2018.09.19,

Տեսակետ

«Երբ քաղաքականության մեջ հայտնվում են կանայք, միշտ հարց է ծագում՝ տեսնես ինչպե՞ս հասան դրան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ու դաշինքների ցուցակում շատ են կին թեկնածուները, որոնք նաև բանավեճերի ու հանրային սուր ելույթների առաջնագծում են:

Հավասար իրավունքների մասնագետ Սևան Պետրոսյանը հետևում է նրանց ելույթներին ու հոլովակներին, ավելի շատ ակնկալելով քաղաքական ժեստեր: Նա ասում է, որ թեև սեռերի իրավունքների տեսակետից ընկալման փոփոխություններ կան, բայց վարքագծի փոփոխություններ չեն գրանցվում:

Իսկ կին քաղաքական գործիչները միշտ կանգնում են ընտրության առջև՝ խաղա՞լ հայրիշխանական խաղի կանոններով, թե՞ փորձել նվաճել սեփական խաղի կանոններով աշխատելու իրավունքը:

Թավշյա հեղափոխության ժամանակ շատ մեծ դեր ունեին երիտասարդ աղջիկները, որոնք ակտիվորեն մասնակցում էին անկանխատեսելի արդյունք ունեցող ակցիաների: Իսկ հետո կորան: Ինչու՞:

Այդպես լինում է միշտ, աղջիկները միշտ ակտիվ են, պարզապես այս անգամ ավելի տեսանելի դարձան, քանի որ նաև սոցցանցերում էին անընդհատ տարածվում երիտասարդ սիրուն աղջիկների պատկերները և ընդգծվում էր նրանց մասնակցությունը: Նրանք եղել են միշտ, պարզապես այս անգամ կար երիտասարդական պայթյուն, և հասարակական գիտակցության մեջ նրանց թույլ տրվեց լինել այդ պայթյունի մասնակիցները, դուրս գալ փողոց ու զբաղեցնել տարածք:

Դա սիրուն էր, հարմար էր, բայց հետո ամեն բան վերադարձավ ընդունված նորմերին:

Իհարկե, փոքր փոփոխություններն ու քայլերն են կոտրում կարծրացած իրավիճակը, և փոփոխությունները պետք է դիտարկել ավելի երկարատև հայացքով:

Կանայք, որոնք հայտնվում էին մեդիայում որպես որոշակի հաջողության հասած քաղաքական գործիչներ, բավականին վանող կերպարներ էին: Կարծես ասվում էր՝ եթե չեք ուզում նրանց նմանվել, ուրեմն մի մտեք քաղաքականություն:

Չգիտեմ, դա դիտավորյալ էր արվում, թե ոչ, բայց արդյունքում այդպես էր ստացվում: Հայաստանի քաղաքականության մեջ միգուցե նաև որպես սովետական հետք, հենց այդպիսի կին քաղաքական գործչի կերպարներ էին օգտագործվում:

Պիտի կամ լինես «անհրապույր» (պաշտպանես մարմինդ), կամ՝ խաղաս տղամարդկանց օրենքներով:

Հայաստանի քաղաքական կյանքում միակ բացառությունը Արփինե Հովհաննիսյան էր: Որպես քաղաքացի-սպառող ես նրա երկրպագուն չեմ, բայց նրա հայտնվելը քաղաքական դաշտում բեկումնային էր: Նա նոր տիպար էր: Բայց տեսանք, թե ինչպես մեր աչքի առջև նա սկսեց փակվել՝ խոսել արհամարհանքով, դառնալ ագրեսիվ:

Կա մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Արփինեն իջնում աստիճաններից, իսկ տղամարդիկ ԱԺ-ում նայում են նրա հետևից: Դա շատ ակնառու պատկեր է, որը կարծում եմ՝ շատ երիտասարդ աղջիկների համար փակեց քաղաքականություն մուտք գործելու հավանականությունը:

Մեծ հաշվով տղամարդկանց օրենքներով խաղալ գիտենք բոլորս (ի վերջո, այդպես ենք ապրում և դա համարվում է դասական քաղաքականություն), բայց երբ հարցը հասնում է մարմնին և դրա բացահայտ շեշտադրմանը հանրային վայրերում, արդեն չես ուզում այդ խաղի մեջ մտնել:

Երբ քաղաքականության մեջ հայտնվում են կանայք, միշտ հարց է ծագում՝ տեսնես նա ինչպե՞ս հասավ դրան, ինչ-որ մեկի բարեկա՞մն էր, սիրուհի՞ն կամ այլ մի բան (այդպես էր Արփինեի դեպքում): Իսկ, օրինակ, Լենա Նազարյանն արդեն հայտնվեց որպես այլ մշակույթ կրող կուսակցության անդամ:

Վստահ եմ, որ նա տարբեր տեղերում զգում է իր հանդեպ խտրական վերաբերմունք, բայց պատրաստ է անցնել դրա միջով, քանի որ ընտրություն է արել:

Արտաքինը, կերպարը պարտադրվող են հատկապես կանանց համար:

Երբ Նաիրա Զոհրաբյանը վարչապետի ընտրության օրը, մայիսի 1-ին, հագավ գունավոր, ճչացող զգեստ, նա արժանացավ արձագանքների, որոնք քաղաքական առանձնահատկություն ունեին: Տղամարդկանց հարմարեցված կոստյումի ոճի ու գույների փոխարեն նա անհասկանալի ու անսպասելի էր: Ու արձագանքները չուշացան:     

Կամ էլ ընդհանրապես չես կարևորում արտաքինը, շպարը, կարծես ուղերձ հղելով զրուցակցին՝ ինձ համար միևնույն է, թե ինչ կարծիքի ես իմ տեսքի մասին, ավելի լավ է լսիր խոսքերս: Տեսնում ես ու որոշում, թե ինչն է քեզ պարտադրվում ու, թե որքան կարող ես դրան դեմ գնալ: Մեծ հաշվով հեղափոխությունը դա է:

Այս բոլոր կանայք, ուզեն թե չուզեն, քաղաքական դաշտում են և ունեն իրենց նայողներ ու հետևողներ: Այդպես է ամեն ինչը քաղաքական դառնում:

Մնում է, որ իրենք դա գիտակցեն, դարձնեն բանաձև ու մի օր կրկին վերադարձնեն հասարակությանը:

Մեծ հույսեր ունեմ, որ գալիք ընտրություններում մի քանի վառ կանայք կլինեն:

Երևանի ավագանու ընտրություններին շատ կանայք են մասնակցում: Դա լա՞վ է:

Ես հատուկ հետևել եմ քաղաքապետի թեկնածու կանանց նախընտրական հոլովակներին ու ելույթներին:

Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակում 51 տոկոսից ավելին կանայք են: Նա իրեն ու իր շրջապատի կանանց զորեղացնում է, բայց այդ զորեղացումը չի դարձնում քաղաքական թեմա: Զարուհուց հազվադեպ կարող ենք լսել կանանց իրավունքների մասին: Կարող է ասել, որ իրեն ավելի շատ հետաքրքրում են լայն իմաստով մարդու իրավունքները, արդարությունը, կոռուպցիայի վերացումը և այլն (նաև ազգային թեմաներն են շեշտադրված): Բայց քանի որ նա չի քաղաքականացնում կանանց օրակարգը, դիմում է նեղ շրջապատին:

Այդ պատճառով էլ նա ստիպված է անհասկանալի տեքստով նախընտրական ուղերձներ հղել:

Օրինակ, նրա հոլովակում շեշտադրվում է՝ նա կին է, նույնիսկ այդ դեպքում ոստիկանները նրա վրա ձեռք բարձրացրեցին:

Իսկ դրա ամենաբնական պատասխանը կլինի սա՝ եթե կին ես, իմացիր քո տեղը, տանը մնա, որպեսզի քեզ վրա ձեռք չբարձրացնեն:

Հասկանալի է, որ եթե Զարուհին դեմ գնա այդ հայրիշխանական դիսկուրսին, միգուցե քվեներ կորցնի, բայց փաստն այն է, որ հասարակության մեծ մասի համար նա միևնույն է շարունակում է մնալ չընդունված տեսակ, և ոչինչ չի անում այդ չընդունված լինելը կոտրելու համար: Շարունակում է անել նույնը, միգուցե այն հույսով, որ մարդիկ ժամանակի ընթացքում կսովորեն իրեն:

Իմ կարծիքով՝ հրաշալի քաղաքական գործիչ է Նաիրա Զոհրաբյանը: Նա էլ Զարուհու պես կանանց առնչվող որևէ հարց չի քաղաքականացնում:

Երբ նա կոչ արեց ընդդիմադիր տղամարդ թեկնածուին՝ ասելով «Տղա ես, արի բանավիճենք», նույնպես խաղաց հայրիշխանության օրենքներով, խոսեց նրանց բառապաշարով, թերևս խոսքը ազդեցիկ ու հասցեական դարձնելու համար, ու չնկատեց էլ, թե ինչպես է հենց ինքն իրեն վնասում:

Հետաքրքիր է, որ «Իմ քայլը» դաշինքն ամենաքիչ թվով կանանց է ներգրավել ցուցակում, թեև նրա կազմում կան կանայք, որոնք առնվազն կարող են կանանց իրավունքների մասին քաղաքական տեքստեր ասել:

Երևանի ավագանու ընտրությունները փորձում են քաղաքացիական հասարակության ընկալումներում շատ բան փոխել: Ցուցակներում մարդիկ են, որոնց ներկայությունը ընտրություններին մի քանի ամիս առաջ անիրական էր թվում:

Ինչպե՞ս է անձնականը դառնում քաղաքական:

Եթե անձնականը քաղաքական օրակարգ չես դարձնում (այսինքն, ավելի խորը չես դիտարկում)՝ թողնելով որ այն մնա որպես առանձին երևույթ, ադաթ, մասնավոր ձեռքբերում, եզակի դեպք, հարցը շարունակում է մնալ հարց:

Խնդիրը ոչ թե խտրականությունն ու բռնությունն է, այլ օրենսդրական փոփոխությունների խթանումը:

Ասենք, երբ ձևավորվում է բյուջեն, քննարկվի, որ պետք է կանանց առողջությանը ուղղված հատկացումները բարձրանան: Ոչ միայն խոսվի մայրության (մայրությունը սրբություն է, իսկ կինը զինվոր ծնող), այլ հենց կնոջ մասին:

Կանանց տեսանկյունը լսելի չէ: Իհարկե, հասկանում եմ, որ Հայաստանում ֆեմինիստական շարժումը ամենահասկացված ոլորտներից չէ, և նաև դա է պատճառը, որ շատ կանայք խուսափում են մտնել քաղաքականություն՝ մտածելով, որ այն կեղտոտ է, հայրիշխանական է, օգուտ չունի, և սկզբունքային մարդկանց տեղը չէ:

Եվ ստացվում է, որ եթե չես մտնում այդ տաժանակիր, երկարատև և երբեմն ապարդյուն թվացող աշխատանքի մեջ, փոփոխություններն ավելի ուշ են ի հայտ գալիս:

Լրատվամիջոցները հաճախ գրում են ընտանեկան բռնության ու հատկապես կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին: Մեդիային դա հետաքրքի՞ր է:

Ծեծը, անգամ կանանց սպանությունը ընտանիքներում մեդիայում ներկայացնելը «հեշտ» է, քանի որ դա հուզում, ցավեցնում է լսարանին: Ակտիվ էր լուսաբանվում նաև սելեկտիվ աբորտների թեման:

Երբ հայտնաբերվեց, որ Հայաստանում ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ, դա ազդեցություն թողեց, քանի որ այդ տվյալները հավաքագրել էր ոչ թե կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունը, այլ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, որը վիճակագրական տվյալները հասարակությանը «վաճառելու» համար սկսեց շեշտել, որ այսքան կին չի ծնվել, այսքան մայր չի ծնվել:

Հիմա շատերը գիտեն, որ սելեկտիվ աբորտները ակտուալ թեմա է, բայց հարցը միայն սոցիալականը կամ ժողովրդագրականը չէ, այլ այն, որ Հայաստանում կին լինելը պակաս նախընտրելի է, իսկ տղամարդկայինը ձեռնտու է, շահավետ:

Ծնողներն ուզում են, որ իրենց երեխան ապահով մեծանա, և կարևորում են, թե ինչ կմտածեն նրա մասին: Դա սոցիալական նորմ կոչվածն է, որը չգիտենք, թե որտեղ է սկսվում և որտեղ վերջանում, բայց մեծ հաշվով դա ամենազորեղ բանն է: Բոլոր հասարակություններում դրանով են ապրում, շնչում ու փող աշխատում: Նորմից շեղումը պատժվում է մարգինալությամբ, մեկուսացմամբ:

Օրինակ, տանը կնոջը օգնելը համարվում է թուլության նշան: Դեռ ոչինչ, եթե օգնելը ոչ ոք չի տեսնում: Տղամարդը կարող է անգամ լվացք անել, բայց լվացքը երբեք չի կախի պարանին, քանի որ դա արդեն կարող են դրսից տեսնել:

Շատ են կարծրատիպերը: Թվում է, որ Աննա Հակոբյանի հետ հարցազրույցը կարող էր տարբեր լինել: Լրագրողը նրան նաև այսպիսի հարցեր էր տալիս՝ վախեցա՞ք, երբ ձերբակալեցին ձեր ամուսնուն, ընդհանրապես մտահոգվու՞մ ենք նրա մասին և այլն: Եվ դա հարցնում են ինքնաբավ կնոջ, որը միևնույն է ընկալվում է որպես կցորդ: Դա՞ է հետաքրքրում լսարանին:

Առաջին տիկինները թերևս ընկալվում են որպես կցորդ, Աննան դեռ լավագույն օրինակներից է: Խնդիրը հարցերն են: Լրագրողը կարող է բոլորովին այլ հարցեր տալ:

Ես էլ նայել եմ սպորտի և երիտասարդության փոխնախարար Քրիստինե Ասատրյանի հարցազրույցը, որտեղ լրագրողը կրկին հարցնում էր՝ ինչպե՞ս է ամուսինը վերաբերվում նրա աշխատանքին և ինչպե՞ս է նա հասցնում խնամել երեխային: Այսինքն, անընդհատ խոսվում է կարիերան ու ընտանիքը համատեղելու և պատնեշներ ջարդելու մասին:

Արդյունքում, կնոջը թույլ է տրվում նոր տարածք զբաղեցնել ամուսնու շնորհիվ:

Շատ կանայք հենց դա են համարում ձեռքբերում՝ իմանալով, որ եթե իրենց ամուսինը աջակցող չլիներ, նրանք չէին կարողանա հասնել հաջողության: Եվ իրոք, չէին կարողանա:

Ճիշտ կլիներ, եթե կինը հարցներ լրագրողին՝ իսկ դուք նման հարց կտայի՞ք տղամարդ պաշտոնյային: Բայց դա չի արվում, քանի որ լրագրողի հետ սրված հարաբերություններ ունենալը ցանկալի չէ, ի վերջո, մեդիան ամենազորեղ գործիքներից է:

Քաղաքականության մեջ եղած կանանց մեծ մասը առնվազն չէր ցանկանա առանձնանալ:

Համոզված եմ, որ նրանք շատ լավ գիտեն խնդիրները, բայց չեն փորձում միասին աշխատել, քանի որ դա շատ դժվար է:

Օրինակ, խորհրդարանի կանայք (անկախ կուսակցություններից) կարող են ձևավորել աշխատանքային խումբ ու կանանց թեման մտցնել օրակարգ: Իհարկե, կլինեն այնպիսի պատգամավորներ, որոնք կասեն՝ սեռը կարևոր չէ, մարդը մարդ լինի: Բայց  մենք հո՞ գիտենք, որ կյանքում այդպես չէ:

Կարծրատիպերը ստեղծվում են անհավասարության պայմաններում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *