2019.02.20,

Նյուսրում

Ֆեյսբուքյան խմբերն օգնում են որոշումներ կայացնել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ֆեյսբուքում կան խմբեր, որոնք տասնյակ հազարավոր անդամներ ունեն: Այդ խմբերում մարդիկ որպես կանոն ունեն նույն հետաքրքրություններն ու խնդիրները: Քննարկում են դրանք, իրար օգնում խորհուրդներով, փորձով, մասնագիտական կարծիքներով: Երբեմն էլ ինքնակազմակերպվում են, հնչեղություն ունեցող խնդիրներին լուծում տալիս:

Ամենաթարմ օրինակը հայ ծնողների համար քննարկման հարթակ դարձած Armenian parents’ corner-ում բարձրաձայնված դրոշմապիտակների խնդիրն էր: Մայրիկներից մեկը գրառում արեց խմբում, որ պլաստմասայե շշերի վրա եղած դրոշմապիտակները հեշտ են պոկվում և մանկահասակ երեխաները կարող են պոկել ու կուլ տալ դրանք:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործի անցավ և հենց կառավարության նիստում հայտնեց, որ ահազանգերը եղել են ինչպես բժշկական հանրության, այնպես էլ՝ ծնողների կողմից: Նիստում որոշեցին փոխել ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների որակը:

«Մեր մյուս խմբում՝ Դայակներ/օգնականներ, շատ մարդիկ գտել են իրենց դայակներին, դասապատրաստողներին և տան կենցաղային հարցերում իրենց օգնականներին: Այսպես, մենք նաև աշխատանքի ապահովման հարց ենք լուծում շատերի համար»,-պատմում է մայրիկների, դայակների ու օգնականների խմբի համակարգող Աստղիկ Զաքարյանը:

Ցանցերում մարդկանց միավորելու հարցում հաջողած Աստղիկն ասում է, որ այսօր առցանց հարթակները շատ կարևոր դեր ունեն լուրջ խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման գործում:

Armenian parents corner խումբն այսօր ունի 53 000-ից ավելի ակտիվ ծնող անդամներ, իսկ դայակների խմբում մոտ 30 000 անդամ կա: Ունենալով ծնողների մեծ լսարան՝ արդեն վաղուց համագործակցություն ունեն տարբեր նախարարությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հետ:

«Կարևոր գրառումների տակ սովորաբար նշում ենք համապատասխան ոլորտի մասնագետներին, ստանում ենք նրանց արձագանքն ու երբեմն նաև աջակցությունը՝ հարցի լուծումն ավելի բարձր ատյաններին հասցնելու գործում: Հարկ եղած դեպքում էլ պաշտոնական նամակով դիմում ենք համապատասխան կառույցներին»,-պատմում է Աստղիկը:

Երթևեկության կազմակերպման խնդիրներով է զբաղվում «Մի արեք ԱՅՍՊԵՍ» ֆեյսբուքյան խումբը, որն հեշտացնում է ինչպես վարորդների, այնպես էլ ՃՈ աշխատանքները:

«Մեր խումբը երկու տարվա պատմություն ունի, վարորդների փորձի փոխանակման համար է: Խմբում վարորդները գրառումներ են անում իրավախախտումների, տուգանքների և երթևեկության խնդիրների մասին: Ամենակարևորը, որ խմբում կան նաև ՃՈ աշխատակիցներ, նրանք հետևում են վարորդներին, պատասխանում նրանց հարցերին»,-պատմում է խմբի համակարգող Մանյա Սարգսյանը:

Նրա խոսքով, կարևոր խնդիրները խմբում ընդգծվում են, որպեսզի համապատասխան մասնագետները կարողանան արձագանքել. «Ամեն ինչ անում ենք, որ խնդիրները լայն զանգվածներին լսելի դառնան, որպեսզի կարողանանք ազդել որոշում կայացնողների վրա: Հաճախ քննարկվում են կոնկրետ իրավիճակներ, սակայն մեր նպատակն ավելի շատ գլոբալ խնդիրներն են՝ հանդիպակաց երթևեկություն, լուսացույցներ, ավտոկայանատեղիներ և այլն»:

Մանյան պատմում է, որ անցած տարեվերջին վարորդները խմբում դժգոհեցին ՃՈ աշխատանքի թերացումներից:

Այս հարթակում քննարկումներ եղան, որոնք էլ հավանաբար ազդեցին, և ծառայության աշխատանքի որակը սկսեց դանդաղորեն բարելավվել:

«Նախկինում մեր ձայնը չէին լսում, հետո սկսեցին արձագանքել, իսկ հիմա դանդաղ, բայց կան տեսանելի լուծումներ»,-ավելացնում է խմբի համակարգողը:

Ֆեյսբուքյան խմբերի և իրենց ոլորտի թեմաներով գրող օգտատերերի հետ մշտական կապի մեջ է Գյուղատնտեսության նախարարությունը:

«Բերքառատ Հայաստան» ֆեյսբուքյան խմբում մարդիկ հավաքվում և քննարկում են գյուղորոլտին առնչվող բազմազան խնդիրներ: Նրանք գիտեն, որ այդ հարթակը նախարարության ուշադրության կենտրոնում է, և թեմաները առցանց միջավայրից տեղափոխվում են իրական հարթություն:

«Շատ լավ օրինակներ ունենք, թե ինչպես ցանցային քննարկումները դարձնել օրակարգ: Օրինակ, ֆեյսբուքյան գրառումների արդյունքում նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը Ֆերմերների հետ քննարկեց հողային օրենսգրքի փոփոխությունները: Հետո քննարկումը տեղափոխվեց Հանրայինի եթեր»,-պատմում է Գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը:

ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն ասում է, որ ինքը ֆեյսբուքյան որոշ խմբերի անդամ է և դրանց հետևելն իր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է:

«Այդ խմբերում հետևում եմ գրառումներին, գրում պարզաբանումներ, եթե հարցի հետ կապված սխալ տեսակետներ են շրջանառվում, մեջբերումներ անում օրենքից: Լինում են նեղ մասնագիտական հարցեր, մեկնաբանությունում հղում եմ անում ՊԵԿ-ի համապատասխան մասնագետին»,-նշում է Լուսինեն:

Նա կարծում է, որ այդ խմբերում (Taxpayers and Taxes, Հաշվապահական և ՓՄՁ-ի հարցերով մասնագիտացած խմբեր) իրենց հարկ վճարող հարկատու գործընկերներն են, որոնց պետք է տեղեկացնել, ուղղորդել, ճշտել:

«Եթե չկա դասական կարգով դիմելու ցանկություն, դա դեռ չի նշանակում, որ պետք է տեղեկատվական բաց թողնենք, որովհետև հետո ավելի դժվար կլինի սխալ տեղեկությունների ու խուճապի դեմն առնել: Այս խմբերի հետ աշխատանքը լրատվական տեսանկյունից օգնում է մարդկանց տեղեկացված լինել»,-ասում է ՊԵԿ-ի ներկայացուցիչը:

Վերջին շրջանում, ըստ մեր զրուցակցի, այս խմբերում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ում հանդիպումներ են եղել հանդիսավարների հետ, պարզաբանումներ են եղել 50 կգ 25 կգ դարձնելու մաքսազերծման կարգի, երգիչների հարկման հետ կապված:

«Սոցիալական մեդիան այսօր անտեսել չի լինի, մեր ոլորտի թեմաների մի զգալի մասը գալիս է ցանցերից»,-ասում է նա:

Ֆեյսբուքում մասնագիտացած խմբերը տարբեր են, ոմանք ակտիվ են, ոմանք՝ ոչ այդքան, բայց կարևորը համախմբումն է, լուծումների համատեղ որոնումը:

Քանի որ խմբերում ընդգրկված մասնագետներն իրական են, իսկ շփումը չմիջնորդավորված, մարդիկ հեշտորեն գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկությունը, խորհուրդը կամ կողմնորոշումը:

Նման խմբերում թերևս կարևորը վստահությունն է: Կամ առնվազն ընտրությունը, թե ում վստահել:

Խմբեր կան, որոնք ունեն կես միլիոն և ավելի անդամներ: Նրանց ադզեցության հաջողած օրինակները որոշումներ կայացնողներին ստիպում են հաշվի նստել լայն զանգվածների հետ, կապ պահել և արձագանքել քննարկվող խնդիրներին:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *