«Ահաբեկչության» նոր տեսակ՝ չստուգված հրապարակումներ

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

«Շատ կարևոր հաղորդագրություն. ահաբեկչության նոր տեսակ» վերնագրով հոդված է հրապարակվել 168․am կայքի բլոգային էջում, որը կարող է անհիմն խուճապ առաջացնել լսարանի մոտ։

Հղում կատարելով «Հիվանդությունների վերահսկման կենտրոն» անհայտ կազմակերպությանը, հաղորդվում է, որ բանկոմատներում և հասարակական տրանսպորտում սկսել են հայտնվել ասեղներ, որոնք մարդկանց ՄԻԱՎ-ով վարակելու համար են.

«Խնդրում ենք, եղեք չափազանց ուշադիր, զգույշ: Հասարակական տրանսպորտի բոլոր նստարանները ուշադիր զննեք, նոր նստեք, որ հանկարծ ասեղի վրա չնստեք, քանի որ դրանք իրենցից վտանգ կարող են ներկայացնել: Սա ահաբեկչության նոր տեսակ է, վարակված ասեղի միջոցով տարածելու ՄԻԱՎ հիվանդությունը: Մահացու հիվանդությամբ վարակվածները կորցնելու բան չունեն՝ վրեժ են լուծում»:

Եթե տեքստն ուղիղ հասկանանք, ապա այն պետք է ընկալենք որպես Հայաստանում տեղի ունեցող ահաբեկչության մասին ահազանգ։ Նշված չէ՝ խոսքը ո՞ր երկրի մասին է։

Հայաստանում գործում է մի ՊՈԱԿ, որի անվանումը շատ նման է տեքստում նշված Հիվանդությունների վերահսկման կենտրոնի անվանը։ Այն կոչվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն։ Իրականում ՀՎԿԱԿ-ը նման հաղորդագրություն չի տարածել։

Իսկ հոդվածում նշված Հիվանդությունների վերահսկման կենտրոնը խնդրում է, որպեսզի այս հաղորդագրությունը մարդիկ տարածեն որքան հնարավոր է շատ, մարդիկ տեղեկացված լինեն «պոտենցիալ վտանգի» մասին:

Որպես ասվածի ապացույց, տեքստում ներկայացվում է Դելի քաղաքում իբրև թե տեղի ունեցած ողբերգական մի դեպք:

«Նշանադրված աղջիկը նստելով ավտոբուս, ոտքի ծակոց է զգացել և գրություն է տեսել. «Ողջույն, բարի գալուստ ՄԻԱՎ-ով հիվանդների համաշխարհային ընտանիք»: Բժիշկները հայտնել են ընտանիքի անդամներին, որ վարակը գլուխ կբարձրացնի մի քանի ամսից, իսկ կյանքը կսահմանափակվի 5-6 տարով: Սակայն հոգեբանական ցնցումն իր գործն արել է, և աղջիկը մահացել է երկու ամսվա ընթացքում: Մենք բոլորս պետք է լինենք ուշադիր, օգնենք միմյանց, մնացածը՝ Աստծո կամոք: Դուք կարող եք կյանք փրկել՝ զգուշացնելով»,- ահա այսպիսի ահասարսուռ պատմություն է ներկայացրել 168.am-ն իր ընթերցողներին:

Հոդվածի վերջում նշված է աղբյուրը՝ jellyroom.su, որը չունի հետադարձ կապ, գրանցման հասցեն անհայտ է, չկան հեղինակներ, ինչը նշանակում է, որ բացակայում է նաև պատասխանատվությունը։

Սույն կայքը հագեցած է կասկածելի տեղեկատվությամբ, ինչ-որ հրաշագործ բաղադրատոմսերի և անվանիների մասին «սենսացիոն» հոդվածներով։

Ռուսական ֆորումներում քննարկվում են «ՄԻԱՎ-ով վարակված ասեղների» ահազանգերը։ Թեման անգամ բժիշկների մասնագիտական դաշտում է քննարկման դրվել։

Լրատվամիջոցը կարող էր հաշվի առնել, որ նույնիսկ թարգմանելու դեպքում՝ աղբյուրի հավաստիությունը ճշտելու, փաստերը ստուգելու պարտականությունն ու պատասխանատվությունն իր վրա է։

Ընթերցողը վստահում է լրագրողին, նրան ընկալում է որպես ինֆորմացիայի տարածող, ինչը նշանակում է, որ պետք է ստուգել սկզբնաղբյուրները՝ որևէ հրապարակում վերահրապարակելու համար։ Հատկապես երբ խոսքը անհայտ ծագման կայքի մասին է։

Ստուգելու մի քանի միջոցներ կան, դրանցից մեկն էլ ուղղակի կայքի դոմեյնի վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է։ Ըստ who.is կայքի, jellyroom-ը գրանցված է անհայտ հասցեում, անհայտ օգտատերերի կողմից։

 

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *