2018.10.05,

Նյուսրում

Զորաց քարեր, անզորաց լուրեր

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Մի քանի հայկական կայքեր վերատարածել են 14 տարվա վաղեմության պերֆորմանսից արված լուսանկարները և դրանք ներկայացրել որպես թարմ տեղեկատվություն՝ կեղծ ահազանգ տալով, թե իբր Զորաց քարերն, այսպես ասած, պղծվում են։

Արխիվային լուսանկարները շատ արագ տարածվել են ԶԼՄ-ներով։ Բոլորի մոտ տեքստն ու վերնագիրը նույնն է, «ինչ է կատարվում Քարահունջի պատմամշակութային արգելոցի տարածքում» տոնի մեջ։ Վերնագրերում գրեթե պարտադիր է (18+ լուսանկարներ) նշումը։ Հոդվածների հեղինակները չեն նշել, որը լուսանկարներն արվել են 14 տարի առաջ ու ներկայացնում են ոչ թե վավերագրություն, այլ արվեստի ստեղծագործություն։

Լուսանկարները տարածել են newstime-ը, haynews-ը, arenanews-ը, որը հետագայում հեռացրել է նյութը, hayeli-ն, yelaket-ը, slaq-ը, orer-ը, armday-ը։ Հենց վերջինն էլ կապ է հաստատել պերֆորմանսի հեղինակ արվեստագետ Աշոտ Ավագյանի հետ։ Նա պարզաբանել է, որ պերֆորմանսն անցկացվել է Զորաց Քարերից 14 կիլոմետր հեռավորության վրա, Պորտաքարում։ Պերֆորմանսը տեղի է ունեցել 2004 թվականին։ Այն կոչվում է «Պտղաբերություն»։

«Պորտաքար ասվածը պտղաբերության հետ կապված ֆետիշ է: Պորտաքարը կապված է հողի բերրիության, պտղաբերության և մայրության աստծո պաշտամունքի հետ։ Մինչև 1960-ական թվականները Սիսիանի ժողովուրդը, այն կանանց, ովքեր չեն պտղավորվել,տարել են այդ քարի մոտ ծես են կատարել,այն հավատքով, որ պետք է երեխա ծնվի: Հետո, երբ երեխան ծնվել է, իրենց ամուսինները վերադարձել և զոհ են մատուցել: Ես որպես արվեստագետ, այդ ծեսը փորձել եմ արվեստի միջոցով ներկայացնել: Դա նաևհեռուստատեսությամբ է ցուցադրվել»,- ասել է Ավագյանը:

Թեման հասել է մինչև Մշակույթի նախարարություն։ Գերատեսչությունը նույնպես ստիպված է եղել պարզաբանում տալ։

Նշենք, որ գիտնականների միջև մեծ հակասություն կա՝ կապված Զորաց քարերի ծագման և նշանակության հետ։ Կան պնդումներ, որ Զորաք քարերը կիրառվել են որպես աստղադիտարան, և որ՝ դրանք դամբարան են։ Մի խումբը ցանկանում է պեղումներ կատարել, մյուսը հակադրվում է։ 14 տարվա վաղեմության պերֆորմանսի հեղինակ Աշոտ Ավագյանը կողմերից մեկում է։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *