Լուսաբանել նախագահին. գյումրեցի լրագրողների մեկնաբանությունները

06.09.2012, Նյուսրում

«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների լրագրողները, Շիրակի մարզում «Ազատություն» ռադիոկայանի եւ «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցները համարում են, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակիցներն իրենց նկատմամաբ անարդար են վարվել: Նրանց կարծիքով՝ սեպտեմբերի 4-ին Գյումրիի նորակառույց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի բացման արարողության ժամանակ տեղական  լրատվամիջոցների նկատմամբ խտրականություն է ցուցաբերվել: Նրանց չեն թույլատրել մասնակցել ՀՀ նախագահի ճեպազրույցին, ով մասնակցում էր Գյումրիի հիվանդանոցի բացման արարողությանը:

Իրադարձությունը լուսաբանող լրագրողներին տեղեկացրել էին, որ  Սերժ Սարգսյանը հարցերի չի պատասխանելու: Տեղում գտնվող գյումրեցի լրագրողները325 որոշել են սպասել մինչեւ Հայաստանի նախագահը բարձրաստիճան հյուրերի ուղեկցությամբ դուրս կգա շենքից: Մտածել են, որ գուցե հնարավոր կլինի զրուցել այլ պաշտոնյաների հետ:

«Մի պահ եղավ, որ «Շանթ» հեռուստաընկերության աշխատակիցներին ներս տարան: Սկզբից չհասկացանք ինչ է կատարվում: Հետո, երբ հիվանդանոցից դուրս եկան երեւանյան լրագրողները, իմացանք որ նախագահի հետ հարցազրույց է եղել: Մենք նախագահի մամուլի պատասխանատուին հարցրեցինք, թե այդ դեպքում ինչու մենք չենք զգուշացվել ու ստացանք պատասխան, որ իբրեւ թե ներսում տեղ չար, դրա համար մեզ չեն կանչել» ,- պատմում է «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթակից Սոնա Առաքելյանը:

326«Կարծում եմ տեղի նեղվածքի խնդիր չկար,- ասում է «Առավոտ» օրաթերթի Շիրակի մարզի թղթակից Նունե Արեւշատյանը,- ընդամենն ուզում էին, որ հարցազրույցին մասնակցեին «կանխատեսելի» լրատվամիջոցների ներակայացուցիչները: Ենթադրում եմ, որ մեր կողմից հնչեցվող մի շարք հարցերի նախագահը չէր ցանկանա պատասխանել: Հարցերը Գյումրիում տեղի ունեցած վերջին հանցավոր դեպքերին ու դրանց հեղինակների մասին էին լինելու» :
«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Քրիստինե Մկրտչյանին զայրացրել է այն փաստը, որ երեւանյան լրագրողներին վաղօրոք ուղեկցել էին ասուլիսի սենյակ, իսկ «Շանթի»  թղթակցի հետեւից անձամբ եկել է Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության պատասխանատուններից մեկը եւ նրան տարել ներս:

«Ես անձամբ, դեռ բացումը չսկսված, մոտեցել եմ Նանային (խմբ. Խոսքը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակից Նանա Զաքարյանի մասին է) ու հայտնել, որ ցանկանում եմ նախագահին հարց տալ: Ուզում էի հարցնել, թե ինչու են հիմա հիշել, որ կրիմինալը խեղդել է Գյումրին ու պետք է միջոցներ ձեռնարկել: Ինչո՞ւ ավելի շուտ չէին անում,- պատմում է Քրիստինե Մկրտչյանը,- Նանան ինձ խնդրեց չմոտենալ նախագահին ու հարցեր չտալ, այլապես ինքը խնդիրներ կունենա»:

Անտեսված գյումրեցի լրագրողները տեղում բացատրություն են պահանջել Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվության հարցերով պատասխանատուներից:327
«Նանան էլ իբր մեզ հանգստացնելով՝ հայտարարեց, թե մենք ձեզ կադրերը կտանք, հարցազրույցն էլ կտանք: Հարց. Էդ դեպքում էլ ինչու՞ են մեզ հրավիրում, եթե լրիվ իրենք են անելու: Թող գան հեռուստատեսությունում էլ տեքստը կարդան, նյութը մոնտաժեն ու գնան»,- ասում է Քրիստինեն:

Տեղի ունեցած միջադեպին արձագանքել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Ակումբը  ՀՀ Ոստիկանապետից  պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասի հատկանիշներով. «…1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը...»

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից պատասխանել են «Ասպարեզ»-ի հայտարարությանը: Panorama.am-ում տեղադրված մեկնաբանության մեջ նշվում է , որ «Ճեպազրույցը տեղի է ունեցել Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի փոքրիկ նախասրահում, հետեւաբար՝ բուժվողներին հնարավորին քիչ անհանգստացնելու նպատակով եւ տարածքի սահմանափակության պատճառով մի քանի կարճ հարցեր տալու հնարավորություն են ունեցել միայն հանրապետական հեռարձակում ունեցող մի քանի հեռուստաընկերությունների լրագրողներ»:

«Ասպարեզ»-ն էլ տարածել է երկրորդ հայտարարությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմից պահանջելով  պատշաճ բացատրություն:

Երանուհի Սողոյան, Գյումրի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?