ դատական համակարգը դեռևս անկախ չէ իր որոշումներում և չի կարող լուծել արդի խնդիրները:
Ընդ որում՝ ինչպես նաև լրատվականները, որոնք կարող են դատավորների պես ասել, թե անաչառ են ու անկողմնակալ, բայց իրականում ունեն իրենց հասցեատերերն ու տերերը: Եվ հասցեատերը բնավ էլ հասարակությունը չէ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: