2019.03.04,

Ստուգված է

ԵՊՀ ռեկտորի կիսաճշմարիտ պնդումները բուհի հաջողությունների ու Սորոսի հիմնադրամի մասին

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մարտի 1-ին 24news.am լրատվականը հրապարակեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր համալսարանի հաջողությունների և իր դեմ դրսից ուղղորդված գրոհի մասին՝ անելով մի շարք հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Media.am-ը ստուգեց Սիմոնյանի պնդումները:

Թարմ ռեյտինգային

24news.am կայքին տված հարցազրույցում  Արամ Սիմոնյանը հայտարարեց. «Երևանի պետական համալսարանը թե միջազգային այն ռեյտինգներում, որտեղ նա կա, և թե մեր տեղական ռեյտինգային համակարգով շատ բարձր տեղ է զբաղեցնում: Մեր հանրապետությունում այն եղել է, կա և կլինի թիվ առաջին բուհը, իսկ այնպիսի ռեյտինգային համակարգում, ինչպիսին է, ասենք, Webometrics-ը կամ QS-ը, մենք աշխարի բոլոր համալսարանների 10%-ի մեջ ենք»:

Սիմոնյանի նշած QS համաշխարհային ռեյտինգում Հայաստանը չկա:

Փոխարենը կա դրա հետ կապված QS EECA University Rankings-ում, որը գնահատում է եվրոպական և ասիական զարգացող երկրների 300 համալսարանները: ԵՊՀ-ն զբաղեցնում է 151-160 տեղը (150-ից հետո ռեյտինգը չի մանրամասնում ստույգ տեղը):

Համեմատության համար պետք է նշել, որ Թբիլիսիի պետական համալսարանը զբաղեցնում է 109-րդ տեղը, իսկ Բաքվի պետական համալսարանը՝ 142-ը:

Հետևաբար, Արամ Սիմոնյանը սխալվում է. ԵՊՀ-ն չի մտնում ոչ առաջին 10%-ի, ոչ էլ առաջին 50%-ի մեջ:

Սիմոնյանի նշած երկրորդ ռեյտինգը՝ Webometrics-ը, հատուկ ցուցիչ է: Այն չի գնահատում համալսարանների ակադեմիական հաջողությունները կամ կրթական գործընթացի որակը: Ռեյտինգը ցույց է տալիս առցանց հարթակներում ներկայությունը և ակտիվությունը:

Բացառապես օնլայն բաց աղբյուրներից օգտվելը Webometrics-ին թույլ է տալիս գնահատել մոտ 28,000 համալսարան աշխարհով մեկ: Այս տարի ԵՊՀ-ն զբաղեցնում է 2632-րդ տեղը, և մտնում է առաջին 10%-ի մեջ:

Արամ Սիմոնյանը պնդեց նաև, որ Webometrics-ում ԵՊՀ-ի ցուցանիշը մի քանի տարվա ընթացքում մի քանի հարյուր տեղով առաջ է անցել: Սիմոնյանը չնշեց, թե քանի տարվա կտրվածքը նկատի ունի, բայց ըստ ԵՊՀ պաշտոնական կայքում ներկայացված տվյալների, համալսարանը 2016-ին Webometrics-ում զբաղեցրել է 2314 հորիզոնականը: Այսնինք, այս ընթացքում համալսարանը մի քանի հարյուր տեղ հետընթաց է արձանագրել:

Դասական սորոսական

Նույն հարցազրույցում Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ «ներքուստ վստահ» է, որ իր հրաժարականը պահանջող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողների գործունեությունը ուղղորդված է դրսից, այդ թվում՝ Ջորջ Սորոսի հիմնադրամից:

Այդ եզրակացությունը Սիմոնյանը արել էր ելնելով այն փաստից, որ ուսանողները հաճախ են հանրապետությունից «ներս ու դուրս» անում ու մասնակցում տարբեր սեմինարներին:

Իսկապես, 2018-ին ուսանողական նախաձեռնությունը  $20,000 դրամաշնորհ է ստացել Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամից» համալսարանի կառավարման գործընթացին ավելի տեղեկացված մասնակցություն խրախուսելու համար:

Արամ Սիմոնյանը չնշեց, սակայն, որ իր պաշտոնավարման տարիներին Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ է ստացել նաև ԵՊՀ-ն. $22,500՝ 2017-ին, $18,000՝ 2016-ին, $1,500 և $16,530՝ 2015-ին: Առաջին դրամաշնորհը ԵՊՀ-ն ստացել է դեռ 1998-ին. $12,000 է տրամադրվել համալսարանի գրադարանին:

Տարբեր ծրագրերի իրականացման համար «Բաց հասարակություն հիմնադրամից» դրամական օժանդակություն են ստացել նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Թանգարանների միջազգային կազմակերպության Հայաստանի կոմիտեն, «Նարեկացի» արվեստի միությունը, Մատենադարանը, Գիտությունների ազգային ակադեմիան և այլն:  

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *