2011.12.15,

Քննադատ

Մոդերացիա և գրաքննություն

Այս հոդվածի համար խորհելու նյութ տվեց «Առավոտ» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի «Համացանցը զուգարանի պատ չէ, որտեղ ինչ ասես կարելի է գրել» հոդվածը, ինչպես նաև փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որտեղ փաստաբանը ոչ ավել, ոչ պակաս 18 միլոն դրամ է պահանջում «Քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբանների զո՞հ» հոդվածի մեկնաբանությունների համար:

Մեկնաբանությունների մոդերացիա

Կարելի է ասել, որ այս երկու լրատվամիջոցները հակադիր տեսակետներ ունեն մեկնաբանությունների մոդերացիայի հարցում: Եթե «Առավոտ»-ը  հենց սկզբից հայտարարել է մեկնաբանություններ գրելու կաննոնները և որոշակի սահմանափակումներ է դրել, ապա «Հրապարակ»-ը,  առնվազն մինչև վերոհիշյալ հայցը, տեղադրում էր մեկնաբանությունները, որոնք կարող էին վիրավորանք և մեղադրանք պարունակել, ինչպես ընդհանրապես կայքի, այնպես էլ  առանձին հեղինակների կամ խմբագրի հասցեին: Այսինքն՝ «Հրապարակը» նույնիսկ իրեն չէր խնայում և տեղադրում էր կայքում գրեթե բոլոր մեկնաբանությունները, թերևս, բացառությամբ սեռական բնույթի հայհոյանքներ պարունակող մեկնաբանությունների (այդպիսիք կայքում չեմ հանդիպել):

«Հրապարակ»-ի գործի հանգուցալուծումը կարող է կանխորոշել, թե ինչ ուղղությամբ են փոխվելու կայքերը: Բայց դա, իհարկե, բոլոր հարցերի պատասխանը չի տա, որովհետև օրենքի անկատարությունն ու դատարանների կայացրած վճիռների հանդեպ հասարակության ունեցած թերահավատ վերաբերմունքը կշարունակեն բաց պահել հարցը, թե որտեղ է վերջանում անհրաժեշտ մոդերացիան և սկսվում ազատ խոսքի սահմանափակումը կամ գրաքննությունը:
Ինձ համար ընդունելի տարբերակը բոլոր մեկնաբանությունների զետեղումն է՝ բացառությամբ փողոցայն հայհոյանքների: Բայց հասկանալի է, որ մոտեցումները կարող են տարբեր լինել: 

Պահանջել ընթերցողից, որ նա մեկի մասին իր կարծիքը արտահայտելիս պարտադիր փաստեր բերի, անհեթեթ է, միևնույն ժամանակ եթե մեկնաբանության մեջ փաստեր կան, ասենք, հանցագործության մասին, ապա հասկանալի է, որ, անվտանգությունից ելնելով, ընթերցողը կարող է չցանկանալ հրապարակել իր անունը: Լրատվամիջոցներում կարելի է հանդիպել բազմաթիվ անստորագիր լուրերի և հոդվածների, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների, որտեղ հեղինակները հանդես են գալիս կեղծանուններով: Նմանատիպ լրատվամիջոցները արդյոք բարոյական իրավունք ունե՞ն պահանջելու, որ մեկնաբանություն թողնողը պարտադիր հանդես գա իր անունով:

Այս իմաստով մնացած լրատվամիջոցներից շահեկանորեն տարբերվում է «Առավոտ»-ը: Լրատվամիջոցը հայտարարել է, որ «Անստորագիր նյութերը հարգի չեն», և  միևնույն ժամանակ թերթի համանուն կայքում դժվար է գտնել անստորագիր հոդված կամ նյութ:

Սակայն «Առավոտի»-ի պարագայում կարող է առաջանալ մեկ ուրիշ հակասություն: Կայքում լրատվամիջոցի լրագրողներն ունեն իրենց անհատական տարածքները` բլոգները, որտեղ գրառում են իրենց խոհերը, հիշողությունները, մոտեցումները, պատկերացումները, սակայն նշված չէ, թե ինչ օրենքներ են գործում այդ բլոգերում արված մեկնաբանությունները մոդերացնելիս: Քանի որ այդ տարածքներում հեղինակներն ավելի մեծ ազատություն ունեն իրենց տեսակետը և անհատական  կարծիքը ներկայացնելու համար, ենթադրվում է, որ մեկնաբանելու համար ևս ավելի մեծ ազատություն պետք է տրվի:

Լրատվամիջոցներում կատարված մեկնաբանությունների մի զգալի մասը գնահատողական բնույթ ունի: Ընդ որում՝ այդ «գնահատականները» կարող են վերաբերել ինչպես հոդվածին, այնպես էլ հոդվածագրին: Կարծում եմ, որ մոդերացիա կատարելիս լրատվամիջոցները պետք է հստակ սահմանեն՝ թույլատրո՞ւմ են նման մեկնաբանությունների մուտքը և թույլատրելու պարագայում հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն: Ասենք, եթե  մեկնաբանությունների տարածքում կարող են զետեղվել այս կարգի մեկնաբանություններ՝ «ազնիվ, անաչառ հոդված է» կամ «դուք ազնիվ լրագրող եք», պիտի թույլատրվեն նաև «պատվերով գրված, տափակ, հոդված է» կամ «դուք ծախու լրագրող եք» մեկնաբանությունները:

Գրաքննություն և մոդերացիա

Դասական իմաստով գրաքննությունը պետության կամ  իշխանության ամբողջական կամ մասնակի հսկողությունը և միջամտությունն է տեղեկության և գաղափարների տարածման վրա: Ինչպես գիտենք, գրաքննությունը հատուկ է ամբողջատիրական և ավտորիտար համակարգերին, բայց ոչ միայն: Մեր ոչ վաղ, խորհրդային անցյալից կարելի է բերել բազմաթիվ վառ օրինակներ: Բայց այդպիսի  գուցե պակաս վառ օրինակների կարելի է հանդիպել նաև քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում: Կարելի է գրաքննության դեպքերի հանդիպել, օրինակ, Եվրոպայում` կիրառվող աջ ծայրահեղականների նկատմամբ և Միացյալ Նահանգներում` կիրառվող ձախերի նկատմամբ:

Թեև համացանցը ամենաազատ և բաց տարածքն է, բայց այն նույնպես պարբերաբար ենթարկվում է գրաքննության այս կամ այն երկրում: Ամենավառ օրինակը, թերևս, «google»-ի Չինաստանից դուրս գալն էր:  Տնտեսության ազատականացման և ժողովրդավարական գործընթացների պայմաններում  որևէ  պետության կամ իշխանության համար դժվար է ամբողջական գրաքննություն սահմանել տեղեկատվություն և գաղափարներ տարածող միջոցների, առավել ևս համացանցի վրա:  Այս պարագայում որևէ երկրի իշխանությունները և պետությունը այդ տարածքում վերահսկողություն սահմանելու համար կարող են դիմել ինչպես ահաբեկման ու սպառնալիքի միջոցներին, այնպես էլ կաշառելու, սիրաշահելու միջոցին, ինչպես նաև ուղղակի կամ միջնորդավորված ձևով սեփական լրատվամիջոցները ստեղծել և լցնել համացանցային տարածքը: Հայաստանում կարելի է գտնել բազմաթիվ օրինակներ, երբ պետական պաշտոնյաները մամուլի ակումբներ, հեռուստաընկերություններ կամ էլ. լրատվամիջոցներ են ստեղծել, որտեղ, բնականաբար, գրաքննության են ենթարկվում «աննպատակահարմար» տեղեկատվությունը և գաղափարները:

Արդյո՞ք մեկնաբանությունների մոդերացիան որոշ դեպքերում կարելի է գրաքննություն համարել: Կարծում եմ` այո:

Գրաքննությունը քաղաքական հասկացություն է, և գրաքննության փաստի հետ առնչվելիս մենք պարտադիր գործ ունենք քաղաքականության հետ, թեև առաջին հայացքից դա կարող է կապ չունենալ քաղաքականության հետ: ԽՍՀՄ-ում արգելված էր խոսել սեքսուալ ազատությունից, բայց ոչ այն պատճառով, որ մարդիկ սեքսով չէին զբաղվում կամ դա հետաքրքիր չէր: 

Գրաքննությունը պարզապես նյութի արգելումը, խմբագրումը կամ «սրբագրումը» չէ, այլ «սրբագրումը», խմբագրումը և արգելումը քաղաքական (գաղափարական) աննպատակահարմարության տեսանկյունից: Հետևաբար մեկնաբանության արգելումը մոդերատորի կողմից գրաքննություն է, եթե արվել է մեկնաբանության քաղաքական աննպատակահարմարություն պատճառով: 

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *