Մեր մասին
Media.am-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն գործում է 2001թ.-ից: Տարիների ընթացքում Media.am-ի արտաքին տեսքը մի քանի անգամ փոխվել է, ավելացվել են նոր բաժիններ, փակվել են հները, սակայն կայքի հիմնական առաքելությունը մնացել է նույնը՝ պատմել Հայաստանի մեդիա զարգացումների մասին, ներկայացնել և քննարկել լրագրողների, լրատվամիջոցների և խոսքի ազատությանը վերաբերող խնդիրները, իրադարձություններն ու միտումները:
Media.am-ը հարթակ է, որտեղ բանավեճ է ընթանում Հայաստանում մեդիա ոլորտի մասին: Մենք փորձում ենք զարգացնել մեդիա քննադատության ժանրը: Մեդիագրագիտությունը media.am-ի կարևոր ուղղություններից է։ Փաստերի ստուգման ժանրը, որպես մեդիագրագիտության կարևոր մասն, ներկայացված է media.am-ում։
Կարգախոսը
Media.am-ի կարգախոսն է «Մարդիկ են մեդիան»: Մարդիկ են ձևավորում մեդիա միջավայրը, իսկ նոր զարգացումների արդյունքում (նոր մեդիա միջավայրում) յուրաքանչյուր մարդ կարող է ինքը մեդիա պատմություն ստեղծել, տարածել, քննարկել:
Բովանդակությունը
Նյուսրում-ը Media.am-ի լուրերի սենյակն է: Այստեղ ներկայացված են մեդիա դաշտի նորություններն ու հիմնական իրադարձությունները:
Տեսակետ-ում կգտնեք հարցազրույցներ մեդիա դաշտի մարդկանց, քաղաքականություն իրականացնողների հետ:
Քննադատ-ը մեդիա վերլուծությունների սենյակն է: Հեղինակային հոդվածներ, որոնք կփորձեն ակտիվացնել Հայաստանում և աշխարհում մեդիա միտումների, զարգացումների վերաբերյալ խոսակցությունը:
Vox Populi-ին ժողովրդական մեդիավերլուծության տեղն է: Այստեղ մեդիայի հետ քիչ առնչություն ունեցող մարդիկ քննարկում և քննադատում են մեդիան: Այս բաժնի հեղինակ դառնալ ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեով:
Լաբորատորիա-ն մեր ուսումնական սենյակն է: Այստեղ տեղադրվում են լրագրողական գրքեր, մեդիայի տարբեր ոլորտների ու նորարարությունների մասին պրեզենտացիաներ, մեդիա թեմատիկայով լավագույն դասախոսությունների վիդեո և աուդիո տարբերակներ:
Հայտարարություն-ը լրագրողների համար կրթական, վերապատրաստման, փոխանակման ծրագրերի մասին հայտարարությունների, լրագրողական մրցույթների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման տեղ է:
Խաչմերուկ բաժինը հակամարտությունների լուսաբանման մասին հոդվածների համար է։ Այստեղ վերլուծվում է մեդիայի անդրադարձը տարածաշրջանային կոնֆլիկտներին։ Հրապարակվում են ոչ միայն հայ, այլև վրացի ու ադրբեջանցի հեղինակների հոդվածներ։
Ստուգված է: Փաստերի ստուգման թիմը բացահայտում է ապատակեղեկատվության դեպքերը։ Բաժնում նորությունների, պատկերների և տեսանյութերի ստուգման դեպքեր են, Հայաստանում ու Հայաստանի մասին կեղծ լուրերի տարածման ու դրանց մասին իրականությունը ներկայացնող պատմություններ։
Պատկեր բաժնում տեղադրում ենք լուսանկարներ մեդիայի, մեդիայի աշխատանքի, ասելիքի մասին:
Դեպքի վայրում բաժին լրագրողի աշխատանքի ու լրագրողի կերպարը ներկայացնող վիդեո պատմությունների շարք է։
Գրադարանում բաժինը շաբաթական կտրվածքով վիդեո հարցազրույցների շարք է՝ զրույցներ մեդիայի մասին, ընթացիկ մեդիա իրադարձությունների քննարկում։
Ռեինֆորմացիա բաժնում ներկայացնում ենք Հայաստանում սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող փոփոխություններին մեդիա արձագանքը:
Քարտադարանը տեղ է բացատրական լրագրության համար՝ այն բարդ տեղեկատվությունը ներկայացնում է պարզեցված հարցերի և պատասխանների տեսքով:
Էնցիկլոմեդիա բաժինը մեդիագրագիտության մասին փոդքասթների շարք է։
Մենք ունենք հայկական լրատվամիջոցների տվյալների դասակարգված բազա:
Մեկնաբանություններ և մոդերացիա
Media.am-ում ընթերցողների մեկնաբանությունները հրապարակային են դառնում մոդերացիայից հետո: Մեր ընթերցողներին կոչ ենք անում անստորագիր մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես զրուցում:
Կոչ ենք անում հայերեն հոդվածները մեկնաբանել հայատառ հայերենով:
Չենք հրապարակում հայհոյանք, ոչ նորմատիվ բառապաշար, անձնական վիրավորանքներ, սպառնալիքներ, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները:
Աջակիցները
2014 – 2022 թթ-ին կայքը գործել է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ։ Այս ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ։
2010 թ-ին media.am-ը վերակառուցվել և մինչև 2014 թվականի ապրիլն աշխատել է ԱՄՆ ՄԶԳ միջոցով իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:
2014թ-ի ապրիլ-հոկտեմբեր ամսիներին կայքը գործել է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի աջակցությամբ:
Կայքի «Խաչմերուկ» բաժինը ստեղծվել է Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ:
Կայքի գործող տարբերակը ստեղծվել է Ինտերնյուսի «Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) աջակցությամբ։