2018.10.29,

Քննադատ

Կարմիրխնձորային նորուԹույների մասին

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Բա իմացա՞ք, երկիրը տափակ է, Մարվինն էլ Գեյ ա։ Կամ հակառակը, Մարվինն ա տափակ, իսկ Երկիրը՝ Գեա։  Ու էսպես օրումեջ նոր բացահայտումներ ենք անում։

Լավը ի՞նչն է․ հերիք է նման մի տաղանդավոր նորություն (ես սա նույնիսկ կանվանեի «նորութույն») մտնի դաշտ, բոլորն ամեն ինչ թողնում֊մոռանում են և նետվում դա քննարկելու, գրտնակելու։

Նախկինում, դեռ ֆորումների ժամանակ, այսինքն մի 10-15 տարի առաջ, ցանցը այսքան քաղաքականացված չէր։ Խոսքը հա՛մ ընդհանուր ցանցի մասին է, հա՛մ առավելևս, հայկական հատվածի։

Ավելի ճիշտ, հենց հայացանցում ներքին քաղաքականություն գրեթե չկար (ամեն ինչ էականորեն փոխվեց 2007֊ի աշնանը, իսկ վերջնականորեն՝ մարտի մեկին

Հիմնական բուռն քննարկումները Ցեղասպանության ճանաչման և Արցախի խնդրի շուրջ էին։

Բայց կար մի թեմա, որը պարբերաբար, մոտավորապես 4-6 ամիսը մեկ մտում էր ցանց և փոթորկի պես մաքրում բոլոր մնացած թեմաները, մի քանի օրով բոլորին դարձնում կատաղած, թշմանացած ու լի կենսական էներգիայով։

Այդ տարիներին դա «կարմիր խնձորի» թեման էր, իր բոլոր հարակից արգասիքներով։ Երբ ընթանում էին կարմիրխնձորային պատերազմները, բոլոր մնացած թեմաները անցնում էին ոչ միայն երկրորդ, այլ նույնիսկ երրորդ պլան։

Հիմիկվա ցանցն, անշուշտ, գրեթե ամեն ինչով տարբերվում է այն տարիների ցանցից։ Մարդիկ ուրիշ են, թեմաներն ուրիշ են, հարթակներն ուրիշ են, նույնիսկ լեզուն է ուրիշ․ այն ժամանակ քննարկումը հիմնականում ռուսերեն էր ընթանում, հայերեն նույնիսկ գրելու տեխնիկական հնարավորություն չկար։

Բայց մի բան նույնն է․ թեմատիկ փոթորիկները շարունակում են սասանել ցանցի հիմքերը։ Հիմա, երևի, կարմիրխնձորային թեման այդքան էլ մեծ ազդեցություն չունի։ Կամ հասարակությունն է փոխվել, կամ կարմիր խնձորը։

Բայց նման թեմաներ միևնույն է գոյություն ունեն։ Թեմաներ, որոնք հերիք է հայտնվեն ցանցում, մարդիկ մոռանում են ամենակենսական խնդիրները և նետվում դրանք․․․ քննարկել բառը չէի օգտագործի, հարկավոր է ինչ֊որ ավելի եռանդուն, էմոցիոնալ և էներգիայի վատնումը նկարագրող բայ։

Ինչևէ: Համաձայնեք, որ ԼԳԲՏ թեման, իր յուրաքանչյուր ճյուղավորմամբ, կարողանում է կազմալուծել հայացանցի կուռ զանգվածները։ Իսկ եթե մարդկանց ահաբեկել հնարավոր է գեյ շքերթով, կարելի է մի երկու օրով գնալ հանգիստ գիրք կարդալու, քանի որ ցանցում այլևս ուրիշ թեմա չի լինի։

Նման թեմա է հողերի հանձնումը։ 1994֊ից սկսած իշխանությունները խոսում են այն մասին, որ պատրաստ են ազատագրված տարածքները հանձնել Արցախի կարգավիճակի դիմաց։

Դա երբեք չթաքցվող և պարբերաբար թարմացվող թեմա է։ Բայց մյուս կողմից, նման հայտարարությունների միջանկյալ հատվածներում նույն իշխանությունները միշտ կրկնում էին, որ ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Եվ այսպես տասնամյակներ շարունակ։

Իսկ ցանցի ժողովուրդն, ամեն անգամ լսելով հող հանձնելու մասին, կարծես առաջին անգամ է լսում և բորբոքվում։ Յուրաքանչյուր նման հայտարարություն դիտարկվում է որպես․

ա) առաջին անգամ կատարված,

բ) արդեն գործնական, որ հենց երեք օրից հողերը հանձնում են։

Ու սկսվում է․․․

Նոր իշխանությունները դեռ, կարծես, հող հանձնելու մասին չեն խոսել։ Բայց հոգ չէ։ Կարելի է օգտվել այն բանից, որ ցանցում մարդկանց հիշողությունը շատ կարճ է, իսկ ուշադրության թելը՝ բարակ։

Օրինակ, վերցնում ենք 2016 թվականի քաղաքագետի հայտարարություն։ Տեղադրում այլ լրատվականի բլոգում որպես թարմ նյութ։ Եվ, վուալյա, պատրաստ է նոր անեծքների տարափը։

Ասածս ի՞նչ է։ Երկու ոտքով վիրտուալ աշխարհ մի մտեք։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *