Ֆեյքերից այսօր բողոքում են նույնիսկ ֆեյքերը։ Ֆեյքերը մեծ գլխացավանք են ամբողջ աշխարհի համար։ Իսկ Հայաստանում դա առավել մեծ խնդիր է, քանի որ տվյալ պատմական հատվածում ընթանում է չհայտարարված տեղեկատվական քաղաքացիական պատերազմ։
Այս ամենը հաշվի առնելով՝ եկեք հասկանանք, թե որոնք են ամենատարածված կեղծ տեղեկատվության տեսակները և ինչպես դրանց դեմ պայքարել։
Իհարկե, սա համառոտ նկարագիր է, լիարժեք մոտեցումը ենթադրում է շատ ավելի ծավալուն նյութեր։ Սակայն, նույնիսկ համառոտ մոտեցումը թույլ է տալիս լրջորեն նվազեցնել ապատեղեկատվության և քարոզչության քանակը բնության մեջ։
Ֆեյքերի հիմնական աղբյուրները քիչ չեն.
ա․ Մարդկային ցանկությունը հավատալու բամբասանքներին։ Այսինքն, առանց նենգ միտումների ինքնուրույն կերպով առաջանում է ապատեղեկատվություն՝ ձևավորված փչացած հեռախոսի սկբունքով։
բ․ Ֆինանսական ապատեղեկատվություն։ Կան անբարեխիղճ ինտերնետային բիզնեսմեններ, որոնք ստեղծում են կայքեր և ֆեյսբուքյան խմբեր զուտ գովազդ տեղադրելու և գումար աշխատելու համար։ Այս մարդիկ չեն զլանում ստեղծել ամենաայլանդակ ապատեղեկատվությունը, դրա շնորհիվ գրավել մարդկանց ուշադրությունը և այդպիսով գումար աշխատել։
գ․ Ադրբեջանի պետական և ոչ պետական ցանցային ակտիվությունը, որը միտված է տեղեկատվական պատերազմ վարելու Հայաստանի և հայերի դեմ։
դ․ Երրորդ երկրների աղբյուրները, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են Ադրբեջանի պետական քարոզչական մարմինների հետ և տարածում են քարոզչական բնույթի տեղեկատվություն Հայաստանի կամ Սփյուռքի հայերի վերաբերյալ։
ե․ Թուրքական աղբյուրներ, որոնք պարբերաբար տարածում են կամ ապատեղեկատվություն, կամ քարոզչական բնույթի նյութեր։
զ․ Ռուսաստանյան զանազան աղբյուրներ, որոնք ուղղորդված տեղեկատվություն են տարածում՝ կախված աշխարհաքաղաքական իրավիճակից։
Է․ Բացի այս ամենից հաճախ պատահում է, որ Հայաստանի վերաբերյալ սխալ տեղեկատվությունը տարածվում է երրորդ երկրների մամուլի կամ այլ աղբյուրների կողմից պարզապես չճշտված կամ կիսատ նորությունների տարածման պատճառով։
Իսկ որո՞նք են «վատ» տեղեկատվության հիմնական տեսակները․
Ակնհայտ, բացահայտ սուտը։ Սուտ և ճշմարտություն պարունակող խառնուրդը։ Կամ ճշգրիտ տեղեկատվությունը, որի միայն մի փոքր հատվածն է պարունակում ապատեղեկատվություն։
Սրանք դասական և հասկանալի երևույթներ են։ Կա չափից դուրս զգացմունքային նյութ, որտեղ կարծիքը և փաստը իրարից դժվար են տարբերվում։
Կան հնարքներ, որոնք բնորոշ են հենց նոր ժամանակներին, որտեղ տեղեկատվությունը տարածվում է տարբեր ցանցային հարթակներով:
Ահա այդ հնարքներից մի քանիսը.
Անհայտ աղբյուրների ստեղծում։
Օրինակ, հայտնվում է կայք, որի մասին բացարձակապես ոչինչ հայտնի չէ։ Կամ ֆեյսբուքյան էջ, որի ադմինները անանուն են, նույնիսկ հայտնի չէ, թե իրենք որտեղ են ապրում (Ֆեյսբուքում այս կետն արդեն փոխվում է, փետրվարի ընթացքում կբացահայտվի էջերի ադմինների աշխարհագրությունը, ինչն արդեն երևում է մի շարք մեծ էջերի Info and Ads բաժիններում):
Ինչպես վերաբերվել.
Տվյալ դեպքում կարևոր է միշտ ուշադիր լինել աղբյուրի հանդեպ։ Եթե նորությունը կարդացել եք կայքում, որի հասցեն ընդամենը նման է ձեր իմացածին, դա արդեն կասկածի տեղիք է տալիս։
Եթե կայքն ընդհանրապես անհայտ է ձեզ, փորձեք գտնել նույն նորությունը ձեր կողմից վստահելի կայքում և հենց դրան հղում արեք սոցցանցերում։
Տարածելով անհայտ կայքի հղումը, դուք ամրապնդում եք դրա դիրքերը։ Նույնիսկ եթե ուզում եք տարածել հղումը որպես հերքում, ավելի լավ է արեք դա պատկերի (screenshot) տեսքով։
Կայքեր, որոնք նմանակում են հայտնի լրատվականներին։
Կան ֆեյսբուքյան էջեր, որոնք օգտագործում են պոպուլյար և գրավիչ թեմաներ։ Օրինակ, Փաշինյանի նկարի կցումը շատերի մոտ տպավորություն է թողնում, որ էջը հեղափոխական ուղղվածություն ունի, ինչը բացարձակապես չի նշանակում, որ ադմինն այդպես է մտածում։
Ինստագրամում, Թվիթերում հայտնվում են էջեր «Նիկոլ Փաշինյան» անունով։ Նման անունը հերիք է, որ շատերը հավատան, որ սա հենց այդ մարդու հաշիվն է։ Խաբվում են նույնիսկ արհեստավարժ լրագրողները։
Օրինակ, հիշենք, թե ինչպես Երևանի քաղաքապետի կեղծ էջից տարածված գրառումը տրանսպորտային համակարգի վերաբերյալ արտատպվեց շատ լրատվականներում։
Ինչպես վերաբերվել․
Հարկավոր է միշտ ուշադիր կարդալ կայքի հասցեն ու համոզվել, որ այն չի նմանակում որևէ հայտնի լրատվականին:
Սոցիալական ցանցերի հաշիվների դեպքում հարկավոր է միշտ համոզվել, որ ընթերցում եք իրական մարդու հաշիվը՝ ուսումնասիրելով նախորդ գրառումները, հասցեն։
Ֆեյսբուքի դեպքում Info and Ads բաժնում ստուգեք, թե երբ է բացվել էջը և փոխել է արդյոք անվանումը, թե ոչ։
Վերնագրերի կամ լուսանկարների հետ կապված մանիպուլյացիա։
Հայտնի է, որ սոցցանցերում մարդիկ հաճախ չեն էլ կարդում նյութը, իրավիճակի մասին կարծիք են կազմում միայն վերնագրից կամ լուսանկարից, լավագույն դեպքում ընթերցում են տեքստի չնչին մասը։
Սա թույլ է տալիս ազդել հասարակական կարծիքի վրա մանիպուլյատիվ վերնագրերի միջոցով։
Ինչպես վերաբերվել․
Կարևոր իրադարձությունների վերաբերյալ կարծիք կազմեք միայն նյութը ամբողջությամբ ընթերցելով։ Գերադասելի է նույն թեմայի մասին նյութեր ընթերցել մի քանի աղբյուրից՝ ավելի ճշգրիտ ու ամբողջական կարծիք կազմելու համար։
Փաստի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրում։
Հաճախ մի փոքր հատվածի քողարկումը և անկարևոր հատվածի ուռճացումը շրջադարձորեն փոխում է մարդկանց ընկալումը։
Ինչպես վերաբերվել․
Կրկին գալիս ենք նույն եզրահանգման՝ կարևոր դեպքերը պահանջում են տեղեկատվություն ստանալ մի քանի աղբյուրից:
Իրականում, մանիպուլյատիվ տեղեկատվության տեսակները շատ ավելին են։ Ու շատանում են։ Հետևաբար, 100%-ով պաշտպանություն գոյություն չունի։ Բայց ամփոփելով արդեն ասվածը՝ կարելի է մի քանի բան անել․
- Ընտրել 3-5 լրատվական, որոնց վստահում եք, և յուրաքանչյուր կարևոր տեղեկություն վերստուգել դրանց միջոցով։
- Սոցիալական ցանցերում հետևել այն լրագրողներին և ոլորտային մասնագետներին, որոնց վստահում եք և նույնպես վերստուգել նրանց ասածը:
- Փորձել տարբերակել որևէ մեկի կարծիքը ստուգված փաստից
- Չտարածել չստուգված տեղեկատվությունը, քանի որ այդ դեպքում դուք դառնում եք մասնակից:
- Թույլ չտալ, որ զգացմունքները խեղդեն տրամաբանությանը:
Այս խորհուրդներին հետևելը կօգնի մաղել ապատեղեկատվության և քարոզչության զգալի, եթե ոչ հիմնական ծավալը։ Սակայն տեղեկատվությունն ավելի լիարժեք ստուգելու համար հարկավոր է ստանալ լրացուցիչ գիտելիքներ։
Օրինակ, մենք ստեղծել ենք նման մի օնլայն դասընթաց, որտեղ ներկայացված են զանազան գործիքներ, որոնք թույլ կտան փաստերի ստուգումն իրականացնել ավելի մանրակրկիտ։ Այն նաև հասանելի է Ֆեյսբուքում։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: