2019.04.01,

Ստուգված է

Ինչ լուրեր շրջանառվեցին ու հերքվեցին մարտի 15-31-ը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մարտի երկրորդ կեսին նորից շարունակվեց Սորոսի դրամաշնորհների անսպառ թվացող թեման։ Մեդիան ուսումնասիրեց ահաբեկչությունն ու գտավ հակաթուրքական հետք, նաև սահմանում զինվոր սպանվեց, որն էլ պարզվեց սուտ է… Շարունակվեց նաև ԵՊՀ-ի թեման։

Հակամահմեդականը հակաթուրքականը չէ

Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի 2 մզկիթներում 50 մարդու կյանք խլած ահաբեկչության համար օգտագործված զենքերի վրա կային գրառումներ տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ահաբեկչության օրը գրառումները վերծանեց, հետազոտեց ու պարզեց, որ զենքերի վրա նշված իրական մարդիկ և պատմական իրադարձություններն «ունեն հակաթուրքական հետք»։

Սակայն, ուսումնասիրելով միջազգային տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, տեսնում ենք, որ զենքերի վրայի գրառումներից բացի ահաբեկչությունն իրականացնող Բրենթոն Թարենթն իր Թվիթերյան հաշվում հրապարակել էր մանիֆեստ։ Այն ուսումնասիրած լրագրողները գրում են, որ այստեղ հեղինակը պատմում է իր գաղափարների, գործողության շարժառիթի և մոտիվացիայի մասին։

Մեր ուսումնասիրած հրապարակումներում հեղինակները տեսնում են ոչ թե հակաթուրքական, այլ ավելի լայն՝ հակամահմեդական շարժառիթ։

Կուսակցականացվա՞ծ, թե՞ չկուսակցականացված ԵՊՀ

Փաստերի ստուգմամբ զբաղվող fip.am-ն էլ պարզել է, որ ԵՊՀ ռեկտորի հայտարարությունն արված ի պատասխան Նիկոլ Փաշինյանի մարտի 25-ի պնդումների իրականությանը չի համապատասխանում։  

Փաշինյանը Կառավարության արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում տեղ չունեն այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ և ուսանողների վրա դռներ փակել, ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել էր, որ իրենք «ո՛չ դուռ են փակել, ո՛չ էլ կուսակցական բջիջ է սարքվել համալսարանում»։

Հարթակը ներկայացրել է ՀՀԿ-ի անդամների անունները, որոնք Արամ Սիրմոնյանի ռեկտոր դառնալուց ի վեր դարձել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, անդամներ, եՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ։

Այս շարքում կան Սերժ Սարգսյանի,  Վիգեն Սարգսյանի, Հրանուշ Հակոբյանի, Արմեն Աշոտյանի անունները։

Իսկ ուսանողների վրա դռնել փակելու մասով հարթակը հիշեցրել է, որ տարբեր քաղաքական պահանջներով ցույցերի ժամանակ ԵՊՀ ուսանողների ազատ տեղաշարժի իրավունքը խախտվել է։

Սահմանին զինվոր իրականում չէր մահացել

Մարտի 29-ին էլ ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Սիմոնյանն գրել էր այս սոցցանցի մի քանի խմբերում տարածվող կեղծ լուրի մասին, թե իբրև ԼՂՀ-ում հյուսիս-արևելյան դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել։

Սոնա Սիմոնյանը ասել էր, որ հրապարակված նկարներում իր քույրն ու մորեղբոր տղան են։ Վերջինս ծառայում է բանակում, իսկ տարածվող լուրերում առկա ծննդյան տարեթիվը և ազգանունը տղայինն են, սակայն զոհվելու մասին լուրը կեղծ է։

Օգտատերը գրել է, որ այս կեղծ լուրը սկսել են տարածել Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Դրանք տարածվել են իր գնահատմամբ «ֆեյք խմբերում»։ Նա որպես օրինակ բերում է Haykakan lurer խումբ, որտեղ գրառում կատարողն իրեն փորձել է հավաստիացնել, թե նա միայն հավանել է գրառումը և գաղափար չունի, թե ինչպես է իր անունով գրառում կատարվել։

Սորոսից դրամաշնորհների անսպառ թեմայից

Բաց հասարակության հիմնադրամի դրամաշնորհների մասին հրապարակուները շարունակվում են։ Iravunk.com-ը գրում է, թե 2000 թվականին Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության և 1000 օրինակ տպելու համար այս հիմնադրամը 3086 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տվել А&M հրատարակչակատան, որի կոնտակտային անձը համարվում է Աննա Հակոբյանը:

«Զարմանալիորեն Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը այսպիսի դեպքերի մասին նախընտրել է լռել, իսկ այնուհետեւ ընդհանրապես ջնջել է իր կայքից տրվող դրամաշորհների մանրամասները», – գրում է կայքը:

Սակայն այս լուրը հերքել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունը և հայտարարել, թե այս գրությունը մարտի 12-ին նաև ուղարկել են «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել։

«Իրավունք» թերթի խմբագրությունը հայտարարում է, որ  Աննա Հակոբյանի գրասենյակից մինչ թերթի` տպագրության ստորագրելու պահը գրություն չի ստացել ո՛չ սովորական, ո՛չ էլ էլեկտրոնային փոստով:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը ոչ մի կապ չունի դրամաշնոհ ստացած  А&M հրատարակչակատան թարգմանիչ Աննա Հակոբյան հետ։ Նրանք տարբեր անձինք են։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *