«Հեռարձակողներին պետք է հավասար հնարավորություն տրվի»․ «Լուսավոր Հայաստան»

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Media.am-ը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին հարցում է արել բոլոր 11 թեկնածու ուժերին, պարզելու համար, թե ինչ տեսլական ունեն մեդիայի ոլորտի ապագայի վերաբերյալ, ի՞նչ փոփոխություններ կանեին՝ իշխանության գալով։

Տրվել է երկու հարց։ Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ինքն է որոշում, թե մեր երկու հարցերին ում դեմքով պատասխանի։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից մեր հարցերին պատասխանել է համամասնական ցուցակում իններորդ համար, մասնագիտությամբ լրագրող Անի Սամսոնյանը։

-Հայաստանի հեռարձակման ոլորտի օրենդրությունը փոփոխելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք։ Եվ եթե այո, ապա՝ ի՞նչ փոփոխություններ կանեիք։

-Ես տեղյակ եմ, որ փորձագիտական շրջանակներում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու պահանջարկ կա։ Հայտնի է, որ գոյություն ունեն մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար այն անընդունելի պայմաններով ու շուկա մուտք գործելու խոչընդոտող պահանջներ, որոնք նախատեսված են նոր օրենքով։ Մենք բազմիցս խոսել ենք, հատակապես ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս բարձրաձայնել է խորհրդարանի ամբիոնից, նշելով, որ այդ օրենքը հանգեցնում է հատկապես մարզային հեռուստաընկերությունների փակմանը։ Իսկ մարզային հեռուստաընկերությունները չունեն բավարար ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ, որպեսզի կարողանան գոյատևել հեռարձակման դաշտում։ Մարզային հեռուստաընկերությունների փակումը մարզերի բնակիչներին զրկում է տեղական մշակույթով և տեղական խնդիրները լուսաբանող այլընտրանքային հեռուստաընկերություն ունենալու իրավունքից։ Բացի այն, որ հեռարձակողը պետք է ունենա սեփական մուլտիպլեքս, նաև այն շահագործելու համար սահմանված է չափազանց բարձր պետական տուրք։ Այս օրենքում կատարված փոփոխություններն իրականացվել են փակ շրջանակներով, առանց հանրային կարծիքը հաշվի առնելու, և սա ունի իր բացատրությունը․․ այն ուղղված էր ազատ խոսքի, բազմակարծության և այլընտրաքային եթեր ունենալու դեմ։ Օրենքը պետք է վերանայել այնպես, որպեսզի բոլոր հեռարձակող ընկերություններն ունենան դաշտում գործունեություն ծավալելու հավասար հնարավարություններ։

-Համարու՞մ եք, որ կոռուպցիայի հաղթահարաման ճանապարհին պետք է ստվերից դուրս գա նաև լրատվամիջոցների ֆինանասավորումն, ու հրապարակվի տեղեկություն մեդիա սեփականատերերի մասին: Խնդրում ենք նշել այն քայլերը, որոնք կնպաստեն մեդիա դաշտը թափանցիկ դարձնելուն:

-Մեդիաոլորտում գործունեության թափանցիկության ապահովումը անհրաժեշտ է մեդիագրագետ տեղեկատվական հասարակություն ունենալու տեսանկյունից։ Մենք գիտենք, որ այսօր համացանցում կան շատ տեղեկատվական հարթակներ, որոնք բառիս բուն իմաստով աղբ են հրամցնում հասարակությանը, կիառում են տարբեր մանիպուլյացիաներ, վտանգավոր քարոզչություն, հոգեբանական ներշնչում և ազդեցություններ։ Եվ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ցավոք, այդ տեղեկատվական աղբի ծավալը մեծանում է։ Մենք պետք է անպայման կարգավորենք և ապահովենք մեդիառեսուրսների թափանցիկությունը, որը կնպաստի նաև մեդիայում սև քարոզչական պատվերների առկայության նվազեցմանը։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *