2019.04.01,

Տեսակետ

«Լավ գաղափարների մեծ մասը միանգամից շարժվում է դեպի ինտերնետ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Գրաֆիկ դիզայներ, մուլտիմեդիա նախագծերի ու վեբ հավելվածների հեղինակ Պավել Կեդիչը գերադասում է աշխատել ոչ այնքան կոմերցիոն, որքան սոցիալական լայն ներգրավվածություն ենթադրող, հետաքրքիր ու երբեմն նաև պրովոկատիվ նախագծերի վրա:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա անցկացրեց գործնական աշխատանքների դասընթաց հայաստանցի լրագրողների, լուսանկարիչների համար՝ օգնելով կատարելագործել նրանց մուլտիմեդիա նախագծերը Readymag հարթակի վրա:

Պավել Կեդիչը մուլտիմեդիա նախագծերի պատրաստման համար կարևոր է համարում խթանը, որը դրդում է մարդկանց խորասուզվել թեմայի մեջ, գործիքների պեղումներ անել ու սեփական պատմությունը պատմել նորովի:

«Օրինակ, վատ դրդապատճառ չէ հայտնի դառնալու ցանկությունը: Եթե հանդիպում են լավ պատվիրատուն ու լավ թիմը, լավ նախագիծ անելու հնարավորությունները մեծանում են»,- ասում է նա:

Տեխնոլոգիաներով հագեցած դարում հնարավոր է կառուցել ու մատուցել ինֆորմացիան սրտի ուզած ձևով՝ խառնելով տարբեր մեդիա տեսակներ: Արդյո՞ք նոր գաղափարները ծնվում են նույնքան արագ, որքան տեխնոլոգիական նորույթները:

Կարծում եմ՝ հիմա գաղափարները չեն կարող գոյություն ունենալ տեխնոլոգիաներից անջատ: Ցանկացած գաղափար միանգամից կապվում է ինտերնետի, հեռախոսի և տեխնոլոգիական զարգացման արդյունքում ստեղծված իրերի կամ հարթակների հետ:

Տեխնոլոգիաներն այնքան արագ են ներթափանցել մեր կյանք ու վերափոխել առօրյան, որ թրաֆիկի 52%-ը արդեն գալիս է հենց սմարթֆոններից (դժվար է պատկերացնել, որ ընդամենը երեսուն տարի առաջ սմարթֆոններ չկային):

Ինտերնետը հեռախոսում է, իսկ դա նշանակում է, որ հեռախոսը կատարում է մեզ անհրաժեշտ բոլոր գործառույթները՝ այն հասանելի է, տեղավորվում է ձեռքի մեջ, մատների տակ, օգնում է կատարել գնումներ, վճարումներ, ապահովում է շփումը: Անգամ թվում է, որ առանց տեխնոլոգիաների ոչինչ չկա:

Մուլտիմեդիա նախագծերը ստեղծվու՞մ են անհատական մոտեցմամբ, որ մարդը դեմ առ դեմ մնա նախագծի հետ:

Կարծում եմ, հակառակն է, շատ նախագծեր արվում են կոլեկտիվ օգտագործման տրամաբանությամբ: Օրինակ, փոխվել է դիզայնի արտադրության գործընթացը:

Նախկինում կար թիմ, որը աշխատում էր, իսկ դիզայները առաջարկում էր մակետների իր տարբերակները: Իսկ հիմա աշխատանքի մեթոդները համագործակցային են: Յուրաքանչյուր դիզայներ աշխատում է՝ նստած իր համակարգչի առջև (և կարևոր չէ, թե որ երկրում), բայց թիմի մյուս բոլոր անդամները իրական ռեժիմով տեսնում են, թե նա ինչ է անում:

Դա վեբ դիզայնի լուրջ պահանջներից է:

Իսկ Նեթֆլիքսի, Սփոթիֆայի կամ այլ հարթակների օրինակները ցույց են տալիս, որ ուղղությունը խմբային դիտումներն են: Սփոթիֆայն օրինակ, ունի դիտման ընտանեկան փաթեթներ, երբ վճարում ես մի քիչ ավելի, բայց բովանդակությունը հասանելի ես դարձնում ընտանիքի բոլոր անդամների համար:

Եթե միանում ես Նեթֆլիքսին, ստանում ես հնարավորություն ևս մի քանի բաժանորդների միացնել ցանցին:

Այսինքն, թեև անհատական օգտագործումը ի սկզբանե նպատակներից մեկն էր, բայց մեծ ընկերություններն ու ընդհանրապես տեխնոլոգիաները շահագրգռված են ներգրավելու ավելի ու ավելի մեծ լսարանին:

Իսկ ներգրավումը տեղի է ունենում հաղորդակցության միջոցով, պայմանական սոցիալական միավորի տեսքով՝ ընտանիք, խումբ, համայնք:

Իրականում դրանք հարցեր են, որոնց մասին մենք բոլորս դեռ պետք է մտորենք ու վերլուծենք:

Հետաքրքիր է, որ էկրանները անընդհատ կատարելագործվում են՝ փոքրանալով: Դա փոխեց, օրինակ, կինոյի արտադրությունն ու ցուցադրման եղանակը: Ցուցադրումը դարձավ անհատական, ոչ զանգվածային: Մուլտիմեդիա հեղինակները հաշվի առնու՞մ են փոքր էկրանով անհատական, անձնավորված սպառումը:

Կարծում եմ, որ եթե անգամ հատուկ չեն աշխատում փոքր էկրանների համար, ապա անպայման դա նկատի են ունենում:

Այո, լավ գաղափարների մեծ մասը միանգամից շարժվում է դեպի ինտերնետ:

Հիմա թեև բոլորը շարունակում են հորինել արտադրանքի պատրաստման եղանակներ, բայց ավելի շատ մտածում են, թե ինչպես այդ արտադրանքը հասցնել մարդկանց:

Եթե նախկինում ուտելու համար գնում էինք ռեստորան, ապա հիմա ծառայությունները աշխատում են ուտելիքի առաքման համար նոր ագրեգատորներ ստեղծել: Տաքսի ենք պատվիրում հեռախոսով՝ անգամ կարիք չունենալով խոսելու օպերատորի հետ: Անհետանում է անհրաժեշտությունը իմանալու լեզուն այն երկրի, որտեղ գտնվում ենք, քանի որ թարգմանությունն իր վրա է վերցնում հավելվածը:

Կինոյի դաշտին թեև լավ ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ, որ դա հենց այնպես տեղի չի ունենում: Օրինակ, նկատել եմ, որ եթե պետք է լինում ֆիլմ կամ որևէ այլ տեսագրված բովանդակություն ներբեռնել, ապա իմ համակարգչի մարտկոցի լիցքն ավելի արագ է վերջանում, քան եթե այդ նույն բովանդակությունը դիտեի օնլայն ռեժիմով:

Այսինքն, ավելի ձեռնտու է դառնում ոչ թե քաշել նյութը, այլ դիտել այն վիրտուալ ամպի վրա:

Եվ լուրջ կասկածներ ունեմ, որ Նեթֆլիքսը կամ այլ հարթակները մտածում եմ էներգախնայողության մասին, որպեսզի օգտատերերին որքան կարելի է երկար ժամանակ թողնեն օնլայնում:

Իհարկե, ես դա չեմ պնդում, բայց փաստ է, որ մարտկոցի լիցքը խնայում եմ, երբ նյութը դիտում եմ առցանց՝ ուրիշների մոտ, այլ ոչ թե երբ այն բառիս բուն իմաստով՝ ձեռքիս տակ է:

Իսկ կա՞ ուսումնասիրություն (թեկուզ շատ անհատական), թե որ մուլտիմեդիա արտադրանքն է կարողանում առավելագույն էֆեկտ ունենալ ու մեծ թվով մարդկանց ներգրավել: Ցնցել վիրտուալ համայնքը:

Կարծում եմ, դա ոչ ոք չգիտի: Վեբ պրոյեկտները դառնում են լուրջ իրադարձություն հաճախ պատահականորեն, հաջող նախագծի ստեղծման երաշխիք չկա:

Դա կարծես նման է հարստացման բաղադրատոմսին, որը գոյություն չունի: Ազնիվ հարստացման ճանապարհները անիմանալի են, ի տարբերություն, կոռուպցիոն սխեմաների հաշվարկված կիրառման:

Ես գրեթե չեմ հավատում ծանր ու համառ աշխատանքի բանաձևի հաղթանակին (այն կարող է լինել հաջող նույնքան, որքան և անհաջող):

Իսկ այն նախագծերը կամ ստարտափերը, որոնք դառնում են հայտնի, ընդգրկում են ահռելի լսարան ու ճիշտ նշանակետին են «հարվածում», հաճախ ոչ մի կապ չունեն հաշվարկների հետ:

Բովանդակությունն ու ձևը միասի՞ն են ծնվում:

Համալսարաններում դիզայնի ընդհանուր տեսություն դասավանդողները, երևի շարունակում են պնդել, որ ձևը միշտ պետք է համապատասխանի բովանդակությանը:

Կան դիզայներներ, որոնք իրավացիորեն կարծում են, որ վատ բանը արժանի չէ լավ դիզայնի, և դիզայնը պետք է համապատասխանի օբյեկտին:

Ասենք, փող աշխատելու ոչ ամենաազնիվ միջոցը՝ վիճակախաղը, գովազդելու համար լավ կլինի ստեղծել այնքան լավ գովազդային պատկերաշար, որը վաճառի ոչ թե բուն ապրանքը, այլ միայն տեղեկացնի դրա առկայության մասին:

Նպատակները տարբեր են: Պատվիրատուն կարող է ասել՝ միջին բովանդակություն ունենք, և հարկավոր է գտնել այնպիսի ֆորմա, որը կապահովի գումարների, մասնագետների ներհոսք կամ թեման հետաքրքիր կդարձնի: Արդյունքում, դա կդառնա մեկնակետ, որը կօգնի բարելավել բովանդակությունը:

Կան դիզայներներ, որոնք աշխատում են՝ ելնելով այն կոնցեպտից, որ ձևը պետք է ձգի այցելուներին դեպի բովանդակություն:

Դիզայնը թագուհի՞ է:

Կարծում եմ՝ թագուհին տեխնոլոգիան է, քանի որ հենց դա է որոշիչը:

Գիտակցելու համար, թե ինչ է դիզայնը, երևի շատ ժամանակ է պետք: Դիզայներները, որոնք հետևում են նորույթների, բախվում են այլ սերնդի կամ ժամանակակից դիզայներների անձնական փորձառության օրինակների հետ: Արդյունքում դառնում են ուրիշների կարծիքների պահոցներ, և ինձ թվում է, որ հենց նրանց համար է ավելի բարդ ստեղծել ցնցող նախագծեր:

Միգուցե դա հասկանալով, ես փորձում եմ քիչ հիմնվել նախորդների փորձի վրա ու բացատրել աշխարհը՝ առանց խորանալու, թե ինչ է դիզայնը:

Ինձ հաճելի է մտածել, որ աշխարհը բաց ու ազատ տարածք է, որտեղ խիստ տարբեր են մարդկանց մտորումները լավ ու վատ ճաշակի մասին:

Երբ շատանում են շրջանակներն ու սահմանները, մարդիկ դառնում են այդ սահմանների պատանդները: Ինձ օրինակ, գոնե մի քիչ ավելի ազատություն է հարկավոր:

Բայց համաձայնեք, որ հենց տեխնոլոգիաներն են մեզ դարձնում պատանդ: Մենք անընդհատ ձգտում ենք ունենալ տեխնոլոգիական նորույթները, լինել միշտ կապված լրահոսի հետ:

Ժամանակակից սարքերի Էկրանների որակը շատ բարձր է, ու ցավոք ավելի ու ավելի է բարձրանում և զարգանում: Նոր հեռախոսներ, նոր թաբլեթներ, համակարգիչներ… Վազք է, որը ուղիղ կերպով ազդում է ոչ միայն դիզայներների, այլև բոլոր այն մարդկանց վրա, որոնք գործ ունեն իմաստների հետ:

Ցանկացած գեներացվող իմաստ դառնում է էկրանի պատանդն ու պետք է լինում գտնել այն միջոցը, որը իմաստի ներկայացումը կդարձնի առավել դյուրամարս:

Այսինքն, հարկավոր է հաշվի առնել սպառման եղանակները, հարմարեցնելով մեդիա նախագիծը միանգամից մի քանի տարբերակներին՝ հեռախոսին, համակարգչին:

Հիմա նաև Ինստագրամին, որն իր սթորիներով լրիվ փոխեց լուսանկարի սպառման տրամաբանությունը՝ համայնապատկերային լուսանկարը դարձնելով դիմանկարային:

Եվ ստացվեց այնպես, որ մեզ ծանոթ լուսանկարների մեծամասնությունը այլևս չի դիմանում այդ նոր ձևաչափին: Իսկ դրանք իրականում միլիարդավոր պատկերներ են, որոնք ստեղծվում են ամեն օր և գլխիվայր շրջում մեր պատկերացումները հորիզոնական կադրի մասին:

Անգամ սպասելի է, որ շուտով դա կազդի նաև կինոյի վրա, և ֆիլմերը կնկարահանվեն ամբողջովին կադրի դիմանկարային կառուցվածքով:

Ապրում ենք վիզուալ գերարտադրության պայմաններում: Եվ պատահական չէ, որ ծնվել է նոր տերմին «վիզուալ սպամ»:

Եթե խոսում ենք գերարտադրության մասին, ուրեմն ընդունում ենք, որ կան նորմեր: Մինչդեռ նորմերը ոչ ոք որոշել չի կարող:

Նորմերի սահմանումն ավելի շուտ անհատական գործ է: Մենք ինքներս մեզ պետք է սահմանափակենք:

Ես, օրինակ, Ինստագրամի համար դրել եմ օրական սահմանափակում, ոչ ավելի, քան 15 րոպե (կա հավելված, որը դա կարգավորում է):

Նայելով վիճակագրությանը, թե որքան ժամանակ եմ անցկացնում իրականում բավականին տարօրինակ զբաղմունքի վրա՝ սքրոլ անելով ցանցային լրահոսը, որոշեցի ինքս ժամանակային լիմիտ դնել:

Միգուցե այդ զբաղմունքը որոշակիորեն բեռնաթափում է մեզ, քանի որ թերթելու ընթացքում մենք խորը բաների մասին չենք մտածում: Բայց ինքս ինձ սահմանափակելով, զգացի թեթևություն: Ուրիշները միգուցե դա չզգան:

Գոյություն ունի FOMO (Fear of Missing Out) ֆոբիա, երբ վախենում ես, որ բաց ես թողնում ինչ-որ կարևոր բան: Եվ դրա պատճառը տեխնոլոգիաներն են:

Եթե ազնիվ լինենք, իրականում քիչ են պատճառները, երբ իսկապես տխրում կամ հուսահատվում ենք, երբ ինչ-որ բան ենք բաց թողնում: Դա ընդամենը սովորություն է:

Օրինակ, հիմա առաջին անգամ գտնվելով Երևանում և իմանալով, որ շատ բան չեմ հասցնի տեսնել ու մանրամասն ծանոթանալ, ես բոլորովին չեմ տխրում, մտահոգվում ու տանջվում, քանի որ գիտեմ, որ ժամանակ դեռ կլինի: Որ կլինի հնարավորություն կառավարելու այդ ժամանակը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *