Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթին դիմած 30 աշխատանքներից 17-ը 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության թեմայով էր:
ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մրցույթի դիմորդներին ամենահուզող թեման թավշյա հեղափոխության ու մեդիայի փոխահարաբերությունն էր։
Մրցույթի հաղթող՝ Երևանի պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Մարիամ Մկրտչյանը գրել էր «հեղափոխության սիմվոլներ»-ի մասին:
«Թավշյա հեղափոխությունն ինձ համար մարդ-հեղափոխություն էր։ Մարդը վերարժևորվում է և վերարժևորում իր կյանքը իր երկրում։ Իմ հոդվածի շեշտադրումն այն է, որ կարևորը ոչ թե «Դուխով» գլխարկն ու շապիկն է, այլ մարդը, որը փոխվում է դեպի լավը և փոխում շրջապատը դեպի լավը։ Առանց մարդու, գործող անձի ամեն ինչ անիմաստ է»,- ասում է Մարիամը:
Երկրորդ մրցանակին արժանացած, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Արփինե Հարոյանը հեղափոխության օրերին օգնում էր EVNreport-ի թիմին։ Ասում է, շատ լարված էր ու էմոցիոնալ, բայց միաժամանակ մեծ էր թիմին օգնելու ցանկությունը։
Նույնիսկ շատ լրագրողներ ունեցող լրատվամիջոցները չէին հասցնում ներկայացնել այն ամենը, ինչ կատարվում էր։ EVNreport-ը, ըստ նրա, կարողացավ իր անգլալեզու լսարանին փոխանցել այդ ամենը նաև Ամերիկյան համալսարանի ուսանողների միջոցով, որոնք դեպքի վայրերից ֆոտո, վիդեո ինֆորմացիա էին ուղարկում Ֆեյսբուքով։
«Մի պահ կար, երբ զգում էինք, որ ոչինչ չենք հասցնում։ Ես հասկացա, որ կարելի է ուղղակի ֆեյսբուքի ստատուս գրել։ Մի առ ժամանակ հետո իմ ընկերները, որոնք հիմնականում Ամերիկյան համալսարանից են, ինձ ուղարկում էին ֆոտոներ, վիդեոներ։ Իրենց շնորհիվ կարողացանք աշխարհին հնարավորինս շատ բան ցույց տալ»,- ասում է նա։
Անձնական պատմության միջոցով Արփինեն փորձում է ասել․ «Եթե դու իրազեկ քաղաքացի ես, զատում ես ճիշտ ինֆորմացիան սխալից, մեդիագրագետ ես ու ունես սմարթֆոն, ինչը համարյա բոլորը ունեն, և կարողանում ես գրել, դու կարող ես օգնել լրատվամիջոցներին։ Այդպես ցանկացած մարդ կարող է մեդիա լինել, ինչպես ասում են՝ քաղաքացիական լրագրող»։
Լրագրողներից ու լրագրության դասախոսներից կազմված ժյուրին ընտրեց «Ես եմ մեդիա»-ի երեք հիմնական մրցանակակիրներին, երկու նյութ էլ արժանացավ խրախուսական պարգևի:
Ստորև մրցանակակիրների ամբողջական ցանկն է.
- 1-ին մրցանակ` Մարիամ Մկրտչյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ)
- 2-րդ մրցանակ՝ Արփինե Հարոյան (ՀԱՀ, հաղորդակցության ֆակուլտետ)
- 3-րդ մրցանակ՝ Նանե Պետրոսյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ)
խրախուսական մրցանակներ՝
- Սարգիս Սարուխանյան (Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա)
- Մարիամ Սարգսյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ)։
Մրցույթը կազմակերպվել էր Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Մրցույթին իր աջակցությունը ցուցաբերեց նաև «Յուքոմ» ընկերությունը։
Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, որտեղ հասանելի են նաև նախորդ երեք մրցույթների լավագույն էսսեները:
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: