2018.12.11,

vox populi

Տեքստի հանդեպ անփութությունը փոխարինել հոգատարությամբ

Արվեստի քննադատության լուրջ գործունեության պակասը Հայաստանի արվեստի դաշտի կարևորագույն բացթողումներից մեկն է: Մշակութային դաշտի ձևավորումը և դրա գործունեությունը մեծապես կախված է գործընթացների վերլուծության հնարավորություններից, դրա՝ ինքն իրեն վերլուծելու և ինքն իրեն գիտակցելու ունակությունից:

Այսօր նման ինքնավերլուծության պակասի հետևանքով մշակութային դաշտը կարծես չի կազմում միասնական պատկեր, այլ հաճախ մնում է մասնավոր դրսևորումների մակարդակում, որոնցից յուրաքանչյուրը ոչ միայն նվազագույն կերպով է փոխհարաբերվում մշակութային ընդհանուր համատեքստի հետ, այլ նաև ինքնին վերլուծության կարիք ունի:

Վերլուծության համար անհրաժեշտ կարևորագույն գործիքներից մեկը տեսական մեթոդն է: Արվեստի քննադատության մեթոդների ձևավորումը և կիրառումը Հայաստանում խնդրահարույց են: Առաջին հերթին խնդիրը կապված է կրթական բացթողումների հետ, ընդ որում՝ թե՛ ինստիտուցիոնալ կրթության, թե՛ ինքնակրթության հնարավորությունների մակարդակներում:

Այսօրվա՝ ենթադրաբար բաց և տեղեկատվական սահմաններ չունեցող աշխարհում Հայաստանը շարունակում է լինել բավականին մեկուսացած «համաշխարհային» մշակութային անցուդարձից:

«Համաշխարհային» բառը չակերտավորված է, քանի որ այն, իհարկե, չգրված օրենքով փոխարինում է «արևմտյան» բառը: Սա չի նշանակում, թե արևմտյան արվեստաբանական տեսությունները բաղադրատոմսեր են, որոնց տիրապետելով՝ կարելի է արտադրել քննադատական տեքստ:

Ցանկացած քննադատություն պետք է առաջին հերթին ելնի իր իսկ ստեղծման համատեքստից, որը մասամբ կանխորոշում է թե՛ դրա բովանդակությունը, թե՛ կատարման մեթոդը:

Այնուամենայնիվ, արվեստաբանական մեթոդների արևմտյան զարգացումներին տեղյակ չլինելը կամ դրանք բացարձակապես հաշվի չառնելը որոշակիորեն սահմանափակում է տեղական նյութի վերլուծության հանդեպ մոտեցումները:

Վերադառնալով ինստիտուցիոնալ կրթության պակասի և դրանից բխող քննադատական մեթոդների ձևավորման դժվարություններին՝ հարկ է նշել, որ քննադատությունն այդպիսով զրկված է հստակ, անընդհատ զարգացող և փոփոխվող, միևնույն ժամանակ՝ ձևավորված և ձևակերպված մեթոդների պաշարից:

Անհնար կամ հնարավորինս դժվար է դառնում նաև քննադատության բնագավառում աշխատող գործիչների ձևավորումն ու կայացումը:

Քննադատությամբ զբաղվելը դառնում է առանձին անհատների՝ մեծ ջանքերի շնորհիվ իրականացվող գործունեություն, որի մեթոդաբանական հիմքերը թելադրվում են տվյալ անհատների մասնագիտական հենքի, հետաքրքրությունների, նախասիրությունների առանձնահատկություններով:

Պոտենցիալ քննադատական մտքի ծիլերը հաճախ մնում են կա՛մ ընկերական շրջապատում ծավալվող խոսակցությունների, կա՛մ ֆեյսբուքյան գրառումների սահմաններում:

Երկուսն էլ հաճախ չեն անցնում անձնական կարծիքների սահմանները և, նույնիսկ զարգանալու և հասունանալու դեպքում, չեն դառնում լայնորեն շրջանառվող և գործադրվող արդյունք, այլ այդպես էլ մնում են մասնավոր դիտարկումների տեսքով:

Սա ակտուալ է ոչ միայն արվեստի, այլ հումանիտար մտքի ողջ ոլորտի համար:

Այսօր, երբ տեղեկատվության ամենատարբեր տեսակներն ավելի հասանելի են դարձել էլեկտրոնային տարբերակով, քան իրենց ավանդական ձևերի մեջ (համենայնդեպս՝ այդպես է տնտեսական սահմանափակ հնարավորոթյուններ ունեցող երկրներում), ընթերցողի (դիտողի, ունկնդրի) մասնակցությունը տեղեկատվության ստեղծմանը և գործադրմանը դարձել է սովորական երևույթ:

Համացանցի ցանկացած օգտատեր կարող է իր մեկնաբանությունները թողնել զանազան տարածքներում՝ դառնալով տեքստի կայացման մասնակիցը:

Առաջին հայացքից դա դրական տենդենց է, որը հակված է դեմոկրատացնելու տեղեկատվության դաշտը: Սակայն այն աղետալի մի հետևանք ունի:

Այն դաստիարակում է տեքստի հանդեպ անփութություն, եթե կարելի է այդպես ասել՝ հետևողական անփութություն:

Էլեկտրոնային մեկնաբանության նյութն ամենից հաճախ դառնում  է հեղինակի առաջին ռեակցիան մեկնաբանվող երևույթին: Գրվող միտքն այլևս մտորումներ չի պահանջում, այն դառնում է վայրկենական հույզի անմիջական արտահայտություն:

Այս իրավիճակում կարիք է առաջանում «տպագիր խոսքի», որը չի նշանակում պարտադիր ավանդական կերպով տպագրված խոսք, այլ ենթադրում է գրավոր խոսքի հանդեպ, այսպես ասած, «ավանդական» վերաբերմունք, այսինքն՝ հոգատարություն, երկարատև աշխատանք և պատասխանատվություն յուրաքանչյուր ձևակերպման հանդեպ:

Միայն այդ դեպքում անմիջական ռեակցիան կարող է դառնալ վերլուծություն, կարող է զարգանալ և կայանալ որպես միտք:

Որպես այս խնդիրներին արձագանքելու փորձ ստեղծվել է Քննադատական հանդես կայքը:

Այն AICA-Հայաստանի նախաձեռնություններից մեկն է, սակայն գործելու է AICA-ի գործունեությունից անկախ: Նախաձեռնության գլխավոր նպատակը Հայաստանում արվեստի քննադատության զարգացման խթանումն է:

Այն նախատեսված է որպես մի հարթակ, որտեղ արվեստի դաշտում՝ հաճախ միջանձնային երանգ ունեցող պրոցեսները պետք է հնարավորություն ունենան կայանալու որպես քննադատական գործունեություն, մեթոդների և մոտեցումների մշակման տարածք, որը նպատակ ունի նպաստելու մասնագիտական դաշտի ձևավորմանը և շարունակականությանը:

Եվ, ի վերջո, սա հավասարակշռված, մտածված խոսքի տեղն է, որտեղ մտքի սպոնտան կայծը պետք է վերածվի ձևակերպված մտքի կենսական տարածքի:

Ելենա Այդինյան

արվեստաբան, Քննադատական հանդեսի գլխավոր խմբագիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *