2019.03.20,

Նյուսրում

«Նախաքննական գաղտնիքի» բացահայտման հետքերով

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթի կողմից նախաքննական տվյալներ հրապարակելու առթիվ։ Թերթը հրապարակել է 2008 թվականի մարտի 1-ի գործով մի քանի վկաների ցուցմունքները։

Նախ՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի, ապա Սերժ Սարգսյանի՝ որպես վկա հարցաքննության արձանագրությունները։

ՀՔԾ-ն հանդես է եկել քրեական գործ հարուցելու հայտարարություններով։

«Ժողովուրդ»-ն իր հերթին է հայտարարություն տարածել, նշելով, որ պահպանել է Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է՝ «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել:

Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»:

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը:

«1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»:

Թվարկած կարգավիճակներից որևէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը գործով կողմ չէ: Սա խմբագրության պնդումն է։

Թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ասում է, որ ՀՔԾ-ի տարածած երկու հաղորդագրություններով խախտվել է անմեղության կանխավարկածը, արատավորվել իրենց բարի համբավը:

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ն նույն տրամաբանությամբ պետք է հայտարարի, որ նախաքննական գաղտնիք բացահայտել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 11-ին գաղտնալսման առիթով կայացած ասուլիսի ժամանակ բարձրաձայնելով նախաքննական բազմաթիվ գաղտնիքներ պարունակող տեղեկություններ, նույնիսկ ցուցակ:

Քնար Մանուկյանն այսպես է մեկնաբանում խմբագրության գործողությունները․ «Դեռ փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտարարություն է տարածել այս գործով նախաքննության ավարտի մասին։ Ցուցմունքները մեր ձեռքում հայտնվել են մինչև նախաքննության ավարտը։ Բայց մենք հրապարակել ենք նախաքննության ավարտից շաբաթներ անց։ Ես իսկապես սպասել եմ, մինչև նախաքննությունն ավարտվի»։

Թերթի խմբագիրը չի վախենում քրեական գործի հարուցումից։ Նա ավելի շատ մտավախություն ունի, որ նախաքննական մարմինը խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը։

«Իրենք անում են մի բան, որ այն մարդիկ, ովքեր իմ աղբյուրներն են, որոնք ինձ վստահել են, որոնց միջոցով ես մի շարք խնդիրներ եմ բարձրացնում, կարող է հետագայում վախենան և այլևս տեղեկություններ չհայտնեն ոլորտներում առկա իրավիճակի մասին», – ասում է նա։

Հարցին՝ միևնույն է, դատարանում ցուցմունքները հրապարակվելու էին, ի՞նչ շահով է առաջնորդվել լրատվամիջոցը, շտապելով հրապարակել ձեռքի տակ եղած ցուցմունքները, Մանուկյանը պատասխանում է․

«Իսկ ի՞նչ խնդիր է առաջացնում մի քիչ շուտ հրապարակելը։ Չէի ասի, որ առաջինը լինելու մոլուցք ունենք, բայց ցանկացած լրատվամիջոց որոշակիորեն առաջնորդվում է այդ սկզբունքով»։

Մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը հիշեցնում է, որ նախաքննական գաղտնիքի բացահայտման վերաբերյալ կա ՍԴ որոշում, որն ասում է՝ գաղտնիք լինել կամ չլինելը պետք է որոշվի տվյալ իրավիճակից ելնելով, և ոչ՝ ապրիորի։

Չափորոշիչներից մեկն այն է, թե արդյոք ցուցմունքների հրապարակումը կարո՞ղ էր ազդել նախաքննության օբյեկտիվության վրա։

ՀՔԾ-ն պետք է հիմնավորի, թե ինչու է դա գաղտնիք համարում․

«Նախաքննական գաղտնիքն անհրաժեշտ է նախաքննության օբեկտիվության համար, իսկ դա մեղադրյալի իրավունքն է, տուժողի իրավունքը, նաև ՀՔԾ-ի պարտականությունը։ Այս շահերը դնում ենք կշեռքի մի նժարին։ Կշեռքի մյուս նժարին դնում ենք հասարակության տեղեկացված լինելու իրավունքը։ Հատկապես եթե հանրային հետաքրքրություն ներկայացնող քրեական գործի մասին է։ Եթե հիշում եք, տարիներ առաջ, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանը տեղի ունեցավ փոխհրաձգություն, փաստաբան Հայկ Ալումյանը ստիպված եղավ հրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեսանյութը։ Այդ ժամանակ հանրային դիսկուրս կար, և հակասական ինֆորմացիա էր պտտվում։ Եվ վերջնականապես պարզվեց, որ պետական մարմինը կոնկրետ ինֆորմացիա չի տալիս, Ալումյանն ասաց՝ ես ստիպված եմ հրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեսանյութը»։

Ղազարյանն ասում է, որ ՀՔԾ-ն պետք է կարողանա հիմնավորել, թե ո՞ր կողմի շահը ոտնահարվեց, կամ արդյո՞ք անդառնալի հետևանք ունեցավ նախաքննության օբյեկտիվության վրա։

Նա հուշում է, որ լրատվամիջոցը կարող էր չիմանալ, որ հարցաքննությունը նախաքննական գաղտնիք է։ Բանն այն է, որ նախաքննական գաղտնիքի մասին տեղեկացվում են միայն նախաքննության կողմերը։

Քրեական գործի շրջանակներում կարող է հարց առաջանալ, թե լրատվամիջոցի աղբյուրն ով է։

Իսկ լրատվամիջոցը պարտավոր չէ բացահայտել իր աղբյուրը բացառությամբ երեք դեպքերի, որոնք այս դեպքի վրա, ըստ Արա Ղազարյանի, չեն տարածվում:

Ըստ ՍԴ 20.10.2015 թվականի թիվ ՍԴՈ-1234 որոշման՝ աղբյուրի բացահայտման նպատակը պետք է լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտումը, երկրորդ՝ հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ պետք է լինի, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, երրորդ` պետք է սպառված լինեն հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *